Суббота, 27.04.2024, 18:48Приветствую Вас Гость

Պատանի Պատմագետների Ակումբ

Блог

Главная » 2013 » Апрель » 4 » Հայ սփյուռք
00:38
Հայ սփյուռք
Հայ սփյուռք

Հայ սփյուռքը հայրենիքից դուրս գոյություն ունեցող հայկական համայնքների հավաքականությունն է։ Արևմտահայության նկատմամբ թուրք, իշխանությունների 1915-ին կիրառած ցեղասպանության հետևանքով ոչնչացվեց ավելի քան 1,5 մլն հայ։ Փրկված հայերը բնակություն հաստատեցին աշխարհի տարբեր երկրներում, համալրելով գոյություն ունեցող հայ գաղութները կամ էլ ստեղծելով նորերը։ Ձևավորվեց հայ սփյուռքը, որն, ի տարբերություն հայ գաղթաշխարհի նախորդ շրջանի, բնութագրվում է իբրև ցեղասպանության և բռնագաղթի հետևանք, հայ ժողովրդի մի զգալի մասի գոյատևում հայրենիքից դուրս և ունի հայրենիք (տվյալ դեպքում՝ Արևմտյան Հայաստան) վերադառնալու և այնտեղ վերահաստատվելու ակնկալություն։ «Սփյուռք» տերմինը իր ժամանակակից իմաստով սկսել է օգտագործվել 1920-ական թվականներից։

Դեռևս Մեծ եղեռնի ժամանակ Սիրիա և Լիբանան (որոնք մտնում էին Օսմանյան կայսրության կազմի մեջ) արտաքսված հայերի մի մասը բնակություն հաստատեց այդ երկրներում։ Հետագա տարիներին հայերի մի մասը շարունակեց արտագաղթը դեպի Ֆրանսիա, Հունաստան, ԱՄՆ, ինչպես նաև Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ (դրանով իսկ սկիզբ դնելով հայ համայնքների ձևավորմանը նաև Հվ. Ամերիկայում)։ Հայերի մի մասն էլ անցավ Կիլիկիա, սակայն 1921-ի թուրք-ֆրանսիական պայմանագրի կնքումից հետո, երբ ֆրանսիացիները դրժեցին հայերին ինքնավարություն տալու իրենց խոստումը և լքեցին Կիլիկիայի հայ բնակչությանը, հայերը հարկադրված էին հեռանալ իրենց հայրենիքից։ Հունաստան տեղափոխված հայերի (շուրջ 70 հզ. մարդ) զգալի մասը հույն-թուրքական պատերազմում (1919–1922) Հունաստանի պարտությունից հետո թողեց երկիրը և բնակություն հաստատեց Ֆրանսիայում, Հս. և Հվ. Ամերիկայում, մասամբ նաև Սիրիայում ու Լիբանանում, ուր զգալի թվով հայեր տեղափոխվեցին նաև 1938–1939-ին՝ Սիրիայի Ալեքսանդրետի սանջակից, երբ վերջինս Ֆրանսիայի և Թուրքիայի միջև կայացած գործարքի հետևանքով տրվեց Թուրքիային։ 1920-ական թթ. վերջին – 30-ական թթ. սկզբին սփյուռքի տարածական նկարագիրը հիմնականում կայունացավ։

1950-ական թթ. սկսվեց սփյուռքահայության տեղաշարժերի մի նոր շրջան, որը որոշ ընդմիջումներով շարունակվում է ցայսօր։ 1952-ի Եգիպտական հեղափոխությունից հետո սկսվեց այդ երկրից հայերի (հիմնականում ունևոր խավերի) արտագաղթը դեպի Կանադա, Ավստրալրա և այլ երկրներ։ 1958–1961-ին նկատելիորեն աճեց հայերի արտագաղթը Սիրիայից դեպի հարևան Լիբանան, ինչպես նաև Եվրոպայի և Հվ. Ամերիկայի երկրներ։ 1960-ական թթ. վերջից արտագաղթ սկսվեց Լիբանանից, իսկ 1979-ին՝ Իրանից, ապա նաև Հորդանանից և Իրաքից։ Այս երկրներից արտագաղթած հայերի մի մասը բնակություն հաստատեց Քուվեյթում և Արաբական Միացյալ էմիրություններում (որտեղ նավթարդյունահանության արագ զարգացումը որակյալ աշխատողների մեծ պահանջ ունի), իսկ հիմնական մասն արտագաղթեց ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Անգլիա, Ֆրանսիա և այլուր՝ ստվարացնելով այնտեղի հայ համայնքները։ Դրա հետ մեկտեղ նոր համայնքներ կազմավորվեցին Իսպանիայում, Շվեդիայում, ԳՖՀ-ում, Շվեյցարիայում և այլուր։

1950-ական թթ. սկսված հայերի տեղաշարժը Միջին և Մերձավոր Արևելքի երկրներից բնութագրվում է որոշակի առանձնահատկություններով։ Դրա դրդապատճառները զուտ սոցիալ-տնտեսական բնույթի են. համապատասխան աշխատանքի բացակայություն, քաղաքական անբարենպաստ պայմաններ, ազգային խտրականություն ևն։ Արտագաղթողների բացարձակ մեծամասնությունը նախընտրեց Արևմուտքի զարգացած երկրները՝ գերադասելով կայուն քաղաքական վարչակարգերը, գիտակցելով հանդերձ այդ երկրներում սոցիալ-տնտեսական ինքնահաստատման դժվարին պայմանները, ինչպես նաև ձուլման վտանգը։ Ամեն մի ազգային փոքրամասնության առջև ծառացած առաջնահերթ խնդիրը ազգային դիմագծի պահպանումն է։ Այդ նպատակով գործի են դրվում հատուկ ազգապաշտպան միջոցներ։ Հայ սփյուռքի պարագայում լրացուցիչ և հզոր ազգապաշտպան միջոց է նաև սեփական հայրենիքի նկատմամբ պատմական իրավունքների հետապնդումը։ Ձուլման պրոցեսներին հակազդելու ազգային փոքրամասնությունների ունակությունը կապված է պատմական տարբեր ժամանակահատվածների, տարբեր երկրներում գոյություն ունեցող պայմանների յուրահատկության հետ։ Յուրաքանչյուր երկրում ազգային փոքրամասնության գոյավիճակը ենթարկվում է տվյալ երկրի զարգացման ընդհանուր օրինաչափություններին, և այնտեղ կատարվող բոլոր կարգի փոփոխություններն իրենց անմիջական ազդեցությունն են գործում նաև ազգային փոքրամասնությունների վրա։ Այդպես է նաև հայ սփյուռքում, որի ընդհանուր կառուցվածքում առանձնացվում են երեք հիմնական խմբեր. Միջին և Մերձավոր Արևելքի երկրների (Իրան, Լիբանան, Սիրիա, Հորդանան. Իրաք ևն), Եվրոպայի ու Հս. Ամերիկայի երկրների (Ֆրանսիա, Անգլիա, Կանադա, ԱՄՆ), Հվ. Ամերիկայի երկրների (Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ ևն) հայ համայնքներ։ Նման դասակարգումը, պայմանական լինելով հանդերձ, թույլ է տալիս ավելի պարզորոշ ներկայացնել հայ սփյուռքի ընդհանուր նկարագիրը։

Մինչև 1915-ը Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում գոյություն ունեին փոքրաթիվ հայ գաղութներ (այսպես կոչված՝ «հին հայեր»), որոնք, սակայն, գտնվում էին քայքայման և ձուլման եզրին։ Մեծ եղեռնից հետո այդ գաղութները համալրած հայերը մեծապես նպաստեցին եղած գաղութների վերածննդին, նոր լիցք հաղորդելով դրանց ազգապահպան ճիգերին։ Մերձավոր Արևելքի երկրներում ապաստան գտած հայերի վիճակը սկզբնական շրջանում ծանր էր։ Նրանք ստիպված էին պայքար մղել իրենց գոյությունը պահպանելու համար՝ հաղթահարելով սովը, հիվանդությունները ևն։

Հայերի համար կարևոր էր տեղի արաբ ժողովրդի ընդհանուր առմամբ բարյացակամ վերաբերմունքը, որը դյուրացնում էր հայերի սոցիալ-տնտեսական ինքնահաստատումը։ Դժվար պայմաններում հայ գաղթականները ձեռնամուխ եղան նոր ազգային կենտրոնների ստեղծմանը, զբաղվեցին արհեստներով, մանրածախ առևտրով, այգեգործությամբ ևն։ Տարիների ընթացքում հայերը հասան զգալի հաջողությունների տնտեսական ոլորտում, դրանով իսկ բարձրացնելով իրենց սոցիալական կարգավիճակը։ Դա առավելապես արտահայտվեց հետպատերազմյան շրջանում։ Հատկապես հատկանշական է հայերի ավանդը Լիբանանի, Սիրիայի, Իրանի տնտեսական զարգացման գործում։

Եթե սկզբնական շրջանում հայ գաղթականների մեջ դժվար էր նկատել սոցիալական շերտավորում, ապա հետագայում այն ընդունեց բավական հստակ տեսք։ Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում, ինչպես նաև Եգիպտոսում, հայեր կան բոլոր խավերի կազմում։ Ցայսօր էլ Սիրիայում, Իրանում, Իրաքում զգալի է հայ գյուղացիության թիվը, ավելի մեծ թվով հայեր զբաղվում են առևտրով (մանրածախ և խոշոր), արհեստներով, իսկ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մեծ չափով աճեց հայ մտավորականների, ինժեներների, բժիշկների, իրավաբանների, պետական ծառայողների թիվը, կան նաև խոշոր ձեռնարկատերեր, արդյունաբերողներ։ Հայերը մասնակցեցին այդ երկրների, մասնավորապես՝ Լիբանանի և Սիրիայի, ազգային–ազատագրական, հակաիմպերիալիստական պայքարին։ Հայերի նման դիրքորոշումը ոչ միայն բարձրացրեց նրանց հասարակական դերը և կշիռը, այլև հնարավորության տվեց առավել գործուն մասնակցություն ունենալու այդ երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին։ Իրանում և Լիբանանում, հայերը լինելով այդ երկրների կրոնական համայնքներից մեկը, իրավունք ստացան իրենց մշտական ներկայացուցիչներն ունենալ այդ երկրների պառլամենտներում։ Հայերի սոցիալ-քաղաքական և տնտեսական նման կարգավիճակը լայն հնարավորություն ընձեռեց նոր մակարդակի վրա կազմակերպելու նաև զուտ ազգային գործունեությունը։ Հայերի մեծամասնությունը բնակվում է քաղաքներում (Լիբանանում՝ Բեյրութ, Զահլե ևն, Սիրիայում՝ Դամասկոս, Հալեպ, Իրանում՝ Թեհրան, Թավրիզ, Հորդանանում՝ Ամման, Իրաքում՝ Բաղդադ), որտեղ հստակորեն առանձնանում են հայկական թաղամասեր։

Հայերի նման հոծ բնակեցումը ոչ միայն երկրի, այլև մի քաղաքի սահմաններում ստեղծում է բարենպաստ պայմաններ նրանց ազգային գործունեության համար։ Կարևոր նշանակություն ունի հայերի գործունեությունը նոր սերնդին հայեցի դաստիարակություն տալու ուղղությամբ։ Եթե սկզբնական շրջանում նման գործունեությունը դժվարանում էր նյութական միջոցների պակասության հետևանքով, ապա համայնքի ընդհանուր տնտեսական բարգավաճման, ինչպես նաև այլ երկրների հայ համայնքների օգնության շնորհիվ հնարավոր դարձավ ամենօրյա հայկական դպրոցների լայն ցանցի ստեղծումը Լիբանանում, Իրանում, Սերիայում, Եգիպտոսում և այլուր։ Ազգապաշտպան կարևոր միջոցներից եղավ նաև այդ երկրներում բազմաթիվ հայկական թերթերի ու ամսագրերի հրատարակումը (Լիբանանում դրանց թիվը 1970– ական թթ. հասնում էր 20-ի)։ Այստեղ տարբեր տարիներին գոյություն ունեին բազմաթիվ հայկական տպարաններ (Սիրիայում 1918-ից մինչև 1973-ը՝ 29)։ Ազգային, մշակութային, հայրենակցական, բարեգործական, երիտասարդական, կանանց և այլ կազմակերպություններն ստեղծեցին ուրույն հայկական մթնոլորտ։ Հայոց լեզուն մեծ մասամբ գործածվում է իբրև հաղորդակցման բնական միջոց։ Ձուլման պրոցեսին նպաստող ամենաազդու միջոցներից է խառնամուսնությունը (այլ ազգի ներկայացուցիչների հետ)։ Այդ տեսակետից Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներն աչքի են ընկնում նման ամուսնությունների բացարձակ սակավությամբ, ինչը հետևանք է տեղի ժողովուրդների և հայերի կրոնական տարբերության։ Այստեղ նկատելի են ակուլտուրացիայի երևույթներ, այսինքն՝ տեղի ժողովուրդների մշակույթի հիմնական հատկանիշների յուրացումը (որի կարևոր արտահայտություններից է երկլեզվայնաթյունը) սեփական, մայր մշակույթի հիմնական հատկանիշների պահպանման հետ զուգընթաց։ Բարձր է նաև այդ երկրներում ապրող հայերի ազգային ինքնագիտակցությունը։ Պատահական չէ, որ Լիբանանի, Իրանի և Սիրիայի հայ համայնքները հետպատերազմյան շրջանում դիտվում են իբրև հայ սփյուռքի մշակութային կենտրոն։ Այդ կոչումը նրանք արդարացնում են ոչ միայն ակտիվ ազգային գործունեությամբ իրենց իսկ համայնքների ներսում, այլև մյուս համայնքներին ցույց տված բազմապիսի օգնությամբ՝ հանդիսանալով սփյուռքահայ մտավորականության յուրատեսակ մի դարբնոց։

1950-ական թթ. վերջին այդ աշխարհաշրջանի հայ համայնքների համար սկսվեց մի նոր, դժվարին ժամանակաշրջան, որը պայմանավորված էր նշված երկրներում տեղի ունեցող սոցիալ-քաղաքական շարժումներով։ 1950-ական թթ. կեսին սկսվեց հայերի արտագաղթ Եգիպտոսից, իսկ հետագայում նաև Սիրիայից, Հորդանանից, Լիբանանից, Իրանից։ Դա, ըստ էության, մի նոր փուլ էր սփյուռքի գոյատևման և զարգացման ընդհանուր պատմության մեջ, որի հետևանքով սփյուռքահայությունը կանգնեց նոր և դժվարին խնդիրների առջև։ Արտագաղթող հայերի մեջ մեծ տոկոս է կազմում երիտասարդությունը և ստեղծված իրապայմաններում հայեցի դաստիարակությանն ու ընդհանրապես ազգային գործունեությունը հանդիպում է մեծ խոչընդոտների։

Սփյուռքի լայն շրջանակներում աճում է մտավախությունը կապված այդ երկրների համայնքների քայքայման հետ։ Հնարավոր քայքայման խիստ բացասական նշանակությունը հասկանալի է դառնում, եթե հաշվի առնվի, որ արտագաղթած հայերի բացարձակ մեծամասնությունը գնում է դեպի Արևմուտքի զարգացած երկրները՝ ԱՄՆ, Կանադա, Անգլիա, Շվեդիա և այլուր։

1915-ից հետո տասնյակ հազարավոր հայեր ապաստան գտան նաև Արմ. Եվրոպայի և Հս. Ամերիկայի երկրներում, ուր մինչ այդ արդեն գոյության ունեին հայկական համայնքներ։ Սփյուռքահայ համայնքների ձևավորումը այդ երկրներում բազմազան պատճառներով ընթացավ մեծ դժվարություններով։ Նախ, այդ զարգացած կապիտալիստական երկրների արտադրական ոլորտում ներգրավվելը պահանջում էր համապատասխան մասնագիտական որակավորում, իսկ ներգաղթած հայերի ճնշող մեծամասնությունը երկրագործներ էին, և, նրանք, բնականաբար, ստիպված էին սկզբնական շրջանում կատարել որակավորում չպահանջող ծանր ու ցածր վարձատրվող աշխատանք։ Աշխատող հայերի մեծ մասն ընդգրկված էր մետաղագործական, կաշվի, մեխանիկական և այլ արտադրություններում։ Գյուղատնտեսության ոլորտը փակ էր հայերի համար ազատ հողատարածությունների բացակայության և օտարազգիների նկատմամբ տեղի գյուղական միջավայրի ընդհանուր առմամբ բացասական վերաբերմունքի պատճառով։ Այդ տեսակետից բացառություն էր ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգը (մասնավորապես՝ Սան Վոքին հովիտը), ուր հայերը օգտվեցին եղած հնարավորություններից և զգալի հաջողությունների հասան այդ շրջանի գյուղատնտեսության զարգացման գործում։ Այդ երկրների համար բնորոշ էր նաև ազգային խտրականության քաղաքականությունը, որը տարածվեց նաև հայերի վրա։

Հայերի համար լրացուցիչ դժվարություններ էին ստեղծվում նաև այն պատճառով, որ նրանց մեծամասնությունը չէր տիրապեւոում տվյալ ժողովուրդների լեզվին, և որ տեղի ժողովուրդները գրեթե ոչ մի պատկերացում չունենալով հայ ժողովրդի, նրա պատմության և մշակույթի մասին, ինքնաբերաբար նրանց վրա էին տարածում «ասիացիների» մասին ունեցած իրենց սխալ պատկերացումը։ Այս ամենը հայերի համար ունեցավ ծանր հետևանքներ, նրանց համար անհնարին էր դարձել մի շարք մասնագիտությունների ձեռքբերումը և դրանցով զբաղվելը, առաջին հերթին նրանց էին ազատում աշխատանքից ևն։ Վերջին պարագան առավել նշանակություն ստացավ 1920-ական թթ. վերջին և 1930-ական թթ., երբ ամբողջ կապիտալիստական տնտեսությունում սկսվեց ճգնաժամի ծանր շրջան։ Հայերի նկատմամբ նման վերաբերմունքի հետևանքներից մեկը եղավ այն, որ այդ երկրների հայերի մոտ առևտուրը (հատկապես մանրածախ) դարձավ գործունեության ամենամատչելի ոլորտներից մեկը։ Սկզբնական սոցիալ-մշակութային հարմարվողականության դժվար շրջանից հետո տեղի հայերը, շնորհիվ իրենց գործնական ընդունակությունների և աշխատասիրության, դարձան այդ երկրների հասարակության լիիրավ քաղաքացիներ։

Սփյուռքահայերի նոր սերունդները, որոնք աճել և կրթություն են ստացել տեղական ուսումնական հաստատություններում, գրեթե լիովին ընդօրինակեցին իշխող ապրելակերպի նորմերը։ Դրա հետևանքով, հենց տվյալ հասարակություններում, սկսվեց ձևավորվել ընդհանուր առմամբ դրական վերաբերմունք տեղի հայերի նկատմամբ։ Նման պայմաններում հայերի համար ավելի լայն հնարավորություններ ստեղծվեցին իրենց գործունեությունը ծավալելու տարբեր ոլորտներում, որի շնորհիվ նրանք շուտով տեղ գրավեցին այդ հասարակությունների սոցիալական կառուցվածքի ամենատարբեր, այդ թվում՝ նաև բավական բարձր օղակներում։ Ժամանակի ընթացքում պարզվեց, սակայն, որ նման հաջող սոցիալ-մշակութային հարմարվողականությունը ձեռք է բերվում թանկ գնով՝ ազգային դիմագիծը կորցնելով, ձուլումով։ Սփյուռքահայերը արմ. երկրներում ենթարկվում են ինչպես տեղի իշխող «մասսայական» մշակույթի ազդեցությանը, որի առանձնահատուկ գծերից է ապազգային բնույթը, այնպես էլ տվյալ երկրներում այլ ազգությունների արագ ձուլման հատուկ մշակված և ավանդույթներ ունեցող պետական քաղաքականությանը։ Նման պայմաններում սփյուռքահայերի ավելի բարձր սոցիալական և տնտեսական կարգավիճակի հասնելու բնական ձգտումը ստիպում էր նրանց շատ դեպքերում ոչ միայն առավելագույնս հարմարվել տվյալ միջավայրին, այլ նաև աննպատակահարմար էր դարձնում «հայկականության» որևէ դրսևորում։ Դրա ցայտուն արտահայտություններից է այն անմխիթար վիճակը, որ ստեղծվեց Արևմուտքի երկրների հայ համայնքներում մանկահասակների հայեցի դաստիարակության գործում։ Երկար ժամանակ այստեղ գոյություն ունեին հիմնականում միայն մեկօրյա հայկական վարժարաններ։ Թեև դրանք ունեն դրական նշանակություն, այնուամենայնիվ այդ տիպի դպրոցների արդյունավետությունը ազգային դաստիարակության տեսակետից բավարար չէ։ Արևմուտքի երկրներում բնակվող հայ երիտասարդության ճնշող մեծամասնությունը լավագույն դեպքում տիրապետում է հայերենի խոսակցական լեզվի սոսկ տարրերին։ Դա իր հերթին անխուսափելիորեն անդրադառնում է նաև հայկական մամուլի վրա, որը բավականին զարգացած է արմ. երկրներում. մասնավորապես ԱՄՆ-ում լույս են տեսնում մի քանի տասնյակ տարբեր բնույթի հայկական լրագրեր ու ամսագրեր։ Նկատելի է տեղական լեզուներով (անգլ., ֆրանս. ևն) հրատարակությունների թվի մշտական ավելացման միտում։ Հայատառ հրատարակությունները, որպես կանոն, ունեն առանձին ենթաբաժիններ կամ հատուկ թողարկումներ օտար լեզվով։ Հայ մանուկների հայեցի դաստիարակությանը (որից կախված է ընդհանրապես հայ սփյուռքի հետագա գոյատևումը) լուրջ խոչընդոտ են նաև խառնամուսնությունները, որոնց տոկոսը մեծ չափերի է հասնում արմ. երկրներում։ Այսպես, Լիոնում (Ֆրանսիա) 1966–1971-ին դրանց թիվը կազմում էր 51%, նման պատկեր է տիրում նաև ԱՄՆ-ի «ամերիկածին» հայերի շրջանում։ Ծնողներից մեկի (հատկապես՝ մոր) ոչ հայ լինելը գրեթե անհնարին է դարձնում երեխաների ազգային ինքնագիտակցության զարգացումը։

Խառնամուսնություններին նպաստող պայմաններից է սփյուռքահայերի և տեղի բնակչության միջև կրոնական դավանանքների միջև էական տարբերության բացակայությունը։ Արևելքի երկրներից արևմուտք գաղթած հայերն իրենց հատուկ զարգացած ազգային ինքնագիտակցությամբ մեծապես նպաստեցին տեղի համայնքների ազգային կյանքի աշխուժացմանը, նոր լիցք հաղորդելով տեղացի հայերի ազգային ինքնատիպությունը պահպանելու ջանքերին։ ԱՄՆ-ում և այլուր հիմնվեցին հայկական ամենօրյա դպրոցներ, պարբերականներ ևն։ Այնուամենայնիվ, երիտասարդների մոտ ակնառու է ակուլտուրացիայի երևույթների բավական արագ ընթացքը։

Դեռևս XIX դ. վերջին փոքր թվով հայեր բնակություն էին հաստատել Հվ. Ամերիկայի երկրներում (Արգենտինա, Բրազիլիա ևն)։ Սակայն միայն XX դ. 20– 30-ական թթ. հայերի ներգաղթից հետո այս երկրներում ստեղծվեցին հայկական համայնքներ և ծավալվեց ազգային գործունեություն։ Հայ սփյուռքի համակարգում Լատինական Ամերիկայի երկրների հայկական համայնքները սկզբից ևեթ բնորոշվել են որոշակի առանձնահատկություններով, որոնք պայմանավորված էին այդ երկրների աշխարհագրական դիրքով (դրա պատճառով տեղի հայ համայնքների կապը սփյուռքի այլ համայնքների հետ թույլ էր), տնտեսապես թույլ զարգացումով և ցածր կենսամակարդակով, նաև ներքին քաղաքական անկայուն վիճակով։ Տարիների ընթացքում տեղի հայերը որոշակիորեն ինքնահաստատվեցին և՛ սոցիալապես, և՛ տնտեսապես։ Նրանք հիմնականում արհեստավորներ են, առևտրականներ, ձեռնարկատերեր, վերջին ժամանակաշրջանում աճել է նաև մտավորականության և ուսանողության թիվը։ Համայնքների քանակական աճը ընթանում է բնական վերարտադրության եղանակով, այստեղ չեն նկատվում այնպիսի էական փոփոխություններ (բացասական թե դրական՝ արտագաղթի հետևանքով համայնքների քայքայում, ներգաղթի պարագայում ազգային կյանքի աշխուժացում), ինչպես Արլ-ի և Արմ-ի երկրների հայ համայնքներում։ Համայնքների փոքրաթիվ լինելու հանգամանքը նպաստում է խառնամուսնությունների արագ տարածմանը։ Դրան նպաստում է և այն, որ այս երկրներում դարերի ընթացքում տեղի են ունեցել ռասայական և ազգային միաձուլման պրոցեսներ, ինչի հետևանքով տվյալ հասարակություններին բնորոշ չէ խտրականությունն այլազգիների նկատմամբ: Եվ նաև այն, որ այստեղ իշխող կրոնը քրիստոնեությունն է, որի պատճառով որոշակիորեն թալանում է հայ առաքելական եկեղեցու ազգապաշտպան դերը։

Միևնույն ժամանակ այստեղ, ի տարբերություն Արևմուտքի երկրների, կաթոլիկ եկեղեցին ձգտում է ուժեղացնել և ընդարձակել իր ազդեցությունը հայ համայնքների վրա։ Նման պայմաններում մայրենի հայ մշակույթի վրա մեծապես ներազդում է ինչպես իշխող, այնպես էլ արմ. ապազգային «մասսայական» մշակույթը։ Դրա դրսևորումներն են՝ հայոց լեզվի մոռացությունը՝ հատկապես երիտասարդության մոտ, հայկական փոքրաթիվ պարբերականների հրատարակումը, քիչ թվով ամենօրյա հայկական դպրոցների գոյությունը, համայնքային կյանքից տեղի հայերի ինքնահեռացման միտումը ևն։ Նման իրավիճակը Հվ. Ամերիկայի հայ համայնքներում գործող մշակութային, քաղաքական, երիտասարդական, մասնագիտական ևն կազմակերպություններին և միություններին թելադրում է գտնել գործուն ազգապաշտպան միջոցներ նկատվող ազգաձուլմանը հակազդելու համար։

Ազգային փոքրամասնությունների (ներառյալ սփյուռքը), ինչպես և ամեն մի մարդկային հանրության գոյությունն ու գործունեությունը հնարավոր է որոշակի սոցիալական հիմնարկությունների առկայության պայմաններում, որոնց հիմնական ֆունկցիան միասնականության ապահովումն է, նրա անդամների համախմբումը որոշակի ազգային–մշակութային արժեքների շուրջ։ Այդ նպատակով սփյուռքում ստեղծվել են հայկական տարբեր կազմակերպություններ՝ հայրենակցական, մշակութային, բարեգործական ևն։ Հայ սփյուռքի ձևավորման ժամանակաշրջանում հիմնվեցին հայրենակցական միություններ, որոնք սփյոտքահայերին համախմբում են ըստ նրանց ծննդավայրի։ Իրենց կազմում ընդգրկելով ինչպես տվյալ երկրռւմ ապրող հայերին, այնպես էլ նորեկներին, նրանք մեծապես աջակցել են աշխատանքի տեղավորվելու, բնակարան ունենալու և այլ կենսական հարցերում։ Բացի այդ, հայրենակցական միությունները ստեղծում էին մի հատուկ սոցիալ-հոգեբանական մթնոլորտ՝ ընդհանուր ճակատագրի, սովորույթների, բարբառի, ինչը խիստ անհրաժեշտ էր սկզբնական շրջանում օտար միջավայրին հարմարվելու համար։

Հայրենակցական միությունները հայրենանվեր մեծ դեր խաղացին երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և հայրենադարձության կազմակերպման գործում։ Սփյուռքահայերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման և կայունացման հետ հայրենակցական միությունների գործունեության հիմնական ոլորտը դարձավ դպրոցաշինությունը, մշակութային կյանքի կազմակերպումը ևն։

Վերջին շրջանում դրանց դերը և նշանակությունը սփյուռքահայ կյանքում որոշակիորեն նվազեց։ Հիմնական պատճառը սերնդափոխությունն է. սփյուռքահայերի երկրորդ և հաջորդ սերունդները, ծնված լինելով օտարության մեջ և աղոտ պատկերացում ունենալով իրենց ծնողների ծննդավայրի մասին, գերադասում են համախմբվել ընդհանուր մշակութային, մարզական և այլ կազմակերպությունների շուրջ։ Սակայն, միևնույն ժամանակ, վերջին տարիներին ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրներում ձևավորվել են Լիբանանից, Իրանից և այլ երկրներից ներգաղթած հայերի հայրենակցական միություններ։

Սփյուռքի ձևավորման սկզբնական շրջանում նոր խնդիրներ ունեին նաև բարեգործական ու բարեխնամ կազմակերպությունները, բազմաբնույթ օգնություն հազարավոր հայ գաղթականներին, հատկապես` որբ երեխաներին։ Առանձնահատուկ տեղ է գրավում 1906-ին Կահիրեում ստեղծված Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)։ ՀԲԸՄ այն եզակի հաստատություններից է, որոնք գործում են ամբողջ սփյուռքում, իսկ վերջին տասնամյակներին սերտ ու մշտական կապերը Սովետական Հայաստանի հետ առավել արդյունավետ դարձրին նրա ազգապահպան գործունեությունը։ Գործում է ՀԲԸՄ ավելի քան 115 մասնաճյուղ, աշխարհի 20 երկրներում, անդամների թիվը՝ 22 հզ.։ 1961-ից ՀԲԸՄ հրատարակում է «Հուշարար-Միություն» պաշտոնաթերթը (անգլերեն և հայերեն) ստեղծվել է «Հուշարար» (1914-ից) և «Միություն» (1912-ից) պարբերականների միավորումով), իսկ 1960-ից՝ «Արարատ» (անգլերեն) ամսագիրը։ 1985-ին ՀԲԸՄ ուներ սեփական 20 հայկ. վարժարան (6000 աշակերտ, 576 ուսուցիչ)։

Սփյուռքի բարեգործական հաստատություններից է նաև Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությանը (հիմնվել է 1956-ին, Լիսաբոնում), որը ֆինանսական օգնություն է ցույց տալիս սփյուռքահայ մշակութային միություններին, հայկական դպրոցներին և հոգևոր հաստատություններին, կրթաթոշակներ նշանակում հայ աշակերտներին ու ուսանողներին ևն։ Հիմնարկությանը տարեկան որոշ գումար է հատկացնում նաև Սովետական Հայաստանի առողջապահական, գիտական և այլ հաստատություններին՝ արտասահմանյան գիտական գրականություն և արդիական սարքավորումներ ձեոքբերելու համար։ Հիմնարկությանը գումարներ է տրամադրել նաև Էջմիածնի Մայր տաճարի նորոգմանը։

Սփյուռքում գործում են բազմաթիվ ազգային կազմակերպություններ, որոնք հաղթահարելով նյութական, բարոյական և այլ կարգի դժվարություններ, անգնահատելի աշխատանք են կատարում սփյուռքահայերի ազգային դիմագծի պահպանման ուղղությամբ։ Հատկապես մեծ տարածում ունեն մշակութային միությունները, որոնցից մի քանիսն ունեն համասփյուռքային նշանակություն՝ «Նոր սերունդ», Թեքեյան մշակութային միություն, Համազգային մշակութային միություն (իրենց գեղարվեստական, թատերական խմբերով) ևն, ինչպես նաև երիտասարդական, մարզական, ուսանողական (Հայ մարմնամարզական միություն (ՀՄՄ), Հայ երիտասարդաց միություն (ՀԵՄ), Հայ մարմնամարզական ընդհանուր միություն (ՀՄԸՄ)), կանանց (Հայ օգնության միություն (ՀՕՄ) և այլ միություններ ու մեծ թվով գեղարվեստական խմբեր։

Օտարության մեջ ապրող հայերի կյանքում միշտ էլ գգալի դեր է ունեցել հայ եկեղեցին, որը որոշ դեպքերում հանդես է եկել որպես տեղական իշխանությունների առջև հայերի շահերը ներկայացնող կազմակերպություն։ Հայ եկեղեցին սփյուռքահայերին ազգային արժեքների շուրջը համախմբող կարևոր մարմիններից է։

Գրեթե բոլոր հայ համայնքների առաջնահերթ խնդիրներից մեկը եղել է եկեղեցու հիմնումը։ Հայ առաքելական, ինչպես նաև ավետարանական և կաթոլիկ եկեղեցիները, սփյուռքի պայմաններում չբավարարվեցին զուտ հոգևոր գործունեությամբ։ Իրենց պատկանող դպրոցների, մամուլի և մշակութային-լուսավորական այլ կազմակերպությունների միջոցով նրանք խթանում են ազգային դաստիարակության գործը բոլոր համայնքներում։ Հայ եկեղեցու ազգապաշտպան գերը հայ սփյուռքում միանշանակ չէ։ Արևելքի երկրներում, ուր իշխող կրոնը մահմեդականությունն է, հայ եկեղեցին ոչ միայն համախմբում ու միաբանում է տեղի հայերին, այլ նաև հզոր պատվար է տվյալ մշակույթի համակարգում նրանց ձուլման դեմ։ Այն երկրներում, ուր իշխող կրոնը քրիստոնեությունն է, հատկապես կարևոր է դառնում հայ առաքելական եկեղեցու դերը որպես ազգային, անկախ եկեղեցու՝ քրիստոնեական եկեղեցիների համակարգում։ Սփյուռքի հայ առաքելական եկեղեցիները հիմնականում գտնվում են Էջմիածնի Հայոց կաթողիկոսության հոգևոր գերագույն իշխանության ներքո։

Սփյուռքահայ եկեղեցիների կենտրոններն են. Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո (նստավայրը՝ Անթիլիաս, մինչև 1955-ը գործում էր Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսության հետ համերաշխության սկզբունքով, սակայն 1955-ից դաշնակցության ազդեցությամբ փորձում է հանդես գալ իբրև Էջմիածնի Հայոց կաթողիկոսության համազոր, ձգտելով իր մականի տակ առնել սփյուռքահայ թեմերը և եկեղեցական միջազգային համաժողովներին հանդես է գալիս որպես առանձին եկեղեցի), Կ. Պոլսի հայոց պատրիարքությունը (նստավայրը՝ Կ. Պոլիս (Ստամբուլ), Երուսաղեմի հայոց պատրիարքությունը (նստավայրը՝ Երուսաղեմ), Փարիզի, Մարսելի, Լիոնի, Կենտրոնական-Եվրոպական (Վիեննա), Ռումինական, Բուլղարական, Հունական թեմերը, Անգլիայի հոգևոր հովվությունը, Հնդկաստանի հոգևոր հովվությունը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի, Իրաքի, Իրանում՝ Թեհրանի, Թավրիզի և Սպահանի թեմերը, Եգիպտոսի թեմը (ընդգրկում է նաև Եթովպիան և Սուդանը), ԱՄՆ-ում՝ Արևելյան (Նյու Ցորք) և Արևմտյան (Լոս Անջելես) թեմերը, Կանադայի, Հարավ-Ամերիկյան թեմերը։

Հայ սփյուռքում գոյություն ունեցող կազմակերպությունների զգալի մասը գործում է երեք հայ ազգային քաղաքական կուսակցությունների ազդեցության և հովանավորության ոլորտում։ Հայ քաղաքական կուսակցությունները ստեղծվել են XIX դ. վերջին և XX դ. սկզբին, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ընթացքում։ Մեծ եղեռնից, բռնագաղթից, իսկ հետագայում նաև Արլ. Հայաստանի մի մասում սովետական կարգեր հաստատվելուց հետո, այդ կուսակցությունների գործունեության միակ ասպարեզը դարձավ սփյուռքը։ Սփյուռքի ձևավորման շրջանում, տեղահանված, անորոշության մատնված հայ գաղթականների զանգվածը կարիք ուներ ղեկավարող, համախմբող ուժի և իբրև այդպիսին հանդես եկան հայկական կուսակցությունները։ Նրանց ազդեցիկ դերը սփյուռքում պայմանավորվեց նաև այն բանով, որ սկզբից ևեթ իրենց հիմնական նպատակներից մեկը հայտարարեցին հայկական դատի արդար լուծման, բռնագրավված հայրենիքի ազատագրման և հայրենիք վերադառնալու իրավունքի հետապնդումը։ Այդ նպատակով նրանք տարբեր միջոցներով ջանում են համաշխարհային հասարակայնությանը ներկայացնել թուրք ցեղասպանների քաղաքականությունը, դրանով իսկ ապացուցելով իրենց պահանջների արդար բնույթը։ Կուսակցություններն ունեին և ներազգային խնդիրներ՝ սփյուռքահայերին համախմբելու և ազգային ոգին պահպանելու, մատաղ սերունդը հայեցի դաստիարակելու ևն։ Սակայն այդ խնդիրների իրագործման զուգահեռ առաջացավ պայքար կուսակցությունների միջև, որի ելակետն էր նրանց վերաբերմունքը, քաղաքական դիրքորոշումը Սովետական Հայաստանի նկատմամբ։ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան և ռամկավար– ազատական կուսակցությունները չնայած գաղափարական տարաձայնություններին, դրսևորեցին պատմական պատասխանատվություն և ընդունեցին այն անվիճելի փաստը, որ ներկա պայմաններում Սովետական Հայաստանն է հայ ժողովրդի, ներառյալ սփյուռքահայության, գոյատևման և հետագա զարգացման միակ երաշխիքը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—45) տարիներին սփյուռքահայության ճնշող մեծամասնությունը դրսևորեց իր առաջադիմական-դեմոկրատական բնույթը, սկզբից ևեթ ընդգրկվելով հակաֆաշիստական պայքարի մեջ։ Ի դեմս ֆաշիզմի, նա տեսնում էր Սովետական Միության, հետևաբար և Սովետական Հայաստանի գոյությանն ու անկախությանը սպառնացող ուժ և օժանդակեց սովետական ժողովուրդների պայքարին։ Սփյուռքահայերը միավորվեցին Ազգային ճակատներում, որոնց կազմակերպությունները գործում էին ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Բուլղարիայում, Ուրագվայում և այլուր։ 1942—44-ին մի շարք երկրներում (Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, ԱՄՆ ևն) կատարվեցին հանգանակություններ և նվիրատվություններ հօգուտ ֆաշիզմի դեմ մարտնչող սովետական բանակի և սովետական ժողովրդի։ Կարևոր ձեռնարկություններից էր «Սասունցի Դավիթ», «Հովհաննես Բաղրամյան» տանկային շարասյուների համար միջոցների հանգանակությունը։

Հազարավոր սփյուռքահայեր դաշնակիցների՝ ԱՄՆ-ի (18,5 հզ. մարդ), Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի (10 հզ. մարդ) բանակների շարքերում կռվեցին ֆաշիստական Գերմանիայի և նրա արբանյակների դեմ, նրանցից շատերը աչքի ընկան իրենց արիությամբ: Սփյուռքահայերը մասնակցեցին նաև ֆաշիստների օկուպացրած երկրներում (Ֆրանսիա, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Իտալիա ևն), ծավալված դիմադրական-պարտիզանական շարժմանը։

Սփյուռքի և Սովետական Հայաստանի միջև կապեր հաստատվեցին դեռևս 1921-ին, երբ ստեղծվեց Հայաստանի օգնության կոմիտեն (ՀՕԿ)։ Նրա հիմնական խնդիրներից էր սերտ կապ հաստատել Սովետական Հայաստանի և սփյուռքահայ աշխատավորների միջև, նրանց մասնակից դարձնել Հայաստանում նոր հասարակարգի կառուցմանը։ ՀՕԿ-ի 200 արտասահմանյան մասնաճյուղերում ընդգրկված էր մոտ 10.000 անդամ, նրանք նպաստեցին Հայաստանի մի շարք քաղաքներում (Ալեքսանդրապոլ, Ղափան, Երևան ևն) արդյունաբերական և այլ ձեռնարկությունների հիմնադրմանը և վերականգնմանը։

ՀՕԿ-ի պարբերականները, մշակութային և այլ միությունները սփյուռքահայությանը ճշմարիտ պատկերացում էին տալիս Սովետական Հայաստանի, այնտեղ կատարվող սոցիալ-տնտեսական և մշակութային վերափոխումների մասին։ ՀՕԿ-ը մասնակցեց նաև սփյուռքահայերի, 1921-ին սկսված հայրենադարձության կազմակերպմանը։

1920–30-ական թթ, Թուրքիայից, Իրաքից, Հունաստանից, Սիրիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից ավելի քան 40.000 հայ ներգաղթեց Սովետական Հայաստան և բնակություն հաստատեց Երևանում, Լենինականում, Կիրովականում, Ստեփանավանում և այլուր։ Հայրենադարձության հաջորդ ալիքը սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1946–1948-ին, որի հետևանքով շուրջ 100.000 հայ՝ 15 երկրներից (ԱՄՆ, Ֆրանսիա, Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Հունաստան ևն) բնակություն հաստատեց Սովետական Հայաստանում։ Այդ տարիներին Միջհայրենակցական միությունը և ՀԲԸՄ-ը ներգաղթի օգտին հանգանակնեցին շուրջ 2 մլն դոլար։ 1962-1973-ին Սովետական Հայաստան ներգաղթեց ևս 26140 հայ։

Հայրենիք վերադարձած սփյուռքահայերը ակտիվորեն մասնակցում են Սովետական Հայաստանի տնտեսական, գիտական ու մշակութային կյանքին, նպաստում նրա զարգացմանը։ Սովետական Հայաստան–սփյուռք կապերի ընդլայնման նպատակով 1964-ին ստեղծվեց Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն։ Դրա շնորհիվ բազմաթիվ կազմակերպություններ ու հազարավոր անհատներ ամենօրյա կապի մեջ մտան Սովետական Հայաստանի հետ և մեծ աշխատանք ծավալեցին հանուն սփյուռքի գոյատևման, հայապահպանության և խաղաղության։ Կոմիտեի օժանդակությամբ և սփյուռքահայ կազմակերպությունների եռանդուն աշխատանքի շնորհիվ հայ համայնքներում կազմակերպվում են զեկուցումներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ, կինոփառատոներ նվիրված Սովետական Հայաստանին։

Սովետական Հայաստանի կառավարությունը մեծ հոգատարություն է ցուցաբերում սփյուռքի աճող սերնդի դաստիարակության նկատմամբ, անցած տարիներին սփյուռքի դպրոցներին անվճար առաքվել են մեծ թվով դասագրքեր, ուսուցողական նյութեր, հազարավոր սփյուռքահայ դպրոցականներ իրենց ամառային հանգիստն անցկացրել են հայրենիքի պիոներական ճամբարներում, իսկ շատ սփյուռքահայ երիտասարդներ ավարտել են Երևանի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական հաստատությունները։ Սփյուռքահայ ուսուցիչների մի մասը հայրենիքում վերաորակավորվել է լուսավորության մինիստրության կատարելագործման ինստիտուտի դասընթացներում։

Հայ սփյուռքի ամբողջական գիտական հետազոտման նպատակով 1981-ին ՀՍՍՀ ԳԱ համակարգում հիմնադրվել է սփյուռքահայ համայնքների պատմության և մշակույթի բաժինը։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ)։ ԱՄՆ-ի հայ համայնքը ձևավորվել է XIX դ. 70-ական թթ. վերջին։ Հայերի զանգվածային գաղթ ԱՄՆ եղել է 1890-ական թթ. Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայկական ջարդերի հետևանքով։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը ԱՄՆ-ում բնակվում էր շուրջ 60 հզ. հայ։ 1915-ի եղեռնից հետո (1920–24-ին) ԱՄՆ է գաղթել շուրջ 21 հզ. հայ։ Ներգաղթի ալիք տեղի ունեցավ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ապա 1950-ական թթ. և փոքր ընդմիջումներով շարունակվում է ցայսօր՝ հիմնականում Միջին և Մերձավոր Արևելքի (Եգիպտոս, Սիրիա, Լիբանան, Իրան ևն) երկրներից։ 1986-ին ամերիկահայ համայնքը հաշվվում էր շուրջ 800 հզ. մարդ։ Հիմնականում բնակվում են Կալիֆոռնիա, Մասսաչուսեթս, Նյու Յորք, Նյու Ջերսի, Ռոդ Այլենդ, Իլինոյս, Միչիգան նահանգներում։

Ամերիկահայերի սոցիալական կազմը խիստ խայտաբղետ է. ծառայողներ, մանր և խոշոր ձեռնարկատերեր, առևտրականներ, արհեստավորներ, գիտնականներ, արվեստի գործիչներ, ուսանողներ ևն։ Հայերը ներկայացված են Սպիտակ տանը, Պետ. դեպարտամենտում, Կոնգրեսում, առանձին նահանգների օրենսդրական, գործադիր և դատական մարմիններում։ Ամերիկահայ համայնքը այսօր ոչ միայն ամենախոշորն է հայ սփյուռքում, այլև բնութագրվում է ակտիվ ազգային գործունեությամբ, որի աշխուժացմանը նպաստեց հայերի ներգաղթը Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից։

ԱՄՆ-ում առաջին հայ առաքելական եկեղեցին՝ Ս. Փրկիչը, հիմնադրվեց (1891) Ուստրում, 1898-ին ամերիկահայ եկեղեցին ստացավ առաջնորդություն։ 1928-ին առանձնացվեցին Արլ. (կենտրոնը՝ Նյու Յորք) և Արմ. (կենտրոնը՝ Լոս Անջելես) թեմերը։ 1957-ին, ի հակակշիռ Էջմիածնի կաթողիկոսության, որոշ եկեղեցիներ ենթարկվեցին Կիլիկիո կաթողիկոսությանը (Անթիլիաս)։ 1983-ին Արևելյան թեմի եկեղեցիների թիվը 71 էր, Արևմտյան թեմի՝ 24։ Հայ ավետարանականների թիվը շուրջ 25 հզ. է (22 եկեղեցի), իսկ հայ կաթոլիկներինը՝ շուրջ 6 հզ. (6 եկեղեցի)։

Համայնքում գործում են բազմաթիվ ազգային կազմակերպություններ։ Նյու Ջերսիում է գտնվում ՀԲԸՄ կենտրոնական վարչությունը, որի մասնաճյուղերը գործում են գրեթե բոլոր հայաբնակ քաղաքներում։

Ամերիկահայ համայնքի ձևավորման առաջին տարիներից գործում են նաև հայ ազգային քաղաքական կուսակցությունները՝ մամուլի իրենց օրգաններով, պարբերականներով։ Կարևոր դեր է խաղում Ամերիկահայ առաջադիմական միությունը։ 1972-ին Վաշինգտոնում հիմնադրվեց հայկական համագումար («Armenian Assembly») կազմակերպությունը։ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում իրենց մասնաճյուղերն ունեն «Նոր սերունդ», Թեքեյան, համազգային մշակութային միությունները, իրենց գեղարվեստական խմբերով, ակումբներով, դպրոցներով ևն։

Կրթասիրական խոշոր կազմակերպություններից է Հայ օգնության միությունը՝ ՀՕՄ-ը: Գործում են նաև մշակութային, կանանց, մարզական, երիտասարդական, մասնագիտական միություններ և կազմակերպություններ (Ամերիկայի հայ մշակութային ընկերակցություն, Հայկական կրթական բարեսիրական միություն, Հայ կրթական հիմնարկություն, Հայ ուսանողների միություն, Ամերիկայի հայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցություն, Հայկական շարժանկարների հիմնարկություն, Հայ էմ, Հայ առողջապահական կենտրոն, ՀՄՄ, ՀՄԸՄ, ՀՕՄ, Վարդանանց ասպետներ ևն)։ Իրենց գործունեությունն են շարունակում քղեցիների, արաբկիրցիների, վասպուրականցիների, պոլսահայերի, սեբաստացիների և այլոց հայրենակցական միությունները, կազմակերպվել են նաև իրանահայերի, լիբանանահայերի միություններ:

ԱՄՆ-ում առաջին հայկական ամենօրյա դպրոցը՝ Ֆերահյան երկրորդական վարժարանը, բացվել է 1963-ին, Լոս Անջելեսում։ Այժմ ամենօրյա դպրոցների թիվը ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում հասնում է 20-ի, կան նաև հայկական մեկօրյա դպրոցներ։ 1976-ին Լավեռնում (Կալիֆոռնիա) հիմնվեց Ամերիկահայ միջազգային կոլեջը՝ առաջին հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունը ամերիկյան մայրցամաքում։

ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում՝ Կալիֆոռնիայի, Հարվարդի, Միչիգանի, Կոլումբիայի, Փենսիլվանիայի ևն, գործում են հայագիտական ամբիոններ և դասընթացներ։ Հայագիտական կարևոր կենտրոններից են Հայագիտական համազգային ընկերությունը (NAASR), Հայագիտական ուսումնասիրությունների և վավերագրերի Զորյան հիմնարկությունը (երկուսն էլ՝ Քեմբրիջում), Հայագիտական ընկերակցությանը (SAS), Միչիգանի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը։ ԱՄՆ-ում մեծ թիվ են կազմում համալսարաններում ու կոլեջներում ուսանող հայ երիտասարդները, որոնք կազմակերպում են հայ ուսանողների միություններ։ 1980-ին Վաշինգտոնում հիմնադրվեց Ամերիկայի հայ ուսանողական ակումբների ֆեդերացիա, իսկ 1986-ին՝ Հայկական համալսարանական միությունը Լոս Անջելեսում։

Ամերիկահայ համայնքում հրատարակվում է շուրջ 40 անուն պարբերական, կուսակցություններից և խոշոր կազմակերպություններից զատ պարբերականներ են հրատարակում եկեղեցին, զանազան միություններ, առանձին անհատներ։

Տարբեր քաղաքներում գործում են հայկական հրատարակչություններ («Ապրիլ», «Էրեբունի», «Մշակ», «Արարատ», «Աշոտ», «Ոսկեդար» ևն) և գրախանութներ։

Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, Բոստոնում, Փրովիդենսում, Սաութֆիլդում, Նորթվիլում և այլուր գործում են հայկական ռադիո-հեռուտատեսային ծրագրեր՝ հայերեն և անգլերեն։

Արգենտինա։ Արգենտինահայ համայնքը ձևավորվել ու աճել է առաջին համաշխարհային և, հատկապես, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Արգենտինահայերը (մեծ մասամբ այնթապցիներ, հաճընցիներ, մարաշցիներ ևն) բնակվում են Բուենոս Այրեսում, Մար դել Պլատայում, Ռոսարիոյում, Կորդովայում։ 1986-ին նրանց թիվը շուրջ 75 հզ. էր։ Հիմնականամ զբաղվում են արհեստներով, առևտրով, կան նաև մտավորականներ, ուսանողներ։ 1923-ից Բուենոս Այրեսում գործում է Հայ կեդրոնը, որը հայ եկեղեցու վարչական խորհուրդն է և ղեկավարում է նրան հարող կրթական, երիտասարդական, բարեսիրական, կանանց կազմակերպությունների աշխատանքը, մասնաճյուղեր ունի Կորդովայում և Ռոսարիոյում։

Գործում են Ս. Գրիգոր Լուսավորիչ, Վիսենտե Լոպեսի, Մ. Գևորգ, Վարագա Ս. Խաչ եկեղեցիները, ՀԲԸՄ, Արգենտինահայ մշակութային միությունը (կանանց, և երիտասարդական հանձնախմբերով), Հայկական միջմիութենական խորհուրդը, Շարժում, Թեքեյան, Համազգային մշակութային միությունները, Հայ մասնագետների միությունը, Հայ համալսարանականների կենտրոնը, մարաշցիների, այնթապցիների, հաճընցիների ևն հայրենակցական միությունները, «Կոմիտաս», «Արաքս», երգչախմբերը, «Թաթուլ Ալթունյան» նվագախումբը, «Գայանե», «Նաիրի» պարախմբերը։

Համայնքում գործում են 8 ամենօրյա վարժարան և մի շարք կիրակնօրյա դպրոցներ։ Բուենոս Այրեսի ռադիոն ունի հայկական 4 ռադիոժամ և մեկ հեռուստատեսային ծրագիր։ Հրատարակվում են «Շարժում», «Մարդարապատ», «Արմենիա», «Սևան», «Կամք» պարբերականները։

Բրազիլիա։ Հայերը Բրազիլիայում բնակություն են հաստատել դեռևս XIX դ. վերջին։ Համայնքը ձևավորվել է առաջին համաշխարհային պատերազմից և Կիլիկիայից հայերի բռնագաղթից (1921—22) հետո։ Բրազիլիայում հաշվվում է (1986) շուրշ 22 հզ. հայ, որոնք բնակվում են հիմնականում Սան Պաուլու (մոտ 90%), Ռիո դե Ժանեյրո, Պորտու Ալեգրի, Ֆորտալեզա քաղաքներում և Մինաս Ժերաիս, Մատու Գրոսու նահանգներում։ Զբաղվում են արհեստներով, առևտրով, կան բիզնեսմեններ, մտավորականներ (ինժեներներ, բժիշկներ, տնտեսագետներ, փաստաբաններ)։ Բրազիլահայ համայնքի գերագույն մարմինը Կենտրոնական վարչական խորհուրդն է, որն ընտրվում է համայնքի 40 ներկայացուցիչների ժողովում։ Գործում են հայկական եկեղեցիներ (Սան Պաուլու և Պրեզիդենտե Ալտինո քաղաքներում), Դուրյան ազգային և ՀԲԸՄ վարժարանները, «Բրազիլահայ մշակութային միությունը», «Բրազիլիա—Արմենիա միությունը», Հայկական միջմիութենական խորհուրդը, ՀԲԸՄ, ՀՕՄ մասնաճյուղերը, Մարաշի, Զեյթունի, Այնթապի, Սսի, Հաճընի ևն հայրենակցական միությունները, «Սայաթ-Նովա» երգչախումբը, հայկական երկու ռադիոժամ։ Հրատարակվում է IRIS (Ծիածան) ՀԲԸՄ ամսագիրը։ Սան Պաուլուի համալսարանում կա հայագիտական ամբիոն։

Կանադա։ Հայերի գաղթը Կանադա սկսվել է դեռևս XIX դ. վերջին, սակայն ժամանակակից համայնքը ձևավորվել է և ստվարացել 1950—80-ական թթ., երբ այստեղ մեծ թվով հայեր են եկել Եգիպտոսից, Լիբանանից, Իրանից, Թուրքիայից ևն։ Կանադահայերի (շուրջ 55 հզ.) հիմնական զանգվածը բնակվում է Մոնրեալում (շուրջ 30 հզ. մարդ), Տորոնտոյում (շուրջ 19 հզ. մարդ), Վանկուվերում, Տամիլտոնում, Սեն Կաթրինզում և այլուր։ Հիմնականում մանր և խոշոր ձեռնարկատերեր և առևտրականներ են, ծառայողներ, սպասարկման ոլորտի աշխատողներ են, նաև մտավորականներ (գիտնականներ, արվեստագետներ) և ուսանողներ։

1985-ին ստեղծվեց հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմը, որին ենթակա եկեղեցիները գործում են Մոնրեալում (Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հակոբ), Տորոնտոյում (Ս. Երրորդություն, Ս. Ի՚աչ, Ս. Մարիամ Աստվածածին), Սեն Կաթրինգում (Ս. Գրիգոր Լուսավորիչ), Վանկուվերում (Ս. Վարդան), ինչպես նաև Համիլտոնում և Օտտավայում. կան նաև հայ կաթոլիկ 2 և ավետարանական 4 եկեղեցիներ (Մոնրեալում, Տորոնտոյում)։ Մոնրեալում և Տորոնտոյում գործում է 7 հայկական ամենօրյա դպրոց, բոլոր հայաբնակ քաղաքներում կան նաև կիրակնօրյա դպրոցներ։

Համայնքում գործում են հայ ազգային քաղաքական կուսակցությունների, ՀԲԸՄ, «Նոր սերունդ», Թեքեյան, Համազգային մշակութային միությունների, ՀՕՄ մասնաճյուղերը, Պոլսահայերի միությունը, Կանադայի հայ առևտրական խորհուրդը, «Մալխասյան հիմնարկությունը», Կանադայի հայ ուսանողների միությունը, գեղարվեստական խմբեր ևն։

Գաղութում հրատարակվում են պարբերականներ («Ապագա», «Հորիզոն» շաբաթաթերթերը, հանդեսներ ևն), Մոնրեալում և Տորոնտոյում գործում են հայկական հեռուստատեսային և ռադիոժամեր։

Ուրուգվայ։ Ուրուգվայի հայ համայնքը ստեղծվել է XX դ. 1-ին կեսին։ 1986-ին Ուրուգվայում բնակվում էր շուրջ 14 հզ. հայ, գրեթե բոլորն էլ՝ մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, մասամբ՝ Պիրիապոլիս քաղաքում։ Հայերը զբաղվում են արհեստներով, առևտրով, մեծ թիվ են կազմում ծառայողները։ Համայնքում գործում են Նուբարյան-Ալեք Մանուկյան, Ներսիսյան ամենօրյա վարժարանները, Ս. Ներսես Շնորհալի հայ առաքելական, 2 ավետարանական և 1 կաթոլիկ եկեղեցիները, մարաշցիների, այնթապցիների, յոզղաթցիների հայրենակցական միությունները, «Հայ կեդրոնը», ՀԲԸՄ, ՀՕՄ, «Հնչակյան տուն», Թեքեյան մշակութային միության, Համազգային մշակութային միության Ուրուգվայի մասնաճյուղերը, «Հայ համալսարանականների միությունը», Հայաստանյայց բարեսիրաց տիկնանց միությունը (իր ծերանոցով), «Գայանե>, «Արփնե», «Շիրազ» պարախմբերը։ Կան ամենօրյա հայկական ռադիոժամեր («Ռադիո-Արմենիա», «Կոմիտաս» են), հրատարակվում է «Ապրիլ» ամսաթերթը։

Ամերիկա աշխարհամասում հայկական համայնքներ կան նաև Կուբայում, Մեքսիկայում, Չիլիում, Վենեսուելայում։

Ասիա աշխարհամասում հայերը բնակվում են Արաբական Միացյալ էմիրություններում, Բիրմայում, Եմենում, Թուրքիայում, Իսրայելում, Հվ. Կորեայում, Հնդկաստանում, Հոնկոնգում, Հորդանանում, Աաուդյան Արաբիայում, Սինգապուրում, Թայվանում, Քուվեյթում, սակայն ստվար են Երուսաղեմի, Իրանի, Իրաքի, Լիբանանի, Սիրիայի գաղութները։


Просмотров: 1194 | Добавил: Արայ | Теги: վենեսուելա, Հայ սփյուռք, ԱՄՆ, ուրուգվայ, հայկական համայնք, Ամերիկա, լատինական ամերիկա, Ֆրանսիա | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Архив записей
Наш опрос
Գնահատեք Մեր Աշխատանքները
Всего ответов: 172
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz