Вторник, 19.03.2024, 08:59Приветствую Вас Гость

Պատանի Պատմագետների Ակումբ

Блог

Главная » 2013 » Апрель » 3 » Մուսա լեռան հերոսամարտը
01:52
Մուսա լեռան հերոսամարտը
Մուսա լեռան հերոսամարտը՝ 1915-ի հուլիս– սեպտեմբերին, թուրքական բռնապետության դեմ հայ ժողովրդի մղած դարավոր ազատագրական պայքարի առավել փայլուն ու լուսավոր էջերից է։ Մուսալեռցի հայերի պատմական սխրանքը իր ուրույն ու անփոխարինելի տեղն ունի հայոց հազարամյա տարեգրության մեջ։ Միաժամանակ, անցած տասնամյակների ընթացքում Մուսա լեռան հերոսամարտը ընկալվեց իր ողջ իմաստով ու նշանակությամբ, իր ընդհանրացնող ուժով, իր արտասովոր օրինակով։ Ժամանակը հաստատեց այն ճշմարտությունը, որ ի վերջո ոչինչ չի մոռացվում և ոչ ոք չի մոռացվում և Մուսա լեռան գոյամարտն ու նրա հերոսները իրենց արժանի տեղը գրավեցին և մեր ժողովրդի պատմության, և մարդկության հիշողության մեջ։
Սակայն նախքան քաջարի մուսալեռցիների մղած օրհասական կռվի պատմական դասերին անցնելը փորձենք գծել այդ հերոսամարտի ընդհանուր պատկերը, նրա ընթացքն ու վախճանը։
Մուսա լեռը (Ջաբալ Մուսա, Մովսեսի լեռ) մտնում էր պատմական Անտիոքի գավառակի մեջ, որն իր հերթին Հալեպի վիլայեթի մասն էր կազմում։ Մուսա լեռան շուրջը, նրա փեշերին, վաղուց ի վեր ծվարել էին վեց հայկական գյուղեր՝ Քեբուսիե, Վագըֆ, Խտրբեկ, Յոգունոլուկ, Հաջի Հաբիբլի, Բիթիաս, շրջապատի մահմեդական բնակչության մեջ կղզիացած։ Յոթերորդ հայաբնակ գյուղը՝ Քեսապը կտրված էր սրանցից, գտնվում էր 18 կիլոմետր հեռավորության վրա։ Հայկական այս գյուղերը, թեև կտրված բնօրրանից՝ Արեմտյան Հայաստանից, ապրում էին լիարժեք ազգային կյանքով, ունեին իրենց դպրոցները, եկեղեցիները։
Պետք է ասել, որ Սուեդիայի հայությունը նախկինում էլ աչքի է ընկել իր ըմբոստ, ազատատենչ ոգով, չի խոնարհվել թուրքական յաթաղանի առաջ և անհրաժեշտության դեպքում դիմադրություն է ցույց տվել ջարդարարներին։ Այսպես, համիդյան ջարդերի ժամանակ Սուեդիայի հայությունը 1895-ին դիմեց ինքնապաշտպանության և խիզախորեն մարտնչեց թուրքական կանոնավոր զորքերի դեմ։ 1909-ի ապրիլին Կիլիկիայում և այլուր կազմակերպված ջարդերի ժամանակ դարձյալ չընկրկեց, արիաբար դիմադրեց, իսկ Հաջի-Հաբիբլի գյուղի մոտ փախուստի մատնեց թուրքական հրոսակախմբերին ու զինված խուժանին։
Պայթեց առաջին համաշխարհային իմպերիալիստական պատերազմը, որին Օսմանյան կայսրությունը մասնակցեց Կենտրոնական տերությունների՝ կայզերական Գերմանիայի ու Ավստրո-Հունգարիայի կողքին։ Պատերազմական առիթը երիտթուրքական կուսակցության ու կառավարության ղեկավարներին լայն հնարավորություն ընձեռեց վերջապես իրականացնել իրենց դիվային ծրագիրը՝ արևմտահայության զանգվածային, գլխովին ոչնչացումը բռնի տեղահանության (դեպորտացիայի) քողի տակ։
Տեղահանության մասին հրամանն արձակվեց 1915-ի մայիսի 14 (27)–ին, թեև մարտի վերջին և ապրիլի սկզբին արդեն բռնի տարագրության էր ենթարկվել Զեյթունի և շրջակա գյուղերի հայ ազգաբնակչությունը։ Այդ տխուր լուրը մուսալեռցիներին հասցրեց Զեյթունի հայ ավետարանական համայնքի հոգևոր հովիվ, ծագումով յողունօլուկցի Տիգրան Անդրեասյանը, որին հաջողվել էր խույս տալ բռնագաղթից և բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով հասնել իր հարազատ վայրերը։
Հուլիսի 29-ին վերը նշված հայկական գյուղերի երևելիները հավաքվեցին Յողունօլուկում ընդհանուր խորհրդակցական ժողովի, որն անցավ լարված մթնոլորտում։ Հանուն պատմական ճշմարտության պետք է ասել, որ լեռ բարձրանալու և զինված դիմադրություն ցույց տալու գաղափարը սկզբում հավանություն գտավ ոչ բոլորի կողմից։ Ներկաների մի մասը դիմադրության որևէ փորձ խենթություն համարեց՝ վկայակոչելով զենքի, ռազմամթերքի ու պարենի սակավությունը։ Հիրավի, սուեդահայերն իրենց տրամադրության տակ ունեին 140 սովորական և մի քանի հարյուր հասարակ, փողաբերանի կողմից լցվող հրացան, 11 «Մաուզեր» տիպի ատրճանակ՝ յուրաքանչյուրի համար 100—120 փամփուշտով և որոշ քանակությամբ վառոդ՝ դատարկ փամփուշտները լցնելու համար։ Սակայն ի վերջո հաղթանակեցին զգաստ բանականությունն ու մարդկային արժանապատվության զգացումը՝ եթե զոհվել, ապա «իմացյալ մահով» զոհվելու գաղափարը։ Մուսալեռցիների հիմնական զանգվածը ժամանակին կանխագուշակեց իթթիհաթական պարագլուխների արձակած բռնագաղթի հրամանի թաքնված իմաստը, այսինքն տեղահանություն՝ անէացում, մահ։
«Ես այստեղ ծնվել եմ, այստեղ էլ կմեռնեմ, բայց գաղթական չեմ դառնա»։ Ահա այս երդումն էր, որ տվեց քաջարի մուսալեռցիների ճնշող մեծամասնությունը։ Իսկ մնացածնե՞րը։ Նրանք, ունկնդրելով Բիթիաս ու Քեբուսիե գյուղերի քահանաներին ու հարուստներին, բռնեցին գաղթի կործանարար ճամփան և հիմնականում ոչնչացան աքսորի ճամփաներին ու Դեր Զորի անապատում։
Պետք է ասել, որ տատանվողների ու պահպանողականների մի մասն էլ միացավ մեծամասնությանը, երբ համոզվեց, որ կառավարությունը ոչ մի բացառություն չի անում և տեղահանության հրամանը տարածվում է և իրենց վրա։ Այդ հրամանը, ստորագրված Անտիոքի գավառակի կայմակամ Մարուֆի կողմից, հուլիսի 30-ին տարածվեց հայկական գյուղերում թուրք ոստիկանների միջոցով։
Հուլիսի 31-ից գյուղացիներն արդեն սկսեցին աստիճանաբար լեռ բարձրանալ և մի քանի օրվա ընթացքում Յողունօլուկ, Խտրբեկ և Վագըֆ գյուղերն իրենց շրջակայքի բնակիչներով դատարկվում են։ Հաջի-Հաբիբլիի և Բիթիասի բնակիչների մեծ մասը հետևում է մյուսներին օգոստոսի 4-ին, իսկ Քեբուսիե գյուղից Մուսա լեռ է բարձրանում ընդամենը 17 ընտանիք։ Ինչ վերաբերում է քեսապցիներին, նրանց համոզելու ճիգերն արդյունք չեն տալիս և գյուղի բոլոր բնակիչները բռնում են աքսորի ճամփան՝ արժանանալով շատ տխուր ճակատագրի։
Եվ այսպես, 1915-ի օգոստոսի սկզբին շուրջ 5 հազար հայեր՝ մոտ հազար ընտանիք, մեծ մասը կանայք ու երեխաներ, արդեն իսկ հաստատվել էին Մուսա լեռան վրա և նրանց միայն մի քանի օր էր տրամադրված լեռը ինչպես բնակավայրի, այնպես էլ իսկական ռազմական ճամբարի վերածելու համար: Ժողովուրդը գործի լծվեց օր ու գիշեր։ Անտառապատ լեռը հնարավորություն տվեց ծառեր կտրատել և տնակներ կառուցել՝ խոնավությունից ու տեղացող անձրևներից պատսպարվելու համար։ Միաժամանակ ստեղծվեց զինվորական հատուկ մարմին, որը լուրջ ուշադրություն դարձրեց շատ կարճ ժամանակում պաշտպանված դիրքերի, պատնեշների ու խրամատների կառուցմանը։ Ռազմիկների թիվը 600-ից չէր անցնում։ Նրանք բաժանվեցին տասնյակների, ղեկավարներ կարգվեցին, եղած զենքերը բաշխվեցին։ Զինվորական պատասխանատվությունը իրականացնում էին մի քանի հոգի՝ Եսայի Յաղուբյան, Պետրոս Տմլաքյան, Պետրոս Թութագլյան և ուրիշներ, որոնց մեջ հատկապես աչքի ընկավ իր անձնական հերոսությամբ ու հմտությամբ Եսայի Յաղուբյանը։ Սակայն չմոռանանք ընդգծել, որ ինքնապաշտպանության գործի ընդհանուր ղեկավարության մեջ առանձնանում էր վերը նշված Տիգրան Անդրեասյանը, որն անձամբ մեծ դեր է խաղացել Սուեդահայերի դիմադրական կորովի ամրապնդման գործում1։
Հազիվ էր ժողովուրդը ուշքի եկել իր հարազատ պապենական օջախները լքելուց հետո, երբ նա ստիպված եղավ արդեն օգոստոսի 7-ին առաջին մարտը տալ թուրքական կանոնավոր զորքերի մի ջոկատի, թվով երկու հարյուր ասքյար, որոնք հարձակման էին անցել Սուեդիայի մյուդիր Խալիդի առաջնորդությամբ։ Վեց ժամ տևող առաջին մարտական մկրտությունը պսակվեց լեռան պաշտպանների հաղթանակով։ Երեկոյան թշնամին նահանջեց, իր հետ տանելով 5—6 սպանված և ավելի մեծ թիվ կազմող վիրավորների։ Առաջին հարձակումը միաժամանակ պարտադրեց արագացնել պաշտպանական դիրքերի կառուցման աշխատանքները, կռվող ուժերի կազմակերպումն ու դասավորումը։ Տասնապետներ կարգվելու հետ մեկտեղ առանձնացվում է շուրջ 40 քաջամարտիկների մի խումբ, բաղկացած զինվորական որոշ փորձառություն ունեցող կամ վարպետորեն զենք գործածելու ունակ երիտասարդներից: Իսկ ծերերի ու պատանիները կազմում էին օժանդակ ուժը, որին հանձնարարված էր երկրորդական պաշտպանությունը։
Անցավ ընդամենը 3 օր, և ահա թշնամին, համալրելով ուժերը, օգոստոսի 10-ի վաղ առավոտյան անցավ նոր հարձակման անհամեմատ ավելի մեծ ուժերով՝ մոտ 5 հազար զինվոր ու սպա։ Այս անգամ թուրքական զորքերը, պաշտպանված լեռնային խոշոր թնդանոթներով, առաջ էին շարժվում յոթ թուրք հազարապետների և գերմանացի սպայի ղեկավարությամբ:
Տեղի տալով ուժերի բացահայտ գերակշռությանը, հայ մարտիկները ստիպված եղան նահանջել իրենց դիրքերից, և թուրքերը, ինչպես գրում է ականատեսը, «հրճվանքի վայրագ բացականչություններով օդը թնդացրին»։ Ճակատամարտը սակայն նոր էր սկսվում։ Լեռան խորքերը քաշվող հայ մարտիկները նոր դիրքեր գրավելով սկսում են դիպուկ կրակոցներով դիմավորել գրոհող հակառակորդին՝ ստիպելով նրան՝ դադարեցնել առաջխաղացումը։ Այս երկրորդ ճակատամարտը, որը տևեց 12 ժամ, ավարտվեց թշնամու նահանջով և նույնիսկ փախուստով։ Բազմաթիվ հայորդիներ՝ Պետրոս Գալուստյանը, Սարգիս Գասպարյանը և ուրիշներ աչքի ընկան իրենց քաջագործություններով։ Ականատեսները հիշում են հատկապես Հակոբ Կարագյոզյանին, որին ժողովուրդը Լիոն՝ առյուծ է կոչել։ Սուրալով դիրքից դիրք, նա գոտեպնդում էր կռվողներին և իր մահասփյուռ գնդակները տեղում հարձակվող թշնամու գլխին։ Մահացու վիրավորված, նա դիմում է իր զենքի ընկերներին, հետևյալ խոսքերով. «Կաղաչեմ, ինձնով մի զբաղիք։ Ես արդեն ինչ որ պիտի ըլլամ, եղած եմ, դուք գացեք ու թշնամիին դիմադրեցեք։ Մանավանդ մի տարակուսիք վերջնական հաղթանակի վրա։ Մերը պիտի ըլլա ան»2։
Համառ ու օրհասական այս կռիվները ստիպում են հակառակորդին նահանջել՝ կռվի դաշտում թողնելով 100-ից ավելի սպանված և մոտ 300 վիրավոր։
Երկրորդ ճակատամարտը, թեև ավարտվեց մասալեռցիների հաղթանակով, սակայն այն վեր հանեց նաև պաշտպանության խոցելի տեղերը, ստիպելով ճակատները կրճատել և ուժերը կենտրոնացնել, նաև առավել լուրջ ուշադրություն դարձնել պարենավորման կազմակերպմանը։ Որոշվում է ժողովրդին կենտրոնացնել չորս շրջաններից միայն մեկում՝ Դամլաջըքում, որն ուներ մի բացահայտ առավելություն՝ Միջերկրական ծովը միշտ դիմացն էր, և փրկության հույսը մեծ չափով կապվում էր ծովից ակնկալվելիք օգնության հետ, քանի որ անգլիացիներին պատկանող Կիպրոս կղզին գտնվում էր ոչ այնքան մեծ հեռավորության վրա և նրա նավահանգիստներում խարիսխ գցած ոազմանավերը դեգերում էին Միջերկրականի ջրերում։
Այդ ժամանակ էլ կազմվում է ընդհանուր վարչական մարմին՝ Տիգրան Անդրեասյանի նախագահությամբ, որը պիտի հետևեր կարգ ու կանոնին, զբաղվեր պարենավորման հետ կապված հարցերով, ապահովեր թիկունքի պահակախմբերի անխափան աշխատանքը և այլն։ Ելնելով երկու ճակատամարտերի փորձից, որոշվում է ստեղծել երեք չեթեական շարժուն ջոկատներ՝ 33 մարտիկներից, որոնք պիտի ապահովեին կապը առաջապահ դիրքերի և զորանոցի միջև, ժամանակին տեղեկացնելով հակառակորդի հարձակման մասին այս կամ այն ճակատում։ Ստեղծվում են նաև գործավորական վաշտեր, կազմված ալևորներից ու զենք չունեցողներից, որոնք ի վիճակի չէին կռվելու առաջապահ դիրքերում։ Սրանց պարտավորությունն էր խրամատներ փորել և դիրքերի առջև որոշ հեոավորության վրա ծառերը կտրատել, որպեսզի թշնամին հեռվից նշմարվեր։ Ռազմական որոշ կետերում նրանք նաև փակում էին ճամփաները խոշոր քարերով ու ժայռաբեկորներով՝ թշնամու առաջխաղացումն արգելելու նպատակով։
Օգոստոսի 15-ի արշալույսին թուրքական 5 հազարանոց բանակը նոր գրոհ ձեռնարկեց, իր հետ ունենալով նաև մոտ 4 հազար բաշիբոզուկներ։ Ընդհանուր հրամանատարն էր Ֆահրի փաշան։ Այս անգամ թուրքերը դիմել էին ռազմական խորամանկության՝ ուժերը բաժանելով երկու մասի, որոնցից մեկն ուղղվեց դեպի Թաթար Ալանկ, իսկ մյուսը արևմտյան ուղդաթյամբ մի փոքր առաջանալով, դարանակալ կանգ առավ անտառում։ Թշնամու երկու թնդանոթները անդադար ռմբակոծում էին Մուսա լեռան պաշտպանների դիրքերը։ Ամբողջ օրը մղվող կռիվների ընթացքում թուրքերին չհաջողվեց մեկ քայլ իսկ առաջանալ՝ շնորհիվ քաջարի մուսալեռցիների զանգվածային հերոսության ու անձնազոհության։ Այդ և հաջորդ օրվա մարտերին իրենց մասնակցությունը բերեցին կանայք, պատանիներն ու ծերերը։ «Ոմանք զինված էին հասարակ հրացաններով, կանայք ու պատանիները՝ փայտի կտորներով, քարերով և իրենց եղունգներով»,— կարդում ենք հերոսամարտի տարեգրության էջերում։ Այնուհանդերձ, մի շարք տեղերում հայերը ստիպված էին տեղի տալ, և թշնամին գիշերվա մթությունից օգտվելով, գրավեց դաշտը։ Մուսալեռցիներն այդ օրը տվեցին 11 զոհ և մի քանի վիրավոր։
Հաջորդ օրը՝ օգոստոսի 16-ին կռիվը վերսկսվեց առավել կատաղի ուժով։ Կեսօրին թուրքերին հաջողվում է խորտակել պաշտպանական գծերը, ստիպելով մուսալեռցիներին դիմելու անկարգ նահանջի։ Դրա հետևանքով թշնամին արդեն համազարկի տակ է առնում կենտրոնական բանակատեղին՝ Դամլաջըքը։ Մի պահ գերիշխում է հուսահատությունը և սկսվում է խուճապը։ Անզեն կանանց ու երեխաների թափորը Աբրահամ քահանա Տեր-Գալուստյանի գլխավորությամբ ուղղվում է դեպի ծով՝ ալիքների մեջ փրկելու հայ կնոջ պատիվը դաժան ոսոխի նկրտումներից։ Սակայն թուրքերի կայծակնային հարձակման հետևանքով առաջացած խուճապը երկար չի տևում։ Մի պահ հուսալքված, ոչ մեծաթիվ մարտիկների խումբը, ոգևորվելով անվեհեր մարտիկներ Եսայի Յաղուբյանի, Ջաբրա Խելոյանի, Վանես Խոջենյանի, Մարտիրոս Հաբեշյանի, Մովսես Յարամաղյանի, Պետրոս Գալուստյանի, Մարտիրոս Ջանսըզյանի (Գալենտեր), Մանուկ Գըլըճյանի, Պողոս Գապայանի, Պետրոս Արամացյանի, Հակոբ Խեչոնյանի, Սարգիս Շաննագյանի, խիզախ կանանց՝ Շուշան Գապայանի, Վարդեր Զեյթլյանի, Մանուշակ Մանուկյանի, Եղիսաբեթ Սըգայանի օրինակով, հավաքում է իրեն, նոր շունչ առնում, վերադառնում դիրքերը և շարունակում օրհասական կռիվը, որն այդ օրը ի վերջո պսակվեց մուսալեռցիների հաղթանակով։ «Մուսա լեռան հերոսամարտի ժողովրդական բնույթը որևէ ժամանակից ավելի այս ճակատամարտում է, որ ի հայտ եկավ»,— գրում է դեպքերի ուշադիր հետազոտող մուսալեռցի դոկտոր Մարտիրոս Գուշաքչյանը։ Հիրավի, համարձակորեն շրջանցելով իր հաջողությունից արբեցած թշնամուն, լեռան քաջարի պաշտպանները վերցնում են նրան կիսաշրջանակ օղակման մեջ, որին հաջորդում է ուժեղ մի համազարկ։ Եվ այդ պահին, Եսայի Յաղուբյանի թելադրանքով, հակառակորդի երկու կողերը բռնած քաջամարտիկները սկսում են բարձրաձայն գոռալ հյուջյում (ի գրոհ), որն անակնկալի է բերում թուրքական զորքերին՝ ստիպելով նրանց կանգ առնել մի պահ։ Հենց այդ ժամանակ էլ հայ քաջամարտիկները սկսում են սեղմել պաշարման օղակը՝ թիրախ դարձնելով թշնամու խիտ շարքերը։ Գործի են դրվում նաև դեռ 1895-ի կռիվներից մնացած մի քանի ժանգոտած ռումբեր, որոնց հանած մեծ աղմուկը սաստկացնում է թուրքերի մեջ ծայր առած շփոթությունը՝ վերջիններիս կարծել տալով, թե հայերին թարմ ուժեր են եկել օգնության։ Դրան հետևած խուճապային նահանջի հետևանքով թուրքական զորքերը «ինչ արագությամբ որ առաջացել էին, կրկնակի արագությամբ սկսում են ետ քաշվել», թողնելով բազմաթիվ սպանվածներ, զենք ու զինամթերք (7 մաուզեր, 300 փամփուշտ), ուտելիքի պաշար, դեղորայք, նաև թուրք հրամանատարի անձնական սուրն ու կոշիկները։ Երկու օրվա մարդկային կորուստներն էին՝ թուրքերի կողմից 600—700 սպանված ու վիրավոր, հայերի կողմից 14 սպանված և 6 վիրավոր։
Պետք է ասել, որ այս երրորդ ճակատամարտի ընթացքում մուսալեռցի ժողովրդի հանդես բերած անօրինակ սխրանքի տպավորությունն այնքան մեծ էր, որ թուրք հրամանատարը ստիպված էր խոստովանել իր ենթակա սպային հետևյալը. «Եթե ես իմ հինգ հազարի փոխարեն հրամանատարությանս տակ ունենայի 500 այսպիսի քաջեր, կտեսնեիք, թե ինչ հրաշքներ կգործեի»։
Այս անհաջողությունից հետո թուրքերը որոշում են առժամանակ դադարեցնել հարձակումները, պաշարել լեռը և պաշտպաններին սովամահ անել։ Այդ նպատակով լեռան շուրջը կենտրոնացվում է 15 հազար զորք։ Մինչդեո, մուսալեռցիները ամենևին նախապատրաստված չէին երկարատև պաշարման։ Սպառվելու վրա էին զինամթերքը, պարենը, և նրանք ստիպված էին օգնության դիմել։
Ինքնապաշտպանության ղեկավարները նախապես ծրագրել էին որևէ կապ հաստատել դաշնակից տերությունների հետ։ Հիմնական ակնկալությունը կապված էր Միջերկրականի ջրերում մարտանավի երևալու հետ։ Առաջին անգամ սեպտեմբերի 2-ին հորիզոնում նշմարվեց «փրկարար» մի նավ, որը սակայն անցավ-գնաց մարելով ժողովրդի մեջ ծայր առած խանդավառությունը։ Այնուհանդերձ, կենտրոնական մարմինը հմուտ լողորդ Աբրահամ Գոճանյանին նրա երկու ընկերների հետ ուղարկում է Ալեքսանդրետի ուղղությամբ՝ թիթեղյա տուփերի մեջ պահված երկու աղերսագրերով։
Միաժամանակ, լեռան ծովահայաց մի բլրի վրա բարձրացվում է երկու սպիտակ «դրոշակ», որոնցից մեկը պարզապես մի խոշոր պաստառ էր՝ մեջտեղում կարմիր խաչ, իսկ մյուսի վրա անգլերեն գրված էր. «Քրիստոնյաներն աղետի մեջ են»։ Դրանց շուրջը վառվում էին խարույկներ՝ անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար։ Այդ երկու դրոշակների մոտ մշտական պահակախումբ էր կարգված, որի պարտականությունն էր նավ նշմարվելու պարագայում եռանդուն կերպով ծածանել դրանք։ Եթե մարտանավը նկատեր և ուղղություն վերցներ դեպի ծովափ, ապա փորձված լողորդներից մեկը (նախատեսված էին Մովսես Գըրգյանը, Պապուշյանը կամ Չլարյանը), ծով նետվելով պիտի լողար դեպի փրկարար նավը՝ նավապետին հանձնելով անգլերեն գրված մի կոչ, որտեղ մասնավորապես ասված էր հետևյալը.
«Անգլիական, ֆրանսիական, իտալական, ռուսական և ամերիկյան բոլոր ծովակալներուն, նավապետներուն և իշխանությանց, որոնց կրնա ներկայանալ սույն աղերսագիրը՝ դիմում կընենք մենք հանուն Աստուծո և մարդկային եղբայրության, դիմում կընենք հանուն Քրիստոսի և քրիստոնեության… Տեր, մենք հոս ապաստանած ենք թուրքական բարբարոսութենեն, խժդժություններեն, կոտորածեն և մահեն, մանավանդ մեր կիներուն պատիվին բռնաբարումեն զերծ մնալու համար։ Տե՛ր, վստահ ենք, որ դուք տեղյակ եք թուրքին ներկա բնաջնջման քաղաքականության, զոր ան կգործադրե մեր խեղճ ցեղին վրա… Մեկ խոսքով, որոշ գիտենք թե, ինչպես որ ամերիկացի տոքթոր մը ըսած է, թուրք կառավարությունը որոշած է բնաջնջել թրքահայերը և մեծ կորովով կը գործադրե իր ծրագիրները։ Հիմա, Տեր, մենք դարերով հալածված ժողովրդի մը մնացորդներն ենք։ Թուրք կառավարությունը ասկե 40 օր առաջ իմացուց մեզի մեր ամբողջ ժողովուրդը գաղթեցնելու իր որոշումը, և մենք հոս քաշվեցանք մեր կյանքն ու պատիվը փրկելու համար, քանզի որոշ գիտենք, թե գաղթել ներկա պայմաններու ներքև կնշանակե ոչնչացում, սարսափ, տանջանք և անպատվություն։ Ուստի մենք որոշեցինք մեռնել կռվելով, քան մեր իսկ աչքերով տեսնել մեր կիներուն պատվին անարգվիլը և հետո, իբր վախկոտներ, անշուշտ չարչարանքներով մահվան դիմել»։
Այնուհետև ասվում էր, որ թեև հայերը հաղթանակող են դուրս եկել հակառակորդի դեմ մղած ճակատամարտերից, սակայն այլևս վստահ չեն, թե կկարողանան դիմադրել շատ քիչ մնացած զենքերով ու ռազմամթերքով, «մանավանդ որ սովը շատ մոտեցած է մեզի»։
Դիմումի վերջում ասվում էր.
«Տեր, դիմում կընենք Ձեզի, հանուն աստուծոյ և մարդկային եղբայրության, հանուն Քրիստոսի, հանուն քաղաքակրթության, ընդդեմ քաղաքակրթության այս ոսոխին և կխնդրենք, որ ազատեք մեր կյանքն ու պատիվը։ Հաճեցեք, Տեր, փոխադրել զմեզ Կիպրոս կամ ուրիշ ազատ երկիր մը։ Մեր ժողովուրդը ծույլ չէ. կրնա իր ապրուստը ճարել, եթե գործ տրվի իրեն։ Եվ կամ, եթե այսքանը կարելի չէ, հաճեցեք փոխադրել գոնե մեր կիները, ծերերը ու մանուկները, և պարենավորեցեք մեզ զենքերով և ռազմամթերքով, ուտելիք տվեք մեզի, որ ձեզի հետ կողք-կողքի կռվինք թրքական ուժերուն դեմ։ Կը խնդրենք, Տեր, մի թողուք որ սովամահ ըլլանք, մի՛ թողուք, որ ոչնչանանք, ազատեցեք մեր կյանքը, ազատեցեք մեր պատիվը, քանի դեռ ուշ չէ։
Ձեր խոնարհ ծառան
Ի դիմաց տեղվույս բոլոր քրիստոնյաներուն
Տիգրան Անդրեասյան
1915 օգոստոս 20/2 սեպտեմբեր»)
Սակայն հորիզոնում մարտանավ չէր երևում, իսկ թուրքական հրամանատարությունն այդ ընթացքում մի քանի անգամ փորձեց դիմել Մուսա լեռան խիզախ պաշտպաններին՝ զենքը վայր դնելու և անվերապահ անձնատուր լինելու առաջարկով։ Մուսալեռցիները վճռականորեն մերժեցին թուրքական բոլոր վերջնագրերը և պահպանելով իրենց դիրքերը շարունակեցին փրկության այլ ուղիներ որոնել։ Սուրհանդակներ ուղարկվեցին Հալեպ և Ալեքսանդրետ դաշնակիցների հետ շփման մեջ մտնելու նպատակով։ Վերջապես, սեպտեմբերի 5-ին, կիրակի պայծառ մի օր, երբ մշուշն ու ամպերը իսպառ չքացել էին, և ժողովուրդը մի ինչ-որ բնազդական կանխազգացումով խռնվել էր ծովահայաց բարձունքի վրա՝ հուսաբեր ծովին նայելով, հանկարծ լսվում են աղաղակ–բացականչություններ՝ «վափաուր մը կուգա», այսինքն «նավ է գալիս»։ Պահակները անմիջապես սկսում են եռանդուն շարժումներով թափահարել դրոշակները։ Քիչ հետո «փրկարարից»՝ ֆրանսիական «Գիշեն» հածանավից ծով է իջեցվում մի մակույկ, որն արագընթաց մոտենում է ծովեզրին և վերցնելով ֆրանսերեն խոսող Խաչեր Թումասյանին և մի քանի այլ ժամապահների, վերադառնում է հածանավ։ Այստեղ արժե հիշատակել նաև ծերունազարդ խիզախ լողորդ Մովսես Գրըգյանին, որն արդեն իսկ նետվել էր ծովը և բավականին մոտեցել նավին։ Մի ուրիշ նավակ նրան հասցնում է մինչև «Գիշեն» հածանավը, որը գտնվում էր ֆրանսիական ծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեի հրամանատարության ներքո, իսկ նավապետն էր II կարգի կապիտան Բրիսոնը, որին և հանձնվում է վերը նշված դիմումը։ Վերջինս, ուշադիր կարդալով այն «իր հիացմունքն է հայտնում հանդեպ ըմբոստ մուսալեռցիները և ընդհանրապես հայ ժողովուրդը»։ Նրա պահանջով նավ է հասցվում նաև Պետրոս Տմլաքյանը՝ լրացուցիչ տեղեկություններ տալով թուրքական զորքերի տեղաբաշխման մասին։ Տեղեկացնելով դեպքի մասին իր բարձր հրամանատարությանը, կապիտան Բրիսոնը իր անձնական պատասխանատվությամբ հածանավը խարսխել է տալիս ծովափի մոտ և հրամայում ռմբակոծել Քեբուսիե գյուղի եկեղեցին, որը թուրքերը վեր էին ածել ռազմամթերանոցի։ Այս ռմբակոծությունը նյութական մեծ վնասներ է հասցնում թուրքերին՝ պատճառելով նաև լուրջ մտահոգություն նրանց հրամանատարությանը։ Հարցը նրանում է, որ թուրքերի համար ստեղծվում էր սպառնալիք Միջերկրականի կողմից, այսինքն թիկունքից, ուստի թուրք զինվորական հրամանատարությունը որոշում է համախմբել ուժերը և մինչև դաշնակիցների նոր նավերի երևալը վերջ դնել մուսալեռցիների «ըմբոստությանը»։ Եվ այսպես, սեպտեմբերի 7-ին թուրքերն անցնում են նոր հարձակման, սակայն մինչև երեկո տևած մարտերում նրանք ոչ մի հաջողության չեն հասնում։ Այս անգամ մուսալեռցիները կռվում էին առանձնահատուկ քաջությամբ և խանդավառությամբ։ Ականատեսները պատմում են, որ լեռան պաշտպանները «երգելով ու իրար հետ կատակելով էին մարտնչում կատաղած թշնամու դեմ»։ Այդ նույն ժամանակ, որպես փրկության լաստ, ֆրանսիական մի քանի մարտանավ իրար ետևից մոտենում են ափին, որոշ ժամանակ կանգ առնում, իսկ այնուհետև հեռանում դեպի բաց ծովը, մի բան, որ հոգեբանական տեսակետից դրական ներգործություն էր ունենում դիմադրողների վրա։ Ամենամեծ նավը՝ «Ժաննա դ’ Արկ» հածանավը, մոտենալով, ընդունում է վարչական մարմնի անդամներին՝ Տիգրան Անդրեասյանի գլխավորությամբ։ Վերը հիշված ծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեն հավաստիացնում է, որ ոչ մի դեպքում նա չի լքի նրանց։ Միաժամանակ նա խնդրում է կապիտան Բրիսոնին ճշտել պաշարված հայերի ընդհանուր թիվը։
Այս շփումներին հետևող թշնամին, նախքան նոր հարձակման անցնելը, դիմում է խորամանկության՝ սեպտեմբերի 9-ին վաղ առավոտյան նամակատարներ ուղարկելով ապստամբներին։ Իրարից որոշ չափով տարբերվող երեք նամակների բովանդակությունը նույնն էր. անհապաղ և անվերապահ հանձնվել թուրքերի գթությանը, ըստ որում պատասխանի համար տրվում էր ընդամենը երկու ժամ։ Կենտրոնական վարչական մարմինը, քննելով հարցը, որոշում է, ժամանակ շահելու նպատակով, խնդրել 24 ժամ՝ պատասխանի համար։ Թուրքերը, սակայն, չսպասեցին դրան և պատասխան նամակը հազիվ տեղ հասած՝ անցան հարձակման։ Հայ մարտիկները, գտնվելով իրենց դիրքերում, ձևացնում են, թե իբր լքել են դրանք և հեռացել՝ թույլ տարով թշնամուն հասնել մինչև ամրացված կիրճը։ Այստեղ մուսալեռցիները ուժեղ համազարկ են բացում թուրք ասքյարների ու տարբեր տեղերից խմբված խուժանի վրա։ Անակնկալի եկած թշնամին սկսում է խուճապահար նահանջել, իսկ հայերը՝ հետապնդել նրանց։ Թուրք սպաների ճիգերը կանգնեցնելու զինվորների գահավեժ նահանջը հաջողություն չեն ունենում։ Հայերը վերադառնում են իրենց դիրքերը, տալով երկու սպանված և մեկ վիրավոր (Հաբեթ Վանայան), որը վախճանվում է ֆրանսիական նավի վրա։
Սեպտեմբերի 9-ի ճակատամարտում իրենց խիզախությամբ աչքի ընկան Մարտիրոս Հաբեշյանը, Մարտիրոս Ջանազյանը, Եսայի Յաղուբյանը, Պետրոս Տլմաքյանը, Պետրոս Գալուստյանը, Սեդրակ Բուրսալյանը, Հաբեթ Վանայանը, Պետրոս Հավաթյանը, Հովհաննես Լուրջյանը, Մովսես Յարամաղյանը, և, հատկապես, Պետրոս Սըզայանն իր ընտանիքով՝ կինը, չորս տղաներն ու աղջիկը։
Հատկանշական է, որ մուսալեռցիների այս նոր հաջողությունն իր դերն է խաղացել ֆրանսիական հրամանատարության կողմից կայացրած որոշման մեջ։ Այսպես, երբ հաջորդ օրը, սեպտեմբերի 10-ին, «Գիշեն» և «Դեզե» մարտանավերը խարիսխ են ձգում փրկության ափին, նրանց հրամանատարները շտապում են տեղեկանալ նախորդ օրվա ճակատամարտի մասին։ Ափը հսկող պահակները հայտնում են նրանց, որ կռիվն ավարտվել է հայերի հաղթանակով։ «Երեկ դուք կատարեցիք ձեր պարտականությունը, այսօր հերթը մերն է»,— լինում է պատասխանը։ Քիչ անց թնդանոթները հիշյալ նավերից սկսում են ուժեղ ռմբակոծություն, թիրախ դարձնելով թուրքական զորանոցը և ռազմական կարևորություն ունեցող այլ կետեր, ինչպես նաև թուրքական Բարաքլը գյուղը, որը վեր էր ածվել ռազմական կենտրոնի։ Հայ մարտիկները, օգտվելով թշնամու բանակում առաջացած իրարանցումից, անցնում են հարձակման՝ փախուստի մատնելով թուրքերին։ Վերջապես սեպտեմբերի 10-ի երեկոյան ֆրանսիական 3-րդ նավախմբի հրամանատարությունը հայտնում է իր որոշումը. նպատակահարմար չէ զենք ու ռազմամթերք տրամադրել հայ ապստամբներին կռիվը շարունակելու համար և ոչ էլ նոր ճակատ բացել Միջերկրականի այդ մասում, նրանք պատրաստ են բոլորին փոխադրել ապահով մի վայր։ Բայց ո՞ւր, դեռ հայտնի չէր։
Պետք է ասել, որ անգլիական իշխանություններն առանձնապես մեծ եռանդ չեն ցուցաբերել Մուսա լեռան քաջարի պաշտպաններին ապաստան տալու հարցում։ Այսպես, երբ ֆրանսիական ծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեն հատուկ մեկնում է Կիպրոսի Ֆամագուստա նավահանգիստը և դիմում այդ հարցով կղզու անգլիական նահանգապետին, վերջինս պատասխանում է, թե ինքը «տրամադրելիք տեղ չունի», իսկ Եգիպտոսի բարձր կոմիսարն էլ հայտնում է, թե դիմել է Լոնդոն, բայց պատասխան դեռ չկա։ Եվ ահա, ֆրանսիական վեհանձն ծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեն, չունենալով դեռ ոչ մի դրական պատասխան, այդ թվում և իր կառավարությունից, իր անձնական պատասխանատվությամբ հրամայում է ժողովուրդին տեղափոխել նավերը։ Ֆրանսիական հինգ մարտանավ՝ «Գիշեն», «Դեզե», «Ֆուդր», «Լ’ամիրալ Շարնե» և «դ’Էստրե» սեպտեմբերի 12-ին մոտենում են ծովափին, խարիսխ ձգում և մակույկներ իջեցնելով ձեռնարկում փրկարար աշխատանքներին, որոնք տևում են երեք օր։ Այդ դժվարին գործի ղեկավարությունն իր վրա է վերցնում «Դեզե» հածանավի վրա ծառայության մեջ գտնվող ֆրանսիական ծովային սպա Տիրան Թեքեյանը, վեհանձն ու մարդասեր մի հայորդի, որը հետագայում էլ չափազանց մեծ հոգատարություն է հանդես բերել գաղթական իր հայրենակիցների նկատմամբ։
Վերջապես, սեպտեմբերի 14-ին Մուսա լեռան պարպումն ավարտված էր։ Ամենավերջինը իրենց դիրքերը լքում և նավ են բարձրանում լեռան քաջարի պաշտպանները՝ զենքը ձեռքներին։
Ահա թե ինչպես է նկարագրում այդ անմոռանալի պահը վերոհիշյալ Տիրան Թեքեյանը։
«Երբ կիներեն, ծերունիներեն և սպաներեն վերջինը նավ դրված էր, հայկական 20 զորախմբերը, միաժամանակ ձգելով իրենց լեռնային դիրքերը, զանազան կողմերեն ծովափ եկան, և ես ան ատեն տեսա, որ ձորերեն ծայր կուտային, խմբակ առ խմբակ, հուժկու և խրոխտ պատերազմիկներ՝ կուրծքերնին փամփշտակալներով զարդարված»։
Փրկվածների ընդհանուր թիվն էր 4058, որոնցից 1563-ը երեխաներ էին, իսկ 2495-ը՝ կանայք ու տղամարդիկ։ Փրկարար նավերն ուղղություն են վերցնում դեպի եգիպտական Պորտ-Սաիդ նավահանգիստը, ուր մուսալեռցիներին սպասում էր վրանաբնակ կյանք՝ ընդհուպ մինչև համաշխարհային պատերազմի ավարտը։ Մինչ այդ, սակայն, փրկված մուսալեռցիների միջից զգալի թվով խիզախ երիտասարդներ (մոտ 600 հոգի) ցանկություն են հայտնում շարունակելու պայքարը թուրք ցեղասպանների դեմ՝ մտնելով Արևելյան լեգեոնի մեջ։ 1918-ի սեպտեմբերի 19-ին հայ լեգեոնականները փառքով իրենց պսակեցին Պաղեստինի Արարա բարձունքի վրա տեղի ունեցած հայտնի ճակատամարտում, իրենց անձնազոհ խիզախությամբ մեծապես նպաստելով ձեռք բերված հաղթանակին։
Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության կրած խայտառակ պարտությունը արաբական երկրներին հնարավորություն ընձեռեց թոթափել թուրքական դարավոր լուծը։ Մասնավորապես Սիրիան, որի տարածքում էր գտնվում Սուեդիան իր հայկական գյուղերով, անցավ Ֆրանսիային, որպես մանդատային տերիտորիա և բոլոր մուսալեռցիները 1919-ի հուլիս-նոյեմբերի ընթացքում վերադարձան իրենց բաղձալի պապենական լեռնաշխարհը։ Ցավոք, միայն 20 տարի տևեց նրանց խաղաղ ու շինարար աշխատանքը հարազատ վայրերում։ 1939-ի հունիսի 23-ին Փարիզում կնքված Ֆրանս-թուրքական համաձայնագրով Ալեքասնդրետի սանջաքն անցավ Թուրքիային և, բնական է, որ մուսալեռցիները հրաժարվեցին վերադառնալ թուրքական տիրապետության տակ։ Նրանց այլևս ոչինչ չէր մնում, քան նորից բռնել գաղթականության ճամփան։ Նույն թվականի հուլիս-օգոստոսին հայաբնակ գյուղերի ողջ բնակչությունը՝ շուրջ 5 հազար մարդ, փոխադրվեց Լիբանան, Այնճար անունը կրող ընդարձակ բացատը, ուր մուսալեռցիները լծվելով շինարար աշխատանքի, կարճ ժամանակում կյանքի կոչեցին իրենց նոր բնակավայրը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, 1946—1947 թթ. մուսալեռցիների մի զգալի մասը՝ ավելի քան 650 ընտանիք, ներգաղթեց Խորհրդային Հայաստան, բնակություն հաստատելով Երևանում և Էջմիածնի շրջանում։ Այստեղ գտնվող Գինեվետ ավանը 1972-ին վերանվանվեց Մուսալեռ, ուր վեր է խոյանում Մուսա լեռան հերոսամարտի հոյակապ հուշարձանը (ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան)։
Խոսելով Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության մասին, այսօր չափազանց կարևոր է հիշատակել նրա պատմական որոշ դասերը, նրա այժմեական հնչողությունն ու հրատապ արդիականությունը, որովհետև ազգայնամոլ այն ուժերը, որոնք երեկ փորձում էին վերջ դնել մուսալեռցի հայերի և ընդհանրապես հայ ժողովրդի գոյությանը, այսօր էլ կենսունակ ու վտանգավոր են։
Այս տեսանկյունից դիտելով առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ծավալված իրադարձությունները՝ Հայկական եղեռնը, արևմտահայերի ինքնապաշտպանական մարտերը, Արևմտյան տերությունների դիրքորոշումը և այլն, մենք պիտի արձանագրենք, որ մուսալեցիների օրինակը տակավին մնում է որպես մի կանխազգուշացում և զգոնության ահազանգ՝ ուղղված համայն աշխարհին, ահազանգ, որին ինչպես գրում է Լենինգրադում լույս տեսնող «Զվեզդա» ամսագիրը, «աշխարհը ժամանակին չանսաց» և չուզեց հասկանալ, որ հայերի ցեղասպանությունը, որի դեմ ընդվզեցին քաջարի մուսալեռցիները, «ընդամենը նախերգանքն էր եվրոպական մի շարք ազգերի ու ազգությունների բնաջնջման»։ Մինչդեռ նման եզրակացության էր հանգել «Մուսա լեռան քառասուն օրը» անմահ վեպի հեղինակ, մեծ հումանիստ Ֆրանց Վերֆելը, որն «իր ժամանակակիցներից շատ առաջ կանխագուշակեց, թե ինչ աղետներ կբերի գերմանացի ժողովրդին խաբած ու նրան իր կամքին ենթարկած մի խումբ բախտախնդիրների դիկտատուրան։ Ի դեմս Հիտլերի, Հիմլերի, Գյորինգի ու Գեբելսի,– կարդում ենք նույն ամսագրում,– նա ճանաչեց Էնվերի, Թալեաթի, Ջեմալի ու Նազըմի բնավորությունները և մարդկությանը կոչ արեց ի սեր բարության զինված մենամարտի մեջ մտնել չարության դեմ»։
Մուսալեռցիների մյուս դասը այն է, որ ազատությունը խեղդողների դեմ պետք է պայքարի ելնել թեկուզ փոքրաթիվ ուժերով, նույնիսկ այն դեպքում, երբ այդ պայքարը խիստ անհավասար է։ Հիրավի, կարող է հարց ծագել, արդյո՞ք արկածախնդրություն չէր հայերի լեռ բարձրանալը։ Ժամանակը պատասխան տվեց այդ հարցին, ո՛չ, արկածախնդրություն չէր, այլ միակ ճիշտ ելքը ստեղծված պայմաններում։ Ընդհակառակը, արկածախնդրություն կլիներ հազարավոր մարդկանց իթթիհաթական մարդասպանների գթությանը թողնելը, բռնագաղթի ճամփան բռնելը, սիրիական անապատների ավազուտներին կուլ գնալը։ Ճիշտ է, մուսալեռցիները չմեռան, շնորհիվ իրենց անկոտրում կամքի, կազմակերպվածության ու անսովոր խիզախության, մասամբ նաև երջանիկ պատահականության դիմակայեցին թուրքական բազմահազար զորքերին ու թնդանոթներին, բայց միևնույնն է, եթե նույնիսկ նրանք զոհվեին անհավասար կռվում, նման մահը գերադասելի կլիներ այն տանջալի մահվանից, որին արժանացան իրենց աքսորյալ հայրենակիցները։
Պատմական ճշմարտությունն, այսպիսով, այն պարզ իրողությունն է, որ բռնությանն ու հալածանքներին, ջարդերին ու տեղահանություններին օրինաչափորեն ու անխուսափելիորեն հակադրվում են և պիտի հակադրվեն հուզումներն ու ապստամբությունները, պայքարն ու ինքնապաշտպանությունը։ Այլ կերպ ասած՝ չլինեին ջարդն ու տեղահանությունը, չէր լինի և մուսալեռցիների ընդվզումը։ Միայն այսպես, և ոչ թե հակառակը, ինչպես փորձում են ներկայացնել պատմության թուրք կեղծարարները։
Իմիջիայլոց, հին ու նոր բռնությունների անմիջական կապը շատ հաջող է բացահայտել ռուս ականավոր բանաստեղծ Միխայիլ Դուդինը Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի ռուսերեն թարգմանության փայլուն առաջաբանտմ։ Խոսելով արևմտահայերին «իրենց հայրենիքից, դարավոր բնօրրանից բռնի ուժով տեղահանելու և մահաշունչ վայրեր քշելու» մասին, ուր նրանք «սովի ու անապատային անողոք տանջանքների մեջ դատապարտված էին մահվան», հեղինակն այնուհետև ավելացնում է. «Այդ նույն ձևով, քառորդ դար անց Հիտլերի հրամանով էսէսականներն էին հրեաներին ու լեհերին, ռուսներին ու գնչուներին և բոլոր անցանկալիներին քշելու Օսվենցիմ, Ռավենսբրուկ և Կլոոգ, քշելու էին դեպի գազախցիկները, հորերը, գնդակահարելու էին կանանց, երեխաներին, ծերերին, և ողջ Եվրոպայի օդը հագենալու էր մարդկային մազերի խանձահոտով»։
Զուգահեռ անցկացնելով թուրքական ու ֆաշիստական մարդասպանների միջև, Մ. Դուդինը իրավացիորեն ընդգծում է 1915-ի ողբերգության հերոսական, լուսավոր էջերը, որոնցից մեկն էր մուսալեռցիների սխրանքը։ Նա մատնանշում է, որ «Ֆրանց Վերֆելն իր գրքում անդրադարձել է ոչ այնքան զոհերին, որքան հերոսներին, ոչ թե դաժանությանը կրավորաբար հնազանդվելուն, այլ դիմադրությանը, դահիճների ոճրագործությանն ակտիվորեն դիմադրելուն»։ Մանավանդ, ավելացնենք, որ Մուսա լեռան ինքնապաշտպանությունը ձեռք է բերել համամարդկային հնչողության, նպաստել ֆաշիզմի դեմ մղվող պայքարին։
«Այդօրինակ համառությամբ քառորդ դար անց կմաքառեն Բրեստի և Գանգուտայի, Աջիմուշկայի և Օդեսայի պաշտպանները, Լենինգրադի և Մոսկվայի պաշտպանները,— գրում է ռուս բանաստեղծը։— Քաջության բոլոը եղբայրները մարդկային արժանապատվության համար մղվող ճակատամարտի բոլոր հերոսները»։
Մուսալեռցիների քաջագործությունը ոգևորել է նաև հարավսլավական պարտիզաններին, որոնք շրջապատած լինելով Սլովենիայի Ռոգ լեռան վրա 1942 թ., և շնորհիվ Ֆրանց Վերֆելի վեպի ծանոթ լինելով մուսալեռցիների սխրանքին, կոչ են արձակել՝ «Հայրենիքի համար կռվել այնպես, ինչպես կռվում էին հայերը Մուսա լեռան վրա»։ Երեք ամիս դիմադրելով գերմանա-իտալական զորքերին, նրանք ճեղքել են պաշարման շղթան ու փրկվել, և այդ օրվանից Ռոգ լեռը կոչվում է Սլովենիայի Մուսա լեռ։
Մի այլ օրինակ։ Լեհ կին գրող Քրիստինա Ժիվուլսկան՝ հիտլերյան մահվան ճամբարների նախկին բանտարկյալը, «Օսվենցիմի դժոխքը» հայտնի գիրք-ողբերգության հեղինակը, նշում է, որ Ֆրանց Վերֆելի վեպի հերոս Գաբրիել Բագրատյանը իր համար դարձել էր պայքարի միակ ճիշտ ձևի խորհրդանիշ, «երբ ինքը կանգնած է եղել կործանման դեմ հանդիման»։
«Ցավոք,— ավելացնում է նա,— հիտլերյան մահվան ճամբարները հնարավորություն չէին տալիս հավաքվելու Մուսա լեռան նման բարձունքի վրա, այնտեղից թշնաման հարվածելու համար։ Դաժանության աստիճանը նույնն էր մնացել, կատարելագործվել էր միայն մարդասպանության տեխնիկան։ Բարձր լարվածության էլեկտրական հոսանքին միացած փշալարերի ետևում, Օսվենցիմ կոչվող այդ անիծյալ հողակտորի վրա փակված, ես քանի-քանի անգամ եմ Մուսա լեռ երազել…»
Այսպիսով, մուսալեռցիների պատմական սխրանքի վեհությունն առավել ըմբռնելի է դառնում, երբ մենք գիտակցում ենք, որ Մուսա լեռան գոյամարտի պատմությունը ոգեշնչում է ազատության մարտիկներին՝ ամեն կարգի բռնության դեմ մղվող նրանց պայքարում:
1985
—————————————
1. Տ. Անդրեասյան, Զեյթունի անձնատվությունը և Սուետիո ինքնապաշտպանությունը: Կահիրե, 1915:
2. Հուշամատեան Մուս լեռան: Մարտիրոս Գուշակչյանի և Պողոս Մատուրյանի խմբագրությամբ: Բեյրութ, 1970, էջ 334:
Просмотров: 2813 | Добавил: Արայ | Теги: Մուսա լեռան հերոսամարտը | Рейтинг: 2.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Архив записей
Наш опрос
Գնահատեք Մեր Աշխատանքները
Всего ответов: 172
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz