Главная » 2013»Март»4 » «ԱՆԱՎԱՐՏ ՆՅՈՒՐՆԲԵՐԳ». ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
00:05
«ԱՆԱՎԱՐՏ ՆՅՈՒՐՆԲԵՐԳ». ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԱՆԱՎԱՐՏ ՆՅՈՒՐՆԲԵՐԳ». ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Երիտթուրք ոճրագործները
1918թ. Մուդրոսի զինադադարից հետո, ձգտելով ազատվել երիտթուրքերի վարկաբեկված վարչակարգից և կանխելով Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած դաշնակիցների հնարավոր պատժիչ գործողությունները Թուրքիայի հանդեպ, Ահմեդ Իզզեթ փաշայի գլխավորությամբ կազմված նոր կառավարությունը որոշում է Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու և հայերի դեմ զանգվածային կոտորածներ կազմակերպելու համար դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության կոմիտեի անդամներին:
Թուրքական ռազմական դատարանի վճիռը` Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմի բեյին մահապատժի ենթարկելու վերաբերյալ «Թաքվիմ-ի վաքայի» ամսաթերթ N 3616 1919թ. մայիսի 22
1918թ. դեկտեմբերի 16-ի որոշումներով կազմվեցին հարցաքննիչ հանձնախմբեր (գլխավոր նախագահ` Անկարայի նախկին վալի Մազհար բեյ), որոնք սկսեցին հավաքել արևմտահայության կոտորածներին վերաբերող մեղադրական ապացույցներ` ծածկագիր հեռագրեր, պաշտոնական գրություններ, հրահանգներ և հրամաններ, ինչպես նաև ականատեսների վկայություններ: Օսմանյան կայսրության նահանգները բաժանվեցին 10 դատաքննչական շրջանների, յուրաքանչյուր շրջանի համար նշանակվեցին դատախազներ, հարցաքննիչ դատավորներ և քարտուղարներ:
Ձերբակալվեցին երիտթուրքական մի շարք նախարարներ ու կուսակցության ղեկավարներ, շրջանային պատասխանատու քարտուղարներ, լիազորներ, կուսակալներ, զինվորականներ և այլ պաշտոնյաներ:
3-րդ բանակի գլխավոր հրամանատար Մահմուդ Քյամիլ փաշայի` 1915թ. Հուլիսի 10- գաղտնագիր շրջաբերականի հաստատված պատճենը «Թաքվիմ-ի վաքայի» ամսաթերթ N 3540 1919թ. ապրիլ
1919թ. հունվարի 8-ին Ստամբուլում կազմվեցին Առաջին, Երկրորդ և Երրորդ ռազմական արտակարգ ատյաններ: Դատական նիստերի ընթացքում քննվեցին երիտթուրքական կառավարության ղեկավարների, «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամների և շրջանային պատասխանատու քարտուղարների ու պաշտոնյաների, հայկական կոտորածներն իրականացնող «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի (Հատուկ կազմակերպություն), Յոզղաթի, Տրապիզոնի, Բյոյուքդերեի (Կ. Պոլսի արվարձան) և Խարբերդի տեղահանությունն ու կոտորածները կազմակերպողների հանցավոր գործունեությունը:
Թեև օրենքը նախատեսում էր հանցագործներին դատապարտել ոճրագործության վայրում, սակայն 1919 թ. փետրվարի 5-ին, Ստամբուլի Ռազմական արտակարգ ատյանը` Յոզղաթի տեղահանության և կոտորածի հանցագործների դատավարության առաջին նիստում հատուկ որոշում կայացրեց մեղադրյալներին Ստամբուլում դատելու մասին:
Իսմայիլ Հաքքի բեյը` ձերբակալված անգլիացի զինվորների կողմից
1919թ. մարտի 8-ին, սուլթան Մեհմեդ 6-րդ Վահիդեդդինի (1918-1922) հատուկ հրամանագրով, երիտթուրքական կուսակցական պարագլուխներն ու նախարարները հանձնվեցին Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանի քննությանը: 1919թ. մեծ վեզիր Դամադ Ֆերիդ փաշան ևս դատապարտեց երիտթուրքերի կառավարության գործադրած հանցագործ ծրագիրը:
Երիտթուրքական կուսակցության պարագլուխների և նախարարների դատավարությունն սկսվեց 1919թ. ապրիլի 27-ին Ստամբուլում և ընդհատումներով շարունակվեց մինչև հունիսի 26-ը (13 նիստ): Այս դատաքննություների ընթացքում հեռակա կարգով մեղադրվեցին 11 ու դատավարությանը ներկա 20 կուսակցական և պետական բարձրաստիճան գործիչներ: Մայիսի 28-ին անգլիական հրամանատարությունն անսպասելիորեն 77 մեղադրյալի թուրքական բանտից աքսորեց Մալթա կղզի:
Երիտթուրքերի հանցագործությունների գործով վերջիններիս դատավճիռը հրապարակվեց 1919թ. հուլիսի 5-ին: 31 հանցագործներից 4-ը` Ներքին գործերի նախարար, երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահ ու մեծ վեզիր (1917-1918) Թալեաթ փաշան, Ռազմական նախարար Էնվեր փաշան, Ծովային նախարար, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սիրիայում թուրքական 4-րդ բանակի հրամանատար Ջեմալ փաշան և «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ, հանրակրթության նախարար դոկտոր Նազըմը հեռակա կարգով դատապարտվեցին մահվան: Մյուս 27 մեղադրյալների նեծ մասը դատապարտվեցին տարբեր տարիների ազատազրկման, իսկ մի խումբ մեղադրյալներ հանցանշանների բացակայության պատճառով արդարացվեցին: Դատավճռում մոռացության մատնվեցին անգլիացիների հովանավորությամբ կալանատնից Մալթա կղզի աքսորված հանցագործները: Հետագայում նրանցից շատերը վերադարձան աքսորից և տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրին Հանրապետական Թուրքիայում :
Թալեաթ փաշան և Ֆինանսների նախարար Ջավիդ բեյը
1919թ. հունիսի 21-ին, 23-ին և 28-ին տեղի ունեցան «Միություն և առաջադիմություն» կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարների և պաշտոնատար այլ անձանց դատավարությունները: Դատավճիռը հրապարակվեց 1920թ. հունվարի 8-ին: 36 մեղադրյալներից 3-ը դատապարտվեցին 10 տարվա, մյուսները` մի քանի տարվա ազատազրկման:
Յոզղաթի հայերի կոտորածն իրականացնողների դատավճիռը հրապարակվել է 1919թ-ի ապրիլի 8-ին: Յոզղաթի մութասարիֆի տեղակալ և Բողազլյանի քայմաքամ Քեմալ բեյը դատապարտվեց մահպատժի, իսկ Յոզղաթի ոստիկանապետ Թեվֆիք բեյը` 15 տարվա տաժանակրության: Տրապիզոնի կոտորածների իրականացնողների դատավճիռը հրապարակվեց 1919թ. մայիսի 22-ին: Ութ հանցագործներից երկուսը` Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմի բեյն ու երիտթուրքական կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար Նայիմ բեյը հեռակա կարգով դատապարտվեցին մահվան, մյուսները` տարբեր ժամկետներով ազատազրկման: Բյոյուքդերեի հայերի և հույների կոտորածները կազմակերպողների դատավճիռը հրապարակվեց 1919թ. մայիսի 24-ին:
Թալեաթ փաշան ընկերների հետ փախուստի տարիներին, Հոլանդիա
Բոլոր մեղադրյալները դատապարտվեցին մի քանի տարվա ազատազրկման: Խարբերդի հայերի տեղահանության և կոտորածների գործուն մեղադրյալների դատավճիռը կայացվեց 1920թ. հունվարի 13-ին: Երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիր բեյը հեռակա կարգով դատապարտվեց մահվան, իսկ երիտթուրքական կուսակցության պատասխանատու քարտուղար Ռեսնելի Նազիմ բեյը` 15 տարվա տաժանակրության:
Հատկանշական է, որ Սևրի պայմանագրի կետերից մեկը անդրադառնում էր մասսայական բռնություններ իրականացրած թուրք հանցագործներին պատժելուն: Այսպես. թուրքական կառավարությունը ընդունում էր նաև Դաշնակից տերությունների իրավունքը` քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն պատերազմի օրենքների և սովորույթների դեմ գործողությունների իրականացման մեջ մեղադրվող անձանց, այլև պարտավորվում էր "Դաշնակից տերություններին հանձնել վերջիններիս կողմից պահանջվող անձանց, որոնք պատասխանատու էին պատերազմական վիճակում Օսմանյան կայսրության մեջ առ 1 օգոստոսի 1914թ. մտնող տարածքներում ջարդերի համար”:
Դատավարությունների արձանագրություններն ու որոշումները 1919-1920թթ. հրատարկվեց թուրքական պաշտոնական «Թաքվիմ-ը վեքայի» թերթի հավելվածներում: Բոլոր անվանաթերթերը կրում են «Նորին մեծություն Փադիշահի 1335թ.(1919) մարտի 8-ի կայսերական հրամանով կազմված ռազմական արտակարգ ատյանի դատավարության արձանագրությունը» խորագիրը:
Թուրքական և հայկական մամուլում նույնպես հրապարակումներ եղան տեղի ունեցած դատաքննությունների վերաբերյալ:
Մեղադրական եզրակացություններում բերված փաստաթղթերը` ծածկագիր հեռագրերը, նամակները, փաստեցին, որ արևմտահայության տեղահանություններն ու կատորածները ռազմական կամ կարգապահական միջոցառումներ չեն եղել, սահմանափակ կամ տեղական բնույթ չեն կրել, այլ եղել են կանխամտածված և իրականացվել են բացարձակապես կուսակցության կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, հատուկ կենտրոնի հրահանգներով ու գաղտնի հրամաններով:
1919-1920թթ. Թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված երիտթուրքական դատավարությունն այն եզակի ու անհերքելի փաստերից է, որով ապացուցվում է Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ պետականորեն կազմակերպված ու իրագործված ցեղասպանությունը: Այս դատաքննություններն ու մեղադրական եզրակացությունները լուրջ փաստարկներ են թուրքական պաշտոնական պատմագրության` Հայոց ցեղասպանությունը ժխտող պնդումները հերքելու համար:
Այս դատավարության ընթացքում դատապարտված երիտթուրք գործիչների ու պաշտոնյաների մեծ մասը հետագայում հայտնվեցին Քեմալ Աթաթուրքի կողքին` Հանրապետական Թուրքիայի զինվորական և քաղաքական վերնախավում` զբաղեցնելով կարևորագույն պաշտոններ:
Մեղադրյալների ցուցակ
ՄԵՀՄԵԴ ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱ 1847-1921
Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ
«Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահ
1913-1917թթ. Ներքին գործերի նախարար, 1917-1918 թթ. Օսմանյան Կայսրության մեծ վեզիր
1919թ. Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի կողմից դատապարտվել է մահապատժի
1921թ. մարտին սպանվել է Սողոմոն Թեհլերյանի կողմից Բեռլինում
ԻՍՄԱԻԼ ԷՆՎԵՐ ՓԱՇԱ 1881-1922
Հայոց ցեղասպանության կազմակերպիչ
«Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ
1914թ. Ռազմական նախարար
1919թ. Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի կողմից դատապարտվել է մահապատժի
1922թ. սպանվել է Կենտրոնական Ասիայում
ԱՀՄԵԴ ՋԵՄԱԼ ՓԱՇԱ 1872-1922
Հայոց ցեղասպանության կազմակերպիչ
«Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, Ծովային նախարար
1914թ. Սիրիայում թուրքական 4-րդ բանակի հրամանատար
1919թ. Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի կողմից դատապարտվել է մահապատժի
1922թ. հուլիսին սպանվել է Արտաշես Գևորգյանի և Պետրոս Տեր Պողոսյանի կողմից
ԴԿՏ. ՆԱԶԸՄ 1872-1926
«Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի և «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ
1918թ. Հանրակրթության նախարար
1919թ. Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի կողմից դատապարտվել է մահապատժի
1926թ. կախաղան է բարձրացվել
ԲԱՀԱԴԴԻՆ ՇԱՔԻՐ 1877-1922
Երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ
«Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի նախագահ
1920թ. Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի կողմից դատապարտվել է մահապատժի
1921թ. դեկտեմբերին սպանվել է Արշավիր Շիրակյանի կողմից Հռոմում
ՀԱԼԻԼ ՄԵՆԹԵՇԵ 1874-1948
«Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամ
1914-1915թթ. Օսմանյան խորհրդարանի նախագահ
1915թ. Պետական խորհրդի նախագահ, 1915-1917թթ. Արտաքին գործերի նախարար
1917-1918թթ. Արդարադատության նախարար
1919թ. Անգլիական հրամանատարության կողմից աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2760
1931թ.-ից Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր` Իզմիրից
ՄԵՀՄԵԴ ՋԱՎԻԴ ԲԵՅ 1875-1926
«Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամ
1914թ. Ֆինանսների նախարար
1919թ. Ռազմական արտակարգ ատյանի կողմից հեռակա կարգով դատապատվել է 15 տարվա ազատազրկման
1921թ. Լոնդոնի կոնֆերանսում հանդես է եկել որպես Անկարայի պատվիրակության խորհրդատու
ՀՈՒՍԵԻՆ ՌԱՈՒՖ ՕՐԲԱՅ 1881-1964
«Միություն և առաջադիմություն» կուսակցության և «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ
1918թ. Ծովային նախարար
Անգլիական հրամանատարության կողմից աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2776
1921-1922թթ. Անկարայի կառավարության Ծովային նախարար
1922-1923թթ. Անկարայի կառավարության վարչապետ
ԱԼԻ ՖԵԹԻՀ ՕՔՅԱՐ 1880-1943
«Միություն և առաջադիմություն» կուսակցության և «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ
1914թ. Օսմանյան խորհրդարանի պատգամավոր` Ստամբուլից
Անգլիական հրամանատարության կողմից աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2689
1923-1924թթ. Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ
1924-1925թթ. Թուրքիայի Հանրապետության վարչապետ
ՇՅՈՒՔՐՈՒ ՔԱՅԱ 1883-1959
Հայերի տեղահանության և կոտորածների անմիջական մասնակից
«Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամ, Տեղահանության գլխավոր տնօրեն
Անգլիական հրամանատարության կողմից աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2738
1923թ.-ից երեք անգամ ընտրվել է Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր
1924թ. Թուրքիայի Հանրապետության Գյուղատնտեսության նախարար
ՄՈՒՍՏԱՖԱ ԱԲԴՈՒԼՀԱԼԻՔ ՌԵՆԴԱ 1881-1957
Հայերի տեղահանության և կոտորածների անմիջական մասնակից
1920թ. Անգլիական հրամանատարության կողմից աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2800
1924-1934թթ. Ֆինանսների նախարար, 1927-1930թթ. Ազգային Պաշտպանության նախարար
1935-1946թթ. Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ
1938թ. Հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
ՄԻԴՀԱՏ ՇՅՈՒՔՐՈՒ ԲԼԵԴԱ 1874-1956
Հայերի տեղահանության և կոտորածների անմիջական մասնակից
«Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, կուսակցության գլխավոր քարտուղար
1915թ. Կրթության նախարար
1919թ. Անգլիական հրամանատարության կողմից աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2756
1935-1950թթ. Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր
ԱՀՄԵԴ ՄՈՒԱՄՄԵՐ /ՋԱՆՔԱՐԴԵՇ/ 1874-1928
Հայոց ցեղասպանության մասնակից
1913-1916թթ. Սվասի կառավարիչ
1919թ. Անգլիական հրամանատարության կողմից աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2719
1922թ. Կայսերիի մութասարրիֆ
1923թ., 1927թ. Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր` Սվասից
ՀԱՍԱՆ ԹԱՀՍԻՆ ՈՒԶԵՐ 1877-1939
Հայոց ցեղասպանության մասնակից
1913-1914թթ. Վանի կառավարիչ
1914-1916թթ. Էրզրումի կառավարիչ
1920թ. Անգլիական հրամանատարության կողմից աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2774
1921թ. Իզմիրի, 1925թ. Արդահանի, 1927թ. Էրզրումի և 1933թ. Կոնիայի պատգամավոր
ՍԱԲԻԹ ԲԵՅ ՍԱՂԸՐՕՂԼՈՒ 1881-1960
/Քեմահլը Սահիրզադե Սաբիթ բեյ/
Հայոց ցեղասպանության մասնակից
1914, 1916թթ. Խարբերդի կառավարիչ
1919թ. Անգլիական հրամանատարության կողմից աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2686
1920-ական թթ. Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր` Երզնկայից
ՋԵՎԴԵԹ ԲԵՅ /ԲԵԼԲԵԶ/
Հայերի կոտորածների մասնակից
Վանի կառավարիչ
Անգլիական հրամանատարության կողմից աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2690
ՄՈՒՍԱ ՀԻԼՄԻ ԴԵՄՈՔԱՆ 1865-1929
1915թ. Քըրշեհիրի մութասարրիֆ
Անգլիական հրամանատարության կողմից աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2712
ԶԻՅԱ ԳՅՈՔԱԼՊ 1876-1924
«Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամ
Գրող, պանթուրքիզմի հիմնադիր գաղափարախոսներից մեկը
1912թ. Օսմանյան խորհրդարանի պատգամավոր
1915թ. Ստամբուլի Համալսարանի Սոցիոլոգիայի պրոֆեսոր
1919թ. Անգլիական հրամանատարության կողմից աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2759
1923թ. Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր` Դիարբեքիրից
ՀՈՒՍԵԻՆ ՋԱՀԻԹ ՅԱԼՉԸՆ 1875-1957
«Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամ
Գրող, լրագրող և քաղաքական գործիչ /"Թանին" թերթի խմբագիր/
Օսմանյան խորհրդարանի պատգամավոր` Ստամբուլից
1919թ. Աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2675
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր,1939-ին` Ստամբուլից, 1950-ին` Կարսից
ՄՈՒՍՏԱՖԱ ՌԵՇԱԹ ՄԻՄԱՐՕՂԼՈՒ 1882-1953
1915թ. Ստամբուլի քաղաքացիական ոստիկանության տնօրեն
1920թ. Անգլիական հրամանատարության կողմից աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2798
1934թ. Պետական խորհրդի նախագահ
1939թ. Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր
ՍՈՒԼԵՅՄԱՆ ՖԱԻՔ ՓԱՇԱ 1886 – ?
11-րդ կորպուսի հրամանատար
1915-1916թթ. Խարբերդի կառավարիչի տեղակալ և զորամասերի հրամանատար
Խարբերդում զինվորագրման հանձնաժողովի նախագահ
1920թ. Անգլիական հրամանատարության կողմից աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2807
ՍՈՒԼԵՅՄԱՆ ՆԵՋԱՄԻ ԲԵՅ /ՍԵԼՄԱՆ/ 1871-1943
1914-1916թթ. Սամսունի մութասարրիֆ
1916-1918թթ. Սվասի կառավարիչ
1920թ. Անգլիական հրամանատարության կողմից աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2812
1923թ. Կաստամունի կառավարիչ
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր` Սամսունից
ԱՐԻՖ ՖԵՎԶԻ ԲԵՅ ՓԻՐԻՆՉՉԻՕՂԼՈՒ 1878-1933
Օսմանյան խորհրդարանի պատգամավոր` Դիարբեքիրից
1919թ. աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2743
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր` Դիարբեքիրից
ԱԼԻ ԻՀՍԱՆ ՍԱԲԻՍ ՓԱՇԱ 1882-1957
6-րդ բանակի հրամանատար
1915-1918թթ Կովակասյան և Իրաքի ռազմաճակատ
1920թ. աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2667
1921թ. 1-ին բանակի հրամանատար
ՔԱՐԱ ՎԱՍԸՖ 1872-1931
«Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամ
Զինվորական, քաղաքական գործիչ
1920թ. աքսորվել է Մալթա, բանտարկյալ N----
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր` Սվասից
ԱՀՄԵԴ ՇՅՈՒՔՐՈՒ ԲԵՅ 1873/75-1926
«Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամ
1913- 1918թթ Ազգային լուսավորության նախարար
"Զաման" /ժամանակ/ թերթի խմբագիր
1919թ. աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2763
1923թ. Տրապիզոնի կառավարիչ
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր` Իզմիրից
ՄՈՒՍՏԱՖԱ ՔԵՄԱԼ ԲԵՅ 1868 – 1926
/Քարա Քեմալ/
«Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ
Մատակարարման նախարար
Աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2761
ԱԼԻ ՄՅՈՒՆԻՖ ԲԵՅ ՅԵՂԵՆԱ 1847 -1951
«Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամ
1915 -1916թթ. Լիբանանի կառավարիչ
1916թ. Հասարակական աշխատանքների նախարար
1919թ. Աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2762
Ադանայի քաղաքապետ
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր` Մերսինից, Ադանայից
ՍՈՒԼԵՅՄԱՆ ՆՈՒՄԱՆ ՓԱՇԱ 1868 – 1925
«Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ
Գեներալ, բանակի բժշկական ծառայության գլխավոր
Աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2732
ԱՀՄԵԴ ՖԱԻՔ ԷՐՆԵՐ ԲԵՅ
1914-1915թթ. Բաղդատի կառավարչի օգնական
1916-1918թթ. Ստամբուլի ոստիկանության տնօրեն
1919թ. Աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2724
ԻԼՅԱՍ ՍԱՄԻ ԲԵՅ /ՄՈՒՇ/ ?-1945
Օսմանյան խորհրդարանի պատգամավոր` Մուշից
1920թ. Աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2810
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր` Մուշից, Բիթլիսից
ԱԼԻ ՋԵՆԱՆԻ ԲԵՅ
«Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամ
Օսմանյան խորհրդարանի պատգամավոր` Հալեպից
1920թ. Աքսորվել է Մալթա, բանտարկյալ N 2805
1923թ. Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր
1924թ. Առևտրի նախարար
Հեռակա կարգով դատի տրված մեղադրյալներն էին.
1. Թալեաթ փաշա - Ներքին գործերի նախարար, մեծ վեզիր (1917-1918) 2. Էնվեր փաշա - ռազմական նախարար 3. Ջեմալ փաշա - ծովային նախարար 4. Բահադդին Շաքիր բեյ - երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի նախագահը 5. Դոկտ. Նազըմ բեյ - կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ 6. Ջավիդ բեյ – ֆինանսների նախարար 7. Սուլեյման Էլբիստանի բեյ - հողագործության և առևտրի նախարար (1915-1917) 8. Մուստաֆա Շերիֆ բեյ - հողագործության և առևտրի նախարար (1917-1918) 9. Օսկան էֆենդի - փոստի և հեռագրատան նախարար (1914-1917) 10. Դոկտ. Ռուզուհի էֆենդի - կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ 11. Ազիզ էֆենդի - հասարակական անվտանգության նախարար, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ
Դատարանում ներկա գտնվող մեղադրյալներ`
1. Սայիդ Հալիմ փաշա - մեծ վեզիր (1913-1916) 2. Միդհատ Շյուքրի բեյ - կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար 3. Ահմեդ Ջեվադ բեյ - Կ.Պոլսի պարետ, «Թեշքիլաթ-ը մահսուսե» - ի անդամ 4. Աթիֆ բեյ - Անկարայի պատգամավոր, «Թեշքիլաթ-ը մահսուսե» - ի անդամ 5. Զիա Գյոքալփ - կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ 6. Քյուչուկ Թալաաթ բեյ - կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ 7. Ռիզա բեյ - կուսակցության կենտրոնական կոմիտեի և «Թեշքիլաթ-ը մահսուսե» - ի անդամ 8. Իբրահիմ բեյ - մեջլիսի նախագահ 9. Հայրի էֆենդի - շեյխ ուլ-իսլամ 10. Մուսա Քյազիմ էֆենդի - շեյխ ուլ-իսլամ 11. Խալիլ էֆենդի - արդարադատության և արտաքին գործերի նախարար, «Թեշքիլաթ-ը մահսուսե» - ի անդամ 12. Ահմեդ Նեսիմի բեյ - արտաքին գործերի նախարար (1917-1918) 13. Իսմայիլ Ջանփոլատ բեյ - ներքին գործերի նախարար (1917-1918) 14. Աբբաս Հալիլ փաշա - հասարակական աշխատանքների նախարար (1915-1917) 15. Ալի Մյունիֆ բեյ - հասարակական աշխատանքների նախարար (1917-1918) 16. Շյուքրի բեյ - հանրակրթական նախարար, «Թեշքիլաթ-ը մահսուսե» - ի անդամ 17. Քեմալ բեյ - պարենավորման նախարար, կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ 18. Հուսեյն Հաշիմ բեյ - փոստի և հեռագրատան նախարար (1917-1918) 19. Ռիֆաթ բեյ - Օսմանյան խորհրդարանի նախագահ 20. Մահմեդ Էսադ էֆենդի - շեյխ ուլ-իսլամ