Каталог статей
Հայոց Լեզու
Նախագրային շրջան.- Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի այն ճյուղերից է, որոնք ներկայացված են մեկական լեզվով, ինչպես օրինակ` հունարենը, ալբաներենը, և չունեն շատ մոտ ցեղակիցներ: "Հնդեվրոպական" անվանումը պայմանական է, քանի որ մեզ հայտնի չեն Հնդկաստանից մինչև Եվրոպա սփռված ցեղակից լեզուներով խոսող ժողովուրդների նախնիների իրական ցեղանունները: Հնդեվրոպական լեզվաընդհանրության շրջանը, երբ որոշակի մի տարածքում մարդիկ խոսել են տվյալ լեզվի տարբեր բարբառներով (լեզվի բացարձակ ընդհանրության շրջան չի լինում), համարվում է մ.թ.ա. 5-4 հազարամյակները: Սկզբում առանձնացել են բարբառախմբերը, և, ինչպես ենթադրվում է, եղել է հայ-հույն-հնդիրանական լեզվական սերտ շփումների շրջան: Այդ բարբառները, աստիճանաբար միմյանցից հեռանալով, վերածվել են ինքնուրույն լեզուների: Նախահայերենը, ըստ հնդեվրոպաբանների, վերջնականապես ձևավորվել է մոտավորապես հինգ հազար տարի առաջ` մ.թ.ա. 3-րդ հազարամյակում: Հնդեվրոպական նախահայրենիքի վերաբերյալ տարբեր կարծիքներ են եղել: Սակայն գիտնականները ավելի ու ավելի համոզիչ փաստեր են գտնում` հօգուտ Առաջավոր Ասիան հնդեվրոպական նախահայրենիք դիտելու վարկածի: Այսպիսի մոտեցմամբ` հայերը գրեթե տեղաշարժեր չեն ունեցել, այսինքն` բնիկներ են: Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածում` Հայկական Տավրոսի, Եփրատ գետի և Սև ծովի միջև, մ.թ.ա. 14-13-րդ դարերի խեթական սեպագիր արձանագրություններում հիշատակվում է Հայասա (ḫai-aša) անունով երկիր, սակայն չեն հանդիպում այդ տարածքը զբաղեցնող ժողովրդի և նրա մայրենի լեզվի վերաբերյալ տեղեկություններ: Եթե նկատի ունենանք, որ -ասա-ն խեթերեն տեղանվանական ածանց (-aša) է, ապա բառի արմատն է հայ (ḫai-), որից կարելի է եզրակացնել` այդ երկրի բնիկները հայեր էին և խոսում էին հայերեն: Այս վարկածը հաստատող փաստեր կարող ենք համարել Հայասայի որոշ տեղանունների հայերեն արմատներով կազմված լինելը, ինչպես` Ազի (< ազ- "չոր"), Ծուպանի (< ծոպ // ծուպ "երիզ, եզր"), Արծիա (< արծ-աթ), Արիպսա (< առ-ափս) և այլն: Ավելացնենք նաև, որ Հայասա երկրի որոշ դիցանուններ և անձնանուններ նույնպես ունեն հայերեն ստուգաբանությոններ: Հայերենը շփումներ է ունեցել Առաջավոր Ասիայի` մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակների հնագույն ոչ հնդեվրոպական լեզուների` շումերերենի, աքադերենի, խուռիերենի հետ, որոնցից կատարել է անմիջական և միջնորդավորված փոխառություններ: Հնդեվրոպական լեզվաընդհանրության շրջանից հետո շարունակվել են հայերենի և հարևան հնդեվրոպական լեզուների` խեթալուվական, իրանական, հնդկական և այլն փոխադարձ կապերը, որոնց ապացույցն է հայերենում դրանցից կատարված փոխառությունների առկայությունը: Հայերենը ունի նաև կովկասյան և քարթվելական լեզուներից կատարած հնագույն փոխառություններ: Պատմական իրադարձությունների բերումով ամենաերկարատևը հայ-իրանական շփումներն են եղել, հետևաբար` հայոց լեզվում գերակշռում են իրանական փոխառությունները, որոնք վաղուց հայերենի հիմնական բառապաշարի մասն են կազմում: Ի դեպ, նշված լեզուները նույնպես ունեն հաերենից կատարած փոխառություններ: Գիտնականները հաճախ են անդրադառնում հայերենի և ուրարտերենի առնչակցություններին: Ուրարատերենը` որպես հարևան ժողովրդի ոչ հնդեվրոպական լեզու, հայերենի հետ առնչվել է, պետք է ենթադրել, նախքան ուրարտական արշավանքները Հայկական լեռնաշխարհ: Հայաստանի նվաճումով և Վանի թագավորության (Բիայնիլի կամ Ուրարտու) ստեղծումով` մ.թ.ա. 9-6-րդ դարեր, հայերենի և ուրարտերենի փոխազդեցությունները մեծանում են: Ուրարտերենով գրված սակավաթիվ սեպագիր արձանագրությունների վերծանմամբ հնարավոր է եղել բացահայտել երկու լեզուների` միմյանցից կատարած փոխառությունները, փոխադարձ ազդեցությունները հնչյունաբանության և քերականության մակարդակներում: Ցավոք, հայերենի և ուրարտերենի հնչյունական համապատասխանությունների օրինաչափությունների չիմացության հետևանքով, հայերեն որոշ տեղանուններ, ինչպես օրինակ` Վան, Երևան, Գեղար(ր)քունի(ք) և այլն, երբեմն սխալմամբ բխեցվում են ուրարտական բառաձևերից` Bia(i)nili, Er(e)buni, Ueliku-Նi: Մինչդեռ հայերեն հիշյալ տեղանունները ծագումով ավելի հին են, այսինքն` նրանք գոյություն են ունեցել ուրարտական արշավանքներից էլ շատ առաջ: Գրային շրջան.- Հայերը հնագույն ժամանակներից, ինչպես պարզվում է, օգտվել են գրավոր հաղորդակցման միջոցներից: Հայկական լեռնաշխարհում մինչ օրս շարունակաբար հայտնաբերվում են ժայռապատկերներ և նշանագրեր, որոնց վերծանումները առայժմ շոշափելի արդյունքների չեն հանգեցնում: 5-րդ դարից առաջ հայերեն գրերի գոյության մասին պատմական տվյալներ չկան: Սակայն հայտնի է, որ դեռևս մ.թ.ա. առաջին դարում հայերը թատրոն են ունեցել, որտեղ ոչ միայն հույն ողբերգակների, այլև սեփական հեղինակների թատերերգություններն են բեմադրել: Հեթանոսական մեհյաններում, որոնք ժամանակին Հայաստանի քաղաքակրթության կենտրոններն են եղել, ուսումնասիրել են դիցաբանություն, աստղագիտություն, տոմարագիտություն, երկրագործություն և այլն: Մեր պատմիչների երկերում, սակայն, բազմիցս նշվում է, որ 301թ. քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո նոր հավատքի տարածումը ուղեկցվում էր հեթանոսական տաճարների կործանմամբ և մեհենական մատյանները, այսինքն` հին գրականությունը, կրակի մատնելով: Իսկ "Նոր կտակարանը" քարոզվում էր հունարեն և ասորերեն բնագրերով: Հայաստանում նոր հավատքը` քրիստոնեությունը, բնակչության մեջ արմատավորելու հիմնական խոչընդոտը մայրենի լեզվով Աստվածաշնչի բացակայությունն էր: Բացի այդ, 387 թվականին Հայաստանը բաժանվել էր Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև, որով կորցրել էր ոչ միայն պետական անկախությունը, այլև ազգային միասնականությունը: Վտանգված էր ազգի գոյությունն ընդհանրապես: Այս իրավիճակում առաջնային խնդիր դարձավ սեփական գիր և գրականություն ունենալը, որը կնպաստեր երկատված հայ ժողովրդի միավորմանը: Այդ ժամանակ Սահակ կաթողիկոսին հայոց գրերի ստեղծման համար իր պատրաստակամությունն է հայտնում փայլուն կրթություն ստացած, մի քանի լեզուների տիրապետող կրոնավոր Մեսրոպ Մաշտոցը: Կաթողիկոսի ու հայոց թագավոր Վռամշապուհի հովանավորությամբ Մեսրոպը մեկնում է արտասահման` այլ ժողովուրդների գրի մշակույթը ուսումնասիրելու նպատակով: Նա, տարիներ շարունակ հետազոտելով տարբեր լեզուների հնչյունական և գրանշանային համակարգերը, ձեռք է բերում տվյալ բնագավառին անհրաժեշտ լուրջ գիտելիքներ: Եվ, վերջապես, 406 թ. հայոց այբուբենով ու Աստվածաշնչի Առակաց գրքի խորհրդանշական նախադասության առաջին հայերեն գրությամբ` "Ճանաչել զիմաստութիւն եվ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ", վերադառնում է Վաղարշապատ: Ողջ Հայոց Աշխարհում` արևելյան ու արևմտյան, սկսում են հիմնվել նոր դպրոցներ, որոնցում կրթությունը տարվում է հայերենով` հայերեն տառերով: Գործը կազմակերպում ու ղեկավարում է Մեսրոպ Մաշտոցը: Եվ այսպես, Մաշտոցյան գրերը արդեն 1600 տարուց ավելի ծառայում են հայ ժողովրդին: Նոր այբուբենով սկիզբ դրվեց հայերեն մատենագրության, որի լեզուն առայսօր զարմացնում է ի սկզբանե իր կարգավորվածությամբ ու հարուստ բառապաշարով: Այս փաստը ենթադրել է տալիս, որ գրաբարը, ինչպես կոչում են այն, գրավոր խոսքում գործառել և մշակվել է դեռ 4-5-րդ դարերից էլ առաջ: Այդ գրական լեզուն ձևավորվել է հայերենի կենտրոնական (Այրարատյան և Տուրուբերան նահանգների) բարբառների հենքի վրա: 5-րդ դարի գրաբարը` իր քերականության մշակվածությամբ ու բառապաշարի ճոխությամբ, կոչում են դասական կամ ոսկեդարյա: Ակնհայտ է, որ գրաբարը գրի առման ժամանակ ողջ պատմական Հայաստանի միակ խոսակցական լեզուն չի եղել, քանի որ հայերենն արդեն ուներ բազմաթիվ բարբառներ, որոնցով խոսում էին տարբեր նահանգների բնակիչները: Ամենայն հավանականությամբ գրաբարը անցել է տևական մշակման (բանավոր կամ գրավոր) մի շրջան: Դա է վկայում մեր հին մատենագրությամբ վկայված նախագրաբարյան ժողովրդական բանահյուսության պատառիկների լեզվի քննությունը: Գրաբարը, իր խոսակցական տարբերակով հանդերձ, 4-րդ դարի վերջերին ու 5-րդ դարի սկզբներին արդեն գործառում էր որպես արքունիքի, կրոնական, ֆեոդալական վերնախավի հաղորդակցման լեզու: Թվում է` նոր ստեղծված գրական լեզուն պետք է անընդհատ մշակվեր, քերականական ձևերի զուգաձևությունները միօրինակացվեին, բայց 6-րդ դարից սկսած` մատենագրության մեջ ավելի ու ավելի շատ են հանդիպում գրաբարի կանոնները խախտող` խոսակցական լեզվից թափանցող երևույթներ: Ուրեմն` այն, անգամ որոշակի խավերի համար, վաղ է սկսել հեռանալ բանավոր հաղորդակցման միջոց լինելուց: Սակայն դարերի ընթացքում զանազան հեղինակներ աշխատել են պահպանել գրաբարի կամ հին հայերենի հիմնական քերականական կառուցվածքը, բառապաշարը: Այնուամենայնիվ, ողջ հայությանը գրաբարը, որ բառացի նշանակում է "գրային, գրավոր", որպես հիմնական գրական լեզու է ծառայել մինչև 19-րդ դարի կեսերը: Գրաբարով են ուսուցանել դպրանոցներում, քարոզել եկեղեցիներում (նաև մինչ այսօր), կազմել պաշտոնական գրություններ, գրել գիտական ուսումնասիրություններ, գեղարվեստական երկեր և այլն: 5-րդ դարից սկսած` գրաբարով են գրվել Մովսես Խորենացու "Հայոց պատմություն", Անանիա Շիրակացու "Աշխարհացույց", Գրիգոր Նարեկացու "Մատյան ողբերգության" և այլ մեծարժեք գործեր, անգամ` 18-րդ դարի հեղինակ Միքայել Չամչյանի հսկայածավալ "Հայոց պատմությունը": Ժամանակի ընթացքում բանավոր խոսքում ոչ գործածական դարձած լեզուն` գրաբարը, լիարժեքորեն չէր կարող ծառայել որպես համընդհանուր գրական լեզու: Այն ամեն գնով իր մաքրությամբ պահպանելու ձգտումին (հատկապես կրոնավորների) զուգահեռ տարերայնորեն առաջանում է գրական լեզուն ժողովրդին ավելի հասկանալի դարձնելու միտում: 10-րդ դարից սկսած` հայ մատենագրության լեզուն` գիտական թե գեղարվեստական, աստճանաբար իր մեջ ներառում է ամենատարբեր բարբառային թափանցումներ: Հայերենի գրական և խոսակցական տարբերակների մերձեցման գործընթացը ավելի ծավալուն բնույթ է կրում Կիլիկյան Հայաստանում: 11-րդ դարում Հայաստանը, ենթարկվելով սելջուկյան կործանարար արշավանքներին, ոչ միայն կորցնում է պետականությունը, այլև ծայր են առնում բնակչության զանգվածային արտագաղթեր: Զգալի թվով հայեր բնակություն են հաստատում հարևան երկրում` Կիլիկիայում, որն արդեն ուներ հայաբնակ տարածքներ: Տեղի հայ ֆեոդալները, ավելի զորանալով, 1080 թվականին կարողանում են Բյուզանդիայից հետ խլել Կիլիկիայի հատկապես լեռնային շրջանները և հիմնել հայկական պետություն, որը հարատևում է մոտ 300 տարի: Այստեղ տնտեսությանը համընթաց բուռն կերպով զարգանում է նաև հայ մշակույթը: Գրավոր խոսքում, ժողովրդին հասկանալի լինելու պահանջով, ավելի անկաշկանդ են օգտագործվում տեղի բարբառային տարրերը: Աստիճանաբար որոշ չափով կանոնարկվում է այդ նոր գրական տարբերակը` դառնալով ոչ միայն գիտական-գեղարվեստական գրականության, այլև պաշտոնական գրագրությունների, հետևաբար` Կիլիկյան Հայաստանի պաշտոնական գրական լեզու: Այն գոյատևում է մինչև այդ պետության կործանումը` 14-րդ դարը: Այդ նույն դարերում անկախությունը կորցրած Հայաստանի նահանգներում նույնպես գրվում են, թեպետ ոչ կիլիկյան առաջընթացի չափով, տարբեր բնույթի երկեր` տվյալ վայրի բարբառային տարրերի ներառմամբ` գրաբարից բավական հեռացած լեզվով: Այսպիսով` 12-16-րդ դարերի հայերեն գրված երկերի, պաշտոնական փաստաթղթերի լեզուն ընդունված է անվանել միջին հայերեն: Այն այդպես է կոչվում, որովհետև կապող օղակ է հին` գրաբար և ժամանակակից գրական հայերենների միջև: Հայաստանի մասնատվածության, տարբեր ցեղերի ու ազգերի` միմյանց հաջորդող ասպատակությունների հետևանքով տնտեսության քայքայման շրջանում ավելորդ է խոսել մշակույթի, գիր ու գրականության առաջընթացի մասին: Նման պայմաններում միջին հայերենը, բնականաբար, չէր կարող ապրել մշակման և զարգացման մի նոր փուլ: Այսուհանդերձ, միջին հայերենով են գրվել գեղարվեստական (Ներսես Շնորհալի, Քուչակ, Ֆրիկ, Նաղաշ Հովնաթան), բժշկական (Մխիթար Հերացի, Ամիրդովլաթ Ամասիացի) և այսօր էլ իրենց արդիականությունը չկորցրած բարձրարժեք շատ այլ երկեր: Միջին հայերենը նույնպես բավական հեռացել էր հայերենի խոսակցական տարբերակներից: Ազգի մտավորականությունը դեռևս 18-րդ դարից բարձրացնում էր ողջ հայությանը միավորող, բոլորի համար ընկալելի նոր գրական լեզվի ընդունման հարցը: Այն հասունանում և արդեն իր լուծումն է պահանջում 19-րդ դարի կեսերին: Սակայն Հայաստանն այդ ժամանակ բաժանված էր երկու պետությունների` Օսմանյան և Ռուսական կայսրությունների միջև, որի հետևանքով մեկ միասնական գրական լեզու ստեղծելու հնարավորությունը բացառված էր: Հատկապես կրոնական վերնախավը գտնում էր, որ գրաբարը, շարունակելով մնալ ուսւցման լեզու և, ի տարբերություն "ռամկականի", այսինքն` աշխարհաբարի, լինելով կանոնարկված, պետք է նորից համընդհանուր գրական լեզվի կարգավիճակ ստանա: Բայց Հայաստանի և՛ արևելյան, և՛ արևմտյան հատվածների առաջադեմ մտավորականությունը առաջնահերթ խնդիր էր համարում ժողովրդին հասկանալի գրական լեզվի ստեղծումը: Տեսակետների այս բախումը հայերենագիտության մեջ հայտնի է գրապայքար անունով: Արևլահայաստանում այդ պայքարի առաջամարտիկներն էին Խաչատուր Աբովյանը, Ստեփանոս Նազարյանը, Միքայել Նալբանդյանը և այլոք, իսկ Արևմտյան Հայաստանում` Գաբրիել Այվազյանը, Արսեն Այտընյանը և արևմտահայ շատ գրողներ: Հաղթանակում է, իհարկե, աշխարհաբարը` աշխարհիկ լեզուն, գրականի աստիճանի բարձրացնելու գաղափարը, որին նպաստում է նաև Եվրոպայում և Ռուսաստանում նույն գործընթացն անցած նոր գրական լեզուների ստեղծման օրինակը:
ԲարբառԲարբառները. - Հայերենը հարուստ է միմյանցից բավական տարբերակված բարբառներով: Այդ տարբերությունները որոշ դեպքերում, հատկապես արևելյան և արևմտյան խմբակցությունների միջև, այնպիսի չափերի են հասնում, որ տվյալ բարբառների կրողները միմյանց հաճախ չեն հասկանում: Հայերենը, ինչպես ամեն մի լեզու, իր կազմավորման շրջանից ի վեր միատարր չի եղել: Նրանով խոսող ժողովրդի երկիրը` Հայկական Լեռնաշխարհը, իր աշխարհագրական մասնատվածությամբ, բնականաբար, ստեղծում է բնակիչների տնտեսական, մշակութային որոշ տեղայնացած մեկուսացում: Դրա հետևանքով հայոց լեզվում նույնպես աստիճանաբար առաջանում է տարածքային տարբերակվածություն` բարբառային տրոհվածություն, որին նպաստում են նաև հարևան ժողովուրդների լեզուներից կատարվող տարաբնույթ փոխառությունները: Հայերեն բարբառները միմյանց հետ փոխշփումների միջոցով նույնպես, կորցնելով հին հատկանիշներ, ձեռք են բերում նորերը: Այսինքն` բարբառային միավորների առաջացման ու կորստի պատմական գործընթացը հայոց լեզվին ուղեկցում է մշտապես: Հայոց լեզվի բարբառային երևույթների, ինչպես վերը նշվեց, հանդիպում ենք 5-րդ դարի հեղինակների գրաբարով գրված երկերում: Բայց կոնկրետ բարբառների մասին հիշատակումներ գտնում ենք 8-րդ դարի առաջին կեսի հեղինակ Ստեփանոս Սյունեցու աշխատությունում: Նա զանազանում է կենտրոնական և եզրային բարբառներ: Կենտրոնականները, հավանաբար հանրահայտ համարելով, չի ներկայացնում և թվարկում է միայն եզրայինները` Կորճայքի, Տայքի, Խութի, Չորրոդ Հայքի, Սպերքի, Սյունիքի, Արցախի: Ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանը արդի հայերեն բարբառների պատմական բազմահատկանիշ քննությամբ վերականգնում է 5-րդ դարի հայերենի տարածքային տարբերակները` արևմտյան (բյուզանդահայ), հարավ-արևմտյան (Կիլիկիայի), ծայր հարավ-արևմտյան (Անտիոքի), հարավ-կենտրոնական, հարավ-արևելյան, հյուսիս-արևելյան բարբառներ, որոնք ունեցել են բազմաթիվ ենթաբարբառներ: Արդի հայերեն բարբառների դասակարգման մի քանի սկզբունքներ են առաջարկվել: Առավել հայտնի է 20-րդ դարի սկզբներին ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի կատարած հայերեն բարբառների առաջին ձևաբանական դասկարգումումը` ըստ բայի սահմանական եղանակի ներկա ժամանակի կազմության ձևի: Նա առանձնացնում է ՈՒՄ, ԵԼ, ԿԸ ճյուղեր: ՈւՄ ճյուղի (ասում եմ) մեջ մտնում են արևելյան բարբառների մեծ մասը և, իհարկե, գրական արևելահայերենը, ԵԼ, որ հետագայում կոչվեց նաև ԼԻՍ, ճյուղին են պատկանում (ասել(իս) իմ) արևելյան խմբակցության մի քանի միավորներ, իսկ ԿԸ ճյուղը (կասեմ) ընդգրկում է գրեթե ողջ արևմտյան խմբակցությունը, ինչպես նաև` գրական արևմտահայերենը: Ո՛չ ձևաբանական, ո՛չ հնչյունական մի քանի հատկանիշներով` թեկուզ միասնական գործադրման սկզբունքով դասկարգումը, ինչպես հետագա հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, չի կարող ներառել հայերեն բարբառների ողջ բազմազանությունները: 1970-ական թվականների կեսերին ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանը, առանձնացնելով հայերեն բարբառների 100 տարբերիչ հատկանիշներ, հայերենագիտության մեջ հիմնեց բարբառների բազմահատկանիշ, վիճակագրական դասակարգման նոր մեթոդ, որով հստակեցվեցին բարբառախմբերի, բարբառների և խոսվածքների առանձնացման չափորոշիչները: Բազմահատկանիշ դասակարգմամբ հայերենի բարբառային միավորները նախ բաժանվում են երկու ճյուղերի` արևմտյան և արևելյան խմբակցություններ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է մի քանի բարբառային խմբերից: Արևմտյան բարբառախմբերն են` Անտիոքի, Կիլիկիայի, Փոքր Ասիայի, Համշենի, Առդեալի, Մուշ-Տիգրանակերտի, Վանի, իսկ արևելյանները` Խոյ-Մարաղայի, Արարատյան, Ղարաբաղ-Շամախիի, Ագուլիս-Մեղրիի: Սրանք իրենց հերթին բաժանվում են առանձին բարբառների, վերջիններս էլ` խոսվածքների, ապա` ենթախոսվածքների: Այսպիսով` հայերեն բարբառները, 20-րդ դարասկզբի դրությամբ, կարելի է բաժանել 2 ճյուղի, 11 բարբառախմբերի, 44 բարբառների, 120 խոսվածքների, իսկ վերջիններիս մեջ մտնող ենթախոսվածքները հաշվարկված չեն: Ի դեպ, հարկ է նշել, որ արևմտյան խմբակցության բարբառային միավորների մեծ մասը ներկայացված է 1915 թ. ստատիկ լեզվավիճակով, քանի որ դրանք գրի են առվել Մեծ եղեռնից մազապուրծ փախած գաղթականների միջոցով: Գրական լեզուներով զանգվածային ուսուցման և հրապարակումների արդի պայմաններում հայերեն բարբառները դատապարտված են աստիճանական մահացման: Դա բնական և անշրջելի գործընթաց է: Սփյուռքում հայտնված բարբառները, կտրված լինելով սնուցող միջավայրից, ավելի արագ են կորչում: Ցավալին այն է, որ մեր բարբառները ամբողջությամբ հավաքված և ուսումնասիրված չեն: Մինչդեռ դրանցում անթեղված են ոչ միայն հայերենի ծագման ու զարգացման, այլև հայ ժողովրդի պատմական ուղու կնճռոտ հարցերի բացահայտմանը նպաստող մասունքներ: Հայերեն բարբառներն այնքան հարուստ ու պատկերավոր միջոցներ ունեն, որ դրանցով հայ մեծատաղանդ գրողներ Սայաթ-Նովան (Թիֆլիսի բարբառ), Խաչատուր Աբովյանը (Երևանի), Հակոբ Պարոնյանը (Պոլսի), Գաբրիել Սունդուկյանը (Թիֆլիսի) հայ գրականության գլուխգործոցներ են ստեղծել: Գրական19-րդ դարի կեսերին արդեն հայ մամուլը, գրականությունը հրապարակվում են նոր աշխարհաբարի երկու տարբերակներով, որոնք կոչվում են արևելահայ և արևմտահայ գրական լեզուներ: Արևելահայերենի հիմքում ընկած է արարատյան բարբառը, իսկ արևմտահայերենի` Պոլսինը: Սակայն երկուսում էլ ակնհայտ են և՛ գրաբարի, և՛ միջին հայերենի քերականության, դարձվածաբանության ազդեցությունները, հիմնական բառաշերտի պահպանումը: Այսպիսով` հայերենը իր գրային շրջանում` 5-րդ դարից ի վեր, ունեցել է 4 գրական լեզու` գրաբար, միջին հայերեն, արևելահայերեն, արևմտահայերեն: Այսօր գրական արևելահերենը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների պետական լեզուն է, իսկ գրական արևմտահայերենը, զուրկ լինելով պետական լինելու կարգավիճակից, այնուամենայնիվ, Արևմտյան Հայաստանում և հայկական սփյուռքում գործառում է որպես ուսուցման, մամուլի, գրականության և հայերի ընդհանուր հաղորդակցման լեզու: Այս երկու գրական լեզուները, ի սկզբանե միմյանցից շատ մեծ տարբերություններ չունենալով, միշտ էլ հասկանալի են եղել հայության բոլոր հատվածների համար: Այժմ հայրենիքի և սփյուռքի փոխադարձ կապերի աշխուժացման պայմաններում տեղի է ունենում երկու գրական հայերենների մերձեցում: Այդ գործընթացին, թերևս, որոշ չափով խոչընդոտում է դրանցում տարբեր ուղղագրությունների գործառությունը: Երկու գրական հայերենների համար էլ օգտագործվում է մեսրոպյան այբուբենը: Սփյուռքահայությունը աշխատում է հնարավորինս գրաբարյան ուղղագրությունը պահպանել: Սակայն դա օրըստօրե ավելի է դժվարանում` արտերկրների գաղթօջախների հայության արտասանական նորմերի տարբերությունների պատճառով: ՀՀ-ի, ԼՂՀ-ի և, ընդհանրապես, ողջ արևելահայությունը գործածում է 1940 թ. պետականորեն ընդունված նոր ողղագրությունը: Այն ստեղծվել է ուղղագրությանը ներկայացվող ժամանակակից լեզվաբանական սկզբունքների կիրառմամբ. չկտրվելով ավանդականից` տեղ տալ նաև հարյուրամյակների ընթացքում ձևավորված ու հնչյունական փոփոխությունների հետևանքով առաջացած արտասանական նորմերին:
|
Категория: Мои статьи | Добавил: Արայ (25.10.2012)
|
Просмотров: 2371
| Рейтинг: 3.0/5 |
|
Наш опрос | |
|