Четверг, 25.04.2024, 07:04Приветствую Вас Гость

Պատանի Պատմագետների Ակումբ

Блог

Главная » 2013 » Март » 28 » Ծերենցը հավատում էր «անարյուն հեղափոխությանը»
01:54
Ծերենցը հավատում էր «անարյուն հեղափոխությանը»
Ծերենցը հավատում էր «անարյուն հեղափոխությանը»

Հայ ականավոր գրող, պատմառոմանտիկական վեպի հիմնադիր, հասարակական գործիչ, հրապարակախոս Ծերենցը (Հովսեփ Շիշմանյան) շուրջ 40 տարի անձնվիրաբար պայքարել է Թուրքիայում տիրող հետամնացության դեմ, պրոպագանդել եվրոպական լուսավորություն: Ծերենցի վեպերը ազգային ազատագրության ոգեշունչ գողափարներով տասնամյակներ շարունակ խանդավառել են ժողովրդի միտքն ու զգացմունքները:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ռ. Նանումյանի «Ծերենց» (Կյանքը և գործը) գրքից մեկ փոքրիկ հատված:

1870-ական թթ. առաջին կեսին թուրքական դիվանագիտությունը եվրոպական մեծ երկրների, հատկապես Անգլիայի աջակցությամբ վարում է երկակի քաղաքականություն հայերի նկատմամբ: Առերես խաղաղասիրություն ներկայացնելով, նա նախապատրաստում էր այն ծրագրերը, որոնք հետագայում իրականացրին` անընդհատ կազմակերպելով կոտորածներ: Դեռևս 60-ական թթ. Թուրքիայի մեծ վիզիր Ալի փաշան լայն գործունեություն սկսեց Զեյթունի ապստամբությունից հետ պետության մտադրություններն իրականացնելու ուղղությամբ: Ծերենցը նրա քաղաքականությունը համարեց «մետերնինքյան» և նրա անվան հետ կապված «Արևելյան քաղաքականությունը»` հղի հայերի համար վտանգավոր հետևանքներով:

Մահմուդ փաշային նվիրված հոդվածում Ծերենցը հիշատակում է Ալի փաշայի` դեռևս 60-ական թվականներին ասված մի խոսքը, թե հայերը, եթե դժգոհ են թուրքական պետությունից, թող հեռանան երկրից: «Իբրև թե դյուրին էր հայերուն ջրհեղեղեն ի վեր յուր հայրենիքը կոշիկներուն մեջ դնիլ տանիլ, ըստ հռչակավոր զրուցվածին», - հայտարարում է Ծերենցը:

«Ալի փաշան և Արևելյան խնդիր» հոդվածում Ծերենցն անդրադառնում է եվրոպական մեծ պետությունների կողմից սեփական շահերի համար հորինված «Արևելյան հարցին»: Ծերենցի դիտողություններն ու եզրակացությունները հավաստում են նրա քաղաքական սրատեսությունը;

Մեռնում է Ալի փաշան: Եվրոպան նրան է վերագրում դարասկզբի հրապարակի վրա արծարծվող «Արևելյան հարցի» բոլոր տեսակի խափանումները: Սակայն հոդվածագիրը հարցը քննում է ավելի լայն առումով` բացահայտելով եվրոպական քաղաքականության ողջ կեղծիքը: Միայն «Արևելյան խնդրի» արծարծումով չի վերջանում օտարերկրյա լծի տակ տառապող ժողովուրդների հարցը, գրում է Ծերենցը: Եթե կա «Արևելյան հարց», կա և «Հյուսիսային հարց», «Արևմտյան հարց» և այլ հարցեր, որոնք դուրս են մնում եվրոպական դիվանագետների ուշադրությունից, քանի որ ձեռնտու չեն նրանց, դիտում է հայ հրապարակախոսը:

Քաղաքական այս իրադրության քննությանը զուգահեռ Ծերենցն անդրադառնում է Ալի փաշայի ներքին և արտաքին քաղաքականությանը: «Կերթան մեջիդներ, ֆուատներ, ալիներ` իմաստուն, սրամիտ և հանճարեղ մարդիկ, ինչպես և աշխարհ բոլոր կվկային. կնայիս իրենց գործքին վախճանը արդյանց պզտիկությունը և իրենց ձգած հետքին վրա` կտեսնես դարձյալ ո՜չինչ, ո՜չինչ, ո՜չինչ …»:

Նույն թվականին Ծերենցը «Մասիսում» տպագրում է Ալի փաշային հաջորդած «Մահմուդ փաշայի շրջաբերականը» հոդվածը: Նրան գրավում են եվրոպական ձևով գործել ցանկացող մեծ վեզիրի առաջարկությունները` ուսումնասիրել երկրի վիճակը և ըստ այնմ գործել: Ժողովրդին պետք է «խնամել» առանց կրոնական խտրության, առանց ազգային տարբերությունների, հայտարարում է Մահմուդ փաշան: Ծերենցը այդ առիթով դիտում է. «Այս երկրին միմիայն բարոյական կապն արդարությունն է, վասնզի երկրի մը բնակիչքը, երբ այսչափ այլասեռ, այլակրոն և այլալեզու ազգերեն կկազմվին, թե որ կապ մը կա զիրենք իրարու հետ կապելու – Արդարությունն է»:

Ծերենցն ուզում է հավատալ, թե նոր վեզիրը կկարողանա իրականացնել իր ծրագրումները: Ուստի նա ողջունում է Մահմուդ փաշայի վճիռը` ծանոթանալ երկրի վիճակին, ապա ձեռնարկել միջոցներ ժողովրդի տնտեսական պայմանները բարվոքելու նպատակով:

Ծերենցի համար կարևորն այն չէ` միապետությո՞ւն է տվյալ երկրում, թե` հանրապետություն, այլ այն, թե արդարության ինչպիսի չափանիշներով է նա ղեկավարվում:

«Անսահման ազատությունը ինչչափ տարապայման ըլլա, երբ ուրիշի իրավունքը և ազատությունը չի բռնաբարեր, չի հափշտակեր, օրինավոր է և միմիայն օգտակար ժողովրդոց և առանց անոր առաջադիմություն չի կրնար ըլլալ: Ամեն իմաստուն կառավարություն, որ հայրական է, պարտավորություն ունի այդ ազատությունը չէ թե միայն չի վտարելու այլև տածելու սնուցանելու իր գրկին մեջ` հօգուտ աշխարհին և հայրենյաց»:

Ծերենցը հավատում էր, թե իրոք հնարավոր է «անարյուն հեղափոխությամբ» բարեփոխել երկրի վիճակը, ստեղծել ժողովրդի համար տանելի պայմաններ: Նրա կարծիքով Օսմանյան պետության մեջ հակասությունները և անօրինությունները բխում են ոչ թե կրոնական տարբերությունից, այլ երկրի հետամնացությունից և ժողովրդի տգիտությունից: Նկատի առնելով Մահմուդ փաշայի նոր նախագծումները երկրի տնտեսական բարենորոգումների ուղղությամբ, Ծերենցը կարևոր է համարում ոչ միայն ժողովրդի վիճակի ուսումնասիրությունը, այլև նոր օրերնքների և դրանց կիրառման ուղիների որոնումները:

1872 թ. նորից անդրադառնալով Մահմուդ փաշայի գործունեությանը, Ծերենցը գոհ է, որ մեծ վեզիրը գավառներ է ուղարկել լրագրողներ, որոնք պետք է տեղեկություններ հաղորդեն մամուլին և իրեն` Մահմուդ փաշային` երկրի վիճակի մասին: Համարելով այդ հանրապետական ու համաժողովրդական գործ` Ծերենցը լրագրողների ուշադրությունն է հրավիրում Կիլիկիայի և Տարսոնի ներկա վիճակի վրա. երբեմնի արգավանդ հողերն այսօր չորացել կամ ճահիճների են վերածվել, տիրողների կամայականությունները անչափելի են: Մամուլը պետք է ուշադրությամբ քննի բերված բոլոր փաստերը և արդար որոշումներով փրկի երկիրը օրհասական վիճակից:

Ծերենցի ամեն մի հոդված լի է գավառից վերցված փաստական տվյալներով: Անձամբ շրջելով գյուղերը, նա խորհուրդ է տալիս պետության ներկայացուցիչներին` պայքարել չարաշահումների, կողոպուտների և նախապաշարումների դեմ: Երկիրը տառապում է հետամնացության և խավարի ճիրաններում, հարկավոր է փրկել ժողովրդին: Իր դիտարկումների մեջ հայ լուսավորիչը չի սահմանափակվում միայն հայ գյուղացու վիճակով, նրա տեսադաշտում են նաև տնտեսապես քայքայվող թուրք, քուրդ և այլազգի ժողովուրդները: Հենվելով բնականոն զարգացում ապրած եվրոպական ժողովուրդների փորձի վրա, Ծերենցը համոզված էր, որ համառ պայքարը ֆեոդալական քայքայված երկրում կարող է կարգավորել շատ հարցեր, լուսավորության անունով իրականացնել տնտեսական ուժերի կազմակերպման և միավորման գործը` օրենքի ուժով մեղմացնելու համար գյուղացու ծանր վիճակը:

Просмотров: 624 | Добавил: Արայ | Теги: Ծերենցը հավատում էր «անարյուն հեղափ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Архив записей
Наш опрос
Գնահատեք Մեր Աշխատանքները
Всего ответов: 172
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz