Հիշեցնենք, որ տաճարականները կամ տամպլիերները (ֆրանսերեն «temple»՝ «տաճար» բառից), որոնց անվանում են նաև «Քրիստոսի և Սողոմոնի տաճարի չքավոր ասպետներ», ներկայացուցիչներն էին հոգևոր-ասպետական կաթոլիկական օրդենի, որը հիմնվել է 1119թ. Երուսաղեմում՝ Խաչակրաց առաջին արշավանքից հետո: Օրդենի հիմնական նպատակը Երուսաղեմ այցելող ուխտավորներին մահմեդականներից պաշտպանելն էր: 12-13-րդ դդ. օրդենը վայելում էր Եկեղեցու և միապետների լիակատար աջակցությունը, օգտվում էր բազմաթիվ արտոնություններից և աստիճանաբար հարստացավ ու ձեռք բերեց մեծ ազդեցություն: Սակայն 1307-1314թթ. Ֆրանսիայի արքա Ֆիլիպ Չորրորդի նախաձեռնությամբ տաճարականների օրդենի անդամները ձերբակալվում են: Նրանց մեղադրում են կռապաշտության, հերձվածողության, խաչը անարգելու, համասեռամոլությամբ զբաղվելու, սատանայապաշտական ծեսեր կատարելու մեջ: Օրդենի անդամներից շատերը, այդ թվում՝ մեծ մագիստրը (օրդենի ղեկավարը) մահապատժի են ենթարկվում, և 1312թ. Հռոմի Կլիմենտ Հինգերորդ պապը լուծարում է օրդենը: Ըստ ենթադրությունների՝ տաճարականների օրդենը անցնում է ընդհատակ, ընդունում կազմակերպչական այլ ձևեր, մասնավորապես՝ միաձուլվում մասոնական կառույցներին և սկսում պայքարել միապետական իշխանության դեմ: Հետագա դարերում տեղի ունեցած բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունները համարվում են տաճարականների և մասոնների գաղափարական ու կազմակերպչական աշխատանքի ու համառ պայքարի արդյունքը: Կարծիք կա, որ տաճարականների գաղափարական իդեալը տարբեր կրոնների՝ հուդայականության, քրիստոնեության, մահմեդականության սինթեզից համաշխարհային նոր կրոն ու միասնական մշակույթ, իսկ տարբեր ազգերի միաձուլումից՝ համաշխարհային մեկ ազգ ստեղծելն է: Ըստ այդմ, տաճարականներն ու մասոնները համարվում են լիբերալիզմի (ազատականության) արժեքների ջատագով: |