Суббота, 27.04.2024, 09:42Приветствую Вас Гость

Պատանի Պատմագետների Ակումբ

Блог

Главная » 2013 » Апрель » 3 » ՎԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ
01:12
ՎԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

ՎԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ







 1915 թ. այս օրերին թուրքական իշխանությունները, օգտվելով սկսված համաշխարհային պատերազմի ընձեռած պատեհ հնարավորությունից, որոշեցին իրականացնել իրենց հրեշավոր ծրագիրը` բնաջնջելու միջոցով լուծել Հայկական հարցը: Այնպես որ, Հայոց եղեռնը նախօրոք մտածված, մանրամասն ծրագրված ու հատուկ այդ նպատակով ստեղծված պետական կառույցների կողմից իրականացվող քաղաքականություն էր, որին զոհ գնացին ավելի քան մեկուկես միլիոն անմեղ հայեր:

Արյունարբու ոսոխն անխնա տնավեր էր անում ու կոտորում միլիոնավոր անմեղ մարդկանց: «Քաղաքակիրթ» աշխարհն զբաղված իր աշխարհաբաժան գզվռտոցով, անտարբեր նայում էր այդ ամենին, իսկ հայ ժողովուրդն, այլ ելք չունենալովՙ ստիպված ոտքի ելավ ինքնապաշտպանվելու, գազանացած արյունախում ոհմակին դիմագրավելու, սեփական պատիվն ու կյանքը փրկելու համար: Ցավոք, շփոթված, հանկարծակիի եկած, հիմնականում անզեն ու գլխատված ժողովուրդը չկարողացավ կազմակերպել համընդհանուր, կազմակերպված, միասնական պաշտպանություն եւ Արեւմտյան Հայաստանի մեծ մասում տեղահանվեց ու կոտորվեց անխնա: Սակայն մի շարք գավառներում, այնուամենայնիվ, հայ ժողովուրդը կարողացավ կազմակերպված ինքնապաշտպանվել եւ փրկվել թուրքական յաթաղանի ամենակուլ երախից: Հերոսական էջեր գրվեցին Արեւմտյան Հայաստանի մի շարք գավառներում` Շատախում, Գավաշում, Փեսանադաշտում, Տարոնում, Մուշում, Սասունում, Շապին-Գարահիսարում, Խնուսում, Սուետիայում (Մուսա լեռ): Սակայն ուժերն անհամեմատ անհավասար էին, հայերը կրում էին պարտություն պարտության հետեւից: Իսկ արյան խրախճանքի ելած թուրքը հաղթելու դեպքում, ինչպես հատուկ է եղել իրեն (եւ` է), ոչնչացնում էր միայն:

Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության հայաշատ մյուս վայրերում թուրքերի սկսած աննախադեպ ու վայրենի տեղահանություններն ու մասսայական կոտորածներները ներառեցին նաեւ Վասպուրական աշխարհն ու նրա մայրանիստ Վանը: Արեւմտահայ ինքնապաշտպանական կռիվների խիստ ցանկալի, անհրաժեշտ, պատվաբեր ու բացառիկ զարդապսակը` հատկապես արդյունավետության տեսակետից, Վան-Վասպուրականի 1915թ. իսկապես հերոսական ինքնապաշտպանությունն էր: [1] Հերոսամարտի նախօրյակին Վանն ուներ 41000 բնակիչ, որոնցից 23000-ը հայ, իսկ 18000-ը մահմեդականներ էին, իսկ քաղաքի Այգեստան թաղամասն ուներ 20000 բնակիչ, որոնք հիմնականում հայեր էին: [2]

Դեպքերը Վանում կտրուկ կերպով սկսում են զարգանալ 1915թ. ապրիլի սկզբներից: Վանի նորանշանակ կուսակալ Ջեւդեթ բեյը հրամայում է քաղաքի հայկական թաղամասերը` Այգեստանն ու Քաղաքամեջը զորքերով շրջապատել եւ սպառնում է հաշվեհարդար տեսնել Վանի հայության հետ, եթե նրանք շարունակեն չենթարկվել ու չկատարեն իր բոլոր հրամանները: Հայերը հույսեր էին փայփայում, որ կհաջողվի խուսափել բախումից: Ստեղծված օրհասական վիճակը հայությանը հարկադրում է ուղիներ փնտրել` ջարդից խուսափելու համար: Ապրիլի 5-ից քաղաքի արվարձաններում բնակվող հայկական ընտանիքները տեղափոխվում են Այգեստան: Ապրիլի 4-ից խզվում է կապը Այգեստանի եւ Քաղաքամեջի միջեւ:

Հայերը հույս ունեին խուսափել մահաբեր բախումից: Նրանք փորձեցին ամերիկյան միսիոներ Ք. Աշըրի միջնորդությամբ բանակցելով լուծել հակասությունները: Սակայն` ապարդյուն: Ավելին, Ջեւդեթը հայերին ոչ միայն ամբաստանում է չեղած խռովության մեջ, այլեւ սպառնում. «եթե հայերը մի կրակոց արձակեն... ես քաղաքը կոչնչացնեմ, չթողնելով իմ ծնկից բարձր երեխա»: [3] Անարդյունք բանակցություններից հիասթափված Աշըրը հայերին խորհուրդ է տալիս, ասելով. «Ձեզի կը մնա պաշտպանել ձեր կեանքը, վասնզի հույս վերջացած է...»: [4] Սպառելով բոլոր միջոցները եւ մի կողմ թողնելով կուսակցական տարաձայնությունները, վանեցիները որոշում են համախմբվել եւ դիմել ինքնապաշտպանության:

Ապրիլի 5-ին ստեղծվում է Վանի հայ ինքնապաշտպանության Զինվորական մարմին, որի ղեկավարն էր հայ ժողովրդի պանծալի զավակ, ռամկավար (նախկին արմենական) Արմենակ Եկարյանը, անդամներ էին Կայծակ Առաքելը (Աբաջյան Տիգրան), Բուլղարացի Գրիգորը (երկուսն էլ դաշնակցական), որոնց մի փոքր ուշ միացան Փանոս Թերլեմեզյանը եւ Արամ Մանուկյանը:

Ինքնապաշտպանության ընդհանուր ղեկավարությունն իրականացրել է Արամ Մանուկյանը, նրան օժանդակել են բոլորը, կուսակցական նախկին անհանդուրժողականությունը տեղի էր տվել համերաշխությանը, ինչը միշտ երազել էր հայը: Զինվորական մարմնին կից ստեղծվում են նաեւ այլ ստորաբաժանումներ, որոնք կոչված էին ապահովելու հաջող ինքնապաշտպանությունը: Կազմվում է «Ամրաշեն խումբ», որտեղ ընդգրկվում են մոտ 18000 անզեն տղամարդիկ, որոնք հիմնականում գյուղերից Այգեստանում ապաստանածներն էին: Այս խումբը կառուցում է պաշտպանական ամրություններ եւ մարտերի ընթացքում ամենաշատ զոհեր նրանք են տալիս, որովհետեւ երբեմն թշնամու կրակի տակ էին կառուցում ու վերականգնում ամրություններ, խրամատներ փորում եւ ապահովում կռվողների պաշտպանունակությունը: «Օժանդակ մարմինը» իրականացնում էր կապը Զինվորական մարմնի եւ դիրքերի միջեւ: «Հայթհայթիչ հանձնաժողովը» տնօրինում էր սննդամթերքի ձեռքբերման եւ բաշխելու գործը: Խիստ կարեւոր էր զինամթերքի պատրաստման եւ վերանորոգման արհեստանոցի կազմակերպումը, որտեղ ընդգրկված էին 50-ից ավելի արհեստավորներ: Զինվորական մարմնի հրամանները, հայտարարությունները եւ կոչերը ժողովրդին հասցնելու համար ստեղծվում է «Տեղեկատու դիվան»: Ներքին կարգն ու կանոնը վերահսկելու համար կազմակերպվում են ոստիկանություն եւ դատարան: Մարտիկներին ու ողջ ժողովրդին անասելի ոգեւորում էր հատուկ այդ նպատակով ստեղծված «Ֆանֆառը»` դպրոցական նվագախումբը: Ի պատիվ վանեցիների, նշենք, որ այս ամենն ստեղծվում է ընդամենը երեք օրվա ընթացքում: Թաղամասի սանիտարական վիճակը եւ աղբահանությունը կազմակերպում է քաղաքապետարանը: Քաղաքապետն էր Պետրոս Մոզոյանը, իսկ օգնականներըՙ Խաչիկ Զենոբյանը եւ Ղեւոնդ Խանջյանը (Աղասի Խանջյանի հայրը, արմենական-ռամկավար):

Այգեստանը բաժանվում է յոթ ինքնապաշտպանական շրջանների` 79 դիրքով: Հայ մարտիկների թիվը 1053 էր, իսկ զենքի քանակը` 505 հրացան եւ 549 ատրճանակ: Հակառակորդի ուժերը մոտ 12000 զինվոր էր, գումարած թուրք խուժանն ու քուրդ պատեհապաշտ հրոսակները: [5]

Ապրիլի 5-ին Զինվորական մարմինը հատուկ շրջաբերականով հայտնում է, որ իրենց կռիվը պաշտպանողական է, եւ բոլորը պարտավոր են ենթարկվել իրենց հրահանգներին: Այնուհետեւ պաշտպանության ամբողջ ընթացքում ընդունվեցին էլի մի շարք շրջաբերականներ, որոնցով, փաստորեն, Զինվորական մարմինն իրականացնում էր թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանության գործառույթներ:

***

1915 թ. Վանի հերոսական ինքնապաշտպանությունն սկսելու առիթ է ծառայում ապրիլի 7-ի միջադեպը: Շուշանց գյուղից Այգեստան վերադարձող կանանց վրա թուրք զինվորներ են հարձակվում, որոնց պաշտպանելիս զոհվում են երկու հայ երիտասարդներ, եւ հայերն ստիպված պատասխան կրակ են բացում: Թուրքական հրետանին սկսում է ռմբակոծել Այգեստանը: Կենաց ու մահու կռիվն սկսված էր:

Ապրիլի 7-ին Զինվորական մարմինը կոչով դիմում է թուրք ազգաբնակչությանը եւ պարզաբանում հայերի ինքնապաշտպանության դրդապատճառները, ընդգծելով, որ վալիները կգան ու կգնան, իսկ մենք ապրելու ենք միասին, մենք թշնամիներ չենք, մեզ արհեստականորեն թշնամացնում են կառավարիչները:

Վանի հերոսամարտի մասին շատ է գրվել եւ, կարծես, բոլոր մանրամասները հայտնի են: Առկա են նաեւ բազմաթիվ տարաբնույթ եւ իրարամերժ գնահատականներ, որոնցով լի են հատկապես կուսակցական հուշագիրների ու պատմագիրների երկերը: Սակայն հստակ է մի բան, որն ընդունում են բոլորը. ինքնապաշտպանությունն իրականացվել է Արամ Մանուկյանի եւ Արմենակ Եկարյանի ընդհանուր ղեկավարությամբ: Նրանք եւ իրենց զինակիցները եղան ինքնապաշտպանության հիմնական կազմակերպիչներն ու ոգեշնչողները, ինչի մասին կան բազմաթիվ վկայություններ: Նրանց օժանդակել են բոլորըՙ առանց խտրականության եւ, որ ամենակարեւորն է, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից:

Ինքնապաշտպանության մանրամասն նկարագրությունը մեր խնդիրը չենք համարում: Կռվի ողջ ընթացքում հերոսական դրվագները հաջորդում էին մեկը մյուսին, որոնց մասին առկա են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի ականատեսների եւ ուսումնասիրողների բազմաթիվ վկայություններ: [6] Ընդ որում, հերոսանում էին ոչ միայն կռվող մարտիկները, այլեւ բոլորն անխտիրՙ յուրաքանչյուրն իր ասպարեզում:

Չնայած հայերի հերոսական ջանքերինՙ իրադրությունն օրեցօր ավելի սպառնալի էր դառնում: Թուրքերն անընդհատ օգնական ուժեր էին ստանում, իսկ հայերի զինամթերքը սպառվում էր: Այգեստանի բնակչությունից բացի հարկավոր էր կերակրել 55000-ից ավելի գաղթականությանը: Ելնելով սրանիցՙ Զինվորական մարմինը ռուսական բանակին ընդառաջ պատգամախոսներ է ուղարկում, շուտափույթ օգնության խնդրանքով: Տեղ են հասնում նրանցից միայն երեքը: [7]

Այգեստանում շարունակվում էին կատաղի մարտերը: Անզորությունից ու հայերի հերոսական դիմադրությունից կատաղած թշնամին քաղաքի վրա օրական 300-400 ռումբ էր արձակում, ձեռնարկում մեկը մյուսից կատաղի գրոհներ: Սակայն միակամ ու բռունցք դարձած հայերը դիմադրում էինՙ ամեն անգամ ցույց տալով իրար գերազանցող հերոսացման դրվագներ: Օրօրի թուրքերի ճնշումն անտանելի էր դառնում, չէր բավարարում զինամթերքը, սկսել էր զգալի դառնալ սննդի պակասը: Ապրիլի 15-ին Վանից նոր սուրհանդակներ են ուղարկվում գործող ռուսական բանակՙ օր առաջ օգնության հասնելու խնդրանքով:

Այդ ընթացքում Ջեւդեթը, տեսնելով որ զենքի ուժով չի կարողանում ծնկի բերել հայերին, փորձում է դիմել խորամանկության: Ապրիլի 21-ին երկու հայ կանանց միջոցով նամակ է ուղարկում Զիվորական մարմնին, որով խոստանում էր կյանքի ու գույքի ապահովությունՙ զենքը վայր դնելու եւ հանձնվելու դեպքում: Հայերը, շատ լավ ճանաչելով թշնամուն, մերժում են, բայց եւ նամակի բովանդակությունից հասկանում են, որ ռուսական բանակը հաղթարշավ առաջ է շարժվում: Մերժված Ջեւդեթն ամբողջ ուժով նետվում է գրոհի. «...Ապրիլի 21-ի կռիվները իրենց կատաղութեամբ ոչ նախընթաց ունեին եւ ոչ ալ այլեւս կրկնվեցին»: [8] Համառ մարտերը շարունակվում են մինչեւ ապրիլի 28-ը: Իսկ ապրիլի 29-30-ը խաղաղ է անցնում:

Հետագայումՙ հատկապես մայիսի 3-ի ցերեկը, թեեւ թուրքերը կատաղի ռմբակոծում են Այգեստանը, սակայն երեկոյան թողնում են Վանը: Շուտով քաղաք են մտնում ռուսական բանակի առաջամարտիկ հայ կամավորական ջոկատները: Քաղաքը փրկված էր: Հայերը գրկում, համբուրում են միմյանց, հարցնելով. «Ասիկա երա՞զ է, թե՞ իրականութիւն...»: [9]

Վանի հերոսամարտը տեւում է ապրիլի 6-ից մինչեւ մայիսի 3-ը, երբ Ջեւդեթը դիմեց փախուստի, եւ Վան մտան հայ կամավորականները:

Վերջում կուզենայինք հայտնել որոշ նկատառումներ.

1. Նախ արձանագրենք, որ 1915 թ. Վանի ապրիլյան հերոսամարտը միակն էր արեւմտահայ ինքնապաշտպանական կռիվներից, որն իսկապես տվեց ցանկալի արդյունքը` իրական ոչնչացումից փրկվեց արեւմտահայ ժողովրդի 150 հազարից ավելի հատվածը:

2. 1915 թ. Վանն ուներ արմենականների ղեկավարած 1896 թ. «Մեծ դեպք» անվանված ինքնապաշտպանության ուսանելի եւ խիստ հուսադրող ու ոգեւորող փորձը: 96-ի շատ մասնակիցներ կռվում ու քաջալերում էին նաեւ 1915 թ. հերոսամարտի ժամանակ:

3. Ամբողջ ինքնապաշտպանության ընթացքում Վանում առկա էր կուսակցական իրատեսական համերաշխություն, իսպառ բացակայում էին կուսակցամոլությունն ու դրա անցանկալի ազդեցությունը: Իսկ մեր պատմության ողջ ընթացքում, երբ համակարծիք ու միաբան ենք եղել, որպես կանոնՙ միշտ հաղթել ենք:

4. Վանի պաշտպանները նախապես ապավինեցին սեփական ուժին: Ճիշտ է, ռուսական բանակի օգնությունն ակնկալվում էր, սակայն նախ եւ առաջ հույսն իրենք իրենց վրա դրեցին:

5. Ինքնապաշտպանության ղեկավարությունն իրականացնում էին Արամ Մանուկյանի եւ Արմենակ Եկարյանի նման քաջակորով, անվախ, խելացի ու հաշվենկատ գործիչները: Հրամանատարներՙ ովքեր ի վիճակի են պատմություն կերտել: Իսկապես, Արամ գործիչի եւ Եկարյան հրամանատարի ընդհանուր նկարագիրը մեծ դերակատարություն ունեցավ հաղթանակը կռելու գործում:

Նրանք լավ էին ըմբռում, հասկանում արեւմտահայության ցավը եւ փայլուն պատկերացնում ամենագլխավոր խնդիրը` ինքնապաշտպանվել նախ ֆիզիկական գոյությունը պահպանելու, ապա ազատություն նվաճելու համար:

Չէին վստահում մեծ տերությունների տված շռայլ խոստումներին, այլ ապավինեցին սեփական բազկին` նախապես կրթելով ու զինավարժելով ժողովրդին:

Արմենականների նման խոհեմ գործելակերպի կողմնակից էին երկուսն էլ եւ մերժում էին ցուցադրական գործողությունները:

Կողմնակից էին խաղաղ պայմաններում ավելորդ առիթներով չգրգռելու թուրքերին, այսինքն` խաղաղ գոյակցության ջատագովներ էին: Սակայն մշտապես պահանջում էին բոլորից նաեւ աչալուրջ լինել: Նրանք այն քիչ իրատեսներից էին, որոնք լավ հասկացան 1908 թ. հեղաշրջման բերած սահմանադրության իրական արժեքը, եւ որ թուրքերի առաջարկած բարեկամությունը ժամանակավոր ու խաբուսիկ է:

Դեմ էին կամավորական շարժմանը, որովհետեւ դա, նրանց կարծիքով, գազազեցնում էր թուրքերին, որոնք նախապես մշակված ծրագիր ունենալով, առիթ էին փնտրում ջարդերի միջոցով մեկընդմիշտ փակելու Հայկական հարցը:

Վճռական պահերին հեռու մնացին կուսակցական ցավագարությունից: Թեեւ Զինվորական մարմինը ղեկավարում էր փառապանծ ու վեհանձն Արմենակ Եկարյանը, որը ռամկավար էր, դաշնակցական, հնչակյան ու ոչ կուսակցականներ էլ շատ կային ինքնապաշտպանության ղեկավար մարմնում, որոնք կատարում էին ամենակարեւոր ֆունկցիաներ, սակայն դա ամենեւին չէր խանգարում, որ նրանք համատեղ ու միակամ պայքարեն անարգ թշնամու դեմ: Այս ամենն էլ ամենադրական արդյունքն էր տալիս` ժողովուրդն ու շարքերը ներդաշնակ համերաշխությամբ եւ իրենց հերոսական քաջագործություններով միահամուռ կռում էին բաղձալի հաղթանակը:

Ուզում եմ ընդգծել նաեւ մի կարեւոր հանգամանք: Մեր օրերի ազատությունը հնարավորություն է ընձեռում գրելու ամեն ինչի ու բոլորի մասին: Չկան արգելված թեմաներ: Սակայն երբեմն գրվում են նախադասություններ, օգտագործվում են մակդիրներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Կամ մեծարվում, փառաբանվում են գործիչներ, իսկ նրանց կողքին ոչ պակաս հերոսացած նվիրյալներ մոռացության մատնվում: Կարծում եմ, ժամանակն է բոլորի նկատմամբ լինելու ուշադիր եւ տուրք չտալու կուսակցականությանը: Համոզված եմ նաեւ, որ սա այն դեպքն է, երբ ով էլ գրիչ վերցնի հերոսամարտի մասին գրելու, մեծարանքի, գնահատանքի ու փառաբանման խոսքերից բացի ոչինչ չի գրի: Իսկապես լավ է ասված. «...Ամբողջ ժողովուրդի մը համար ստեղծվեց նոր պատմութիւն եւ կեանքի կոչվեց ու իրականացուց մեր հայրենիքի աւերակներուն վրայ 500 տարիներէ ի վեր թափառական ու անհանգիստ երազը»: [10] Մեծ երազը, որը իրականություն դարձավ, առարկայացավ, երբ կերտվեց Ազատ եւ Անկախ Հայաստանը:


1. Որոշ վերապահություններով դրական վերջաբան ունեցավ նաեւ Մուսա լեռան ինքնապաշտպանությունը: Սակայն, եթե հաշվի առնենք մասշտաբներն ու հայրենի հողի վրա մնալու հանգամանքը, ապա իսկապես Վանի ինքնապաշտպանությունը համամատությունից դուրս է եւ բացառիկ:

2. Վան-Վասպուրականի հերոսամարտը, ժողովածու , կազմեց Հ. Դ. Փափազյան, Ե., 1990, էջ 45:

3. Knapp G. H., The Tragety of Bitlis, Being Majnli the Narratives of Grisel M. Mc Laren and Myrtel O. Shane, N. Y., 1919:

4. Մխիթարյան Օ., Վանի հերոսամարտը, Սոֆիա, 1960, էջ 50:

5. Սահակյան Ռ., Արեւմտահայության ցեղասպանությունը եւ ինքնապաշտպանական կռիվները 1915 թվականին, Ե., 2005, էջ 193:

6. Հոդվածը չծանրաբեռնելու համար նշենք միայն մի քանիսինՙ Արմենակ Եկարյան, Փանոս Թերլեմեզյան, Օնիկ Մխիթարյան, Ա-Դո, Knapp G. H., Usser C. D., Nogales R. de, Lepsius I. Oh., Barrows J. O., Bryce J.:

7. «Մշակ», 1915, 2 մայիսի:

8. Մխիթարյան Օ., նշվ. աշխ., էջ 146:

9. «Վան-Տոսպ», 1916, ապրիլի 28, թիվ 22-23, էջ 25:

10. «Արամը: Մահուան յիսնամեակին առթիւ», Երեւան, 1991, էջ 154:

ՍՈՒՐԵՆ ԹԱՐԽԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու


Նկար 1. Արմենակ Եկարյան

Նկար 2. Վանի զինվորական մարմնի ղեկավար Վանի պաշտպանության բազմաթիվ խմբերից Ռուբեն Հյուսյանի խումբը:

Просмотров: 2723 | Добавил: Արայ | Теги: անդամներ էին Կայծակ Առաքելը (Աբաջյա, ՎԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ, որոնց մի փոքր ուշ միացան, Բուլղարացի Գրիգորը (երկուսն էլ դաշն, Արմենակ Եկարյանը | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Архив записей
Наш опрос
Գնահատեք Մեր Աշխատանքները
Всего ответов: 172
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz