Воскресенье, 28.04.2024, 02:32Приветствую Вас Гость

Պատանի Պատմագետների Ակումբ

Блог

Главная » 2013 » Апрель » 4 » Հայկական Սպյուեքը Արևելքում և եվրոպական երկրնեորւմ
00:39
Հայկական Սպյուեքը Արևելքում և եվրոպական երկրնեորւմ

Երուսաղեմ։ Հայերի մուտքը Երուսաղեմ հիշատակվում է դեռևս քրիստոնեության տարածման առաջին շրջանում, մասնավորապես՝ IV դ.։ Երուսաղեմում ու նրա շրջակայքում հաստատված հայերը հիմնականում եղել են հոգևորականներ (արդեն IV դ. Երուսաղեմում գոյություն ունեին հայկական եկեղեցիներ)։ Հայ աշխարհիկ համայնքը Երուսաղեմում առաջացել է VII դ., երբ հաստատվել է Երուսաղեմի հայոց պատրիարքությունը։ Համայնքը ստվարացել է 1915-ի եղեռնից հետո։ 1922-ին ՀԲԸՄ հովանավորությամբ 1000 հայ որբեր են բերվել Երուսաղեմ (մի մասը 1924-ին ներգաղթել է Սովետական Հայաստան)։ 1986-ին Երուսաղեմում և նրա շրջակայքում բնակվում էր շուրջ 2000 հայ։ Հիմնականում զբաղվում են արհեստներով (ոսկերիչներ, լուսանկարիչներ, հախճապակեգործներ), առևտրով, կան նաև բժիշկներ, ուսուցիչներ, բանվորներ ևն։ Համայնքի մոտ 90%-ը ապրում է հայկական թաղամասում՝ Ս. Հակոբյանց վանքի տարածքում։ Գործում են վանքապատկան Ս. Թարգմանչաց և Ժառանգավորաց վարժարանները, Հայ բարեսիրաց միությունը, Հայ երիտասարդաց միությունը, ՀԲԸՄ մասնաճյուղը, որոնք ունեն մարզական, թատերական և երգի-պարի խմբեր, հայ կաթոլիկների «Արաքս» մարզական միությունը։ Լույս է տեսնում «Սիոն» ամսագիրը, որը տպագրվում է Երուսաղեմի հայկական տպարանում (գործում է 1833-ից)։ Երուսաղեմի ձեռագրատունը հայտնի է հայերեն ձեռագրերի հավաքածուով (ավելի քան 4000)։

Իրան։ Որպես բնիկներ՝ հայերը հնագույն ժամանակներից ապրել են Ատրպատականում և Պարսկահայքում. այդ տարածքները հայկական պետականության անկումից հետո մտել են Իրանի կազմի մեջ։ Տարբեր դարերում տեղի է ունեցել նաև հայերի զանգվածային բռնագաղթ Իրան։ Շահ Աբբաս 1-ի բռնագաղթով տեղահանված հայերը բնակվել են գլխավորապես Սպահանում և շրջակայքում, որտեղ հիմնել են Նոր Ջուղան։

1986-ին Իրանում բնակվում էր շուրջ 200 հզ. հայ։ Համայնքը խիստ շերտավորված է. կան մեծ թվով արհեստավորներ, արդյունաբերության տարբեր ճյուղերում աշխատող բանվորներ, զգալի թվով գյուղացիներ, մտավորականներ (բժիշկներ, ճարտարապետներ, ուսուցիչներ, պետական հիմնարկների ծառայողներ ևն), մինչև 1979-ի «Իսլամական հեղափոխությունը» զգալի թիվ էին կազմում նաև հայ խոշոր ձեռնարկատերերն ու առևտրականները։ Հայերի մեծ մասը բնակվում է քաղաքներում՝ Թեհրանում, Թավրիզում, Ռեշտում (Ռաշտ), Ուրմիայում, Սպահանում։ Համայնքը ղեկավարում է թեմական խորհուրդը, որը ճանաչված է կառավարությունից և արտոնված է տնօրինելու հայերի ընտանեկան և ժառանգական խնդիրները։

Իրանում կա 3 թեմ՝ Ատրպատականի (կենտրոնը՝ Թավրիզ), Թեհրանի (կենտրոնը՝ Թեհրան) և Սպահանի (կենտրոնը` Սպահան), գործում են նաև հայ կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ։

Որպես Իրանի հիմնական կրոնական համայնքներից մեկը, հայերը Իրանի մեջլիսում ներկայացուցչական իրավունք ունեն դեռևս 1909-ից. իրանահայերը ընտրում են երկու պատգամավոր1 մեկը երկրի հյուսիսային, մյուսը՝ հարավային և կենտրոնական նահանգներից։

Իրանի հայ համայնքում գործում են ՀԲԸՄ, Համազգային մշակութային միության, ՀՕՄ, ՀՄԸՄ մասնաճյուղերը, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպությունը, «Հայ կին» միությանը, «Նոր Ջուղայի մշակութային միությունը», «Թեհրանի հայ կանանց բարեգործական միությունը», «Արարատ» և «Հայ երգ» երաժշտական ընկերությունները ևն։ Իրանում գործող 40 հայկական դպրոցներից 8-ը միջնակարգ են, 1981-ին Թեհրանի 35 դպրոցներում շաբաթական 2 ժամ դասավանդվում է հայերեն։ Թեհրանի համալսարանում, Սպահանի համալսարանի գրականության ֆակուլտետին կից գործում են հայագիտական ամբիոններ։ Իրանի հայ համայնքը սփյուռքի հրատարակչական կենտրոններից է. այստեղ տպագրվում են հայ հեղինակների աշխատություններ, պարբերականներ ևն։

Իրաք։ Հայ-իրաքյան առնչությունները գալիս են հնագույն ժամանակներից, սակայն հայ համայնքը Իրաքում հիմնականում ձևավորվել է Աբբասյան խալիֆայության շրջանում (VIII– XIII դդ.). սկսել է ստվարանալ XVII դ. սկզբին, երբ Իրաք են եկել շահ Աբբաս 1-ի բռնագաղթով տեղահանված և Թուրքիայից՝ ջալալիներից հալածված բազմաթիվ հայեր։ 1920-ական թթ. Իրաքում ապաստան է գտել շուրջ 90 հզ. հայ։ Հետագա արտագաղթերի և հայրենադարձության պատճառով նրանց թիվը հետզհետե պակասել և այժմ (1986) շուրջ 25 հզ. է։

Իրաքահայերը բնակվում են հիմնականում Բաղդադում, Բասրայում, ինչպես նաև Մոսուլում, Կիրկուկում, Խանաքինում, Հաբբանիայում։ Զբաղվում են առևտրով և արհեստներով (փականագործներ, դարբիններ, մեխանիկներ, դերձակներ ևն), կան նաև բժիշկներ, ճարտարապետներ, ինժեներներ, պետական ծառայողներ։

Իրաքահայ համայնքը ղեկավարում են Առաջնորդարանը և Ազգային կենտրոնական վարչությունը, որին կից գործում են կրթական, ազգային կալվածքները վերահսկող, եկեղեցական հանձնաժողովները։ Համայնքում գործում են 2 հայկական եկեղեցի (Բաղդադում և Բասրայում), 5 հայկական դպրոցներ (Բաղդադում, Բասրայում, Մոսուլում, Կիրկուկում)։ Հայերեն պարբերականներ չեն հրատարակվում (լույս է տեսնում միայն «Մաշտոց» տարեգիրքը)։ Իրաքահայերի հասարակական և մշակութային կյանքը կազմակերպում են ՀԲԸՄ Իրաքի մասնաճյուղը, Հայ երկսեռ երիտասարդաց միությունը (ՀԵԵՄ), ՀՄԸՄ մասնաճյուղը ևն։ Գործում են «Կոմիտաս» երգչախումբը և ինքնագործ այլ խմբեր։

Լիբանան։ Լիբանանի տարածքում հայերը բնակվել են Տիգրան Բ Մեծի ժամանակից, երբ այն գտնվել է հայկական պետության կազմում։ XII—XIII դդ. հայ համայնքներ են հիշվում Տրիպոլիում, Սայդայում ևն։ Հետագայում հայ համայնքը ստվարացել է XVII–XIX դդ. թուրք կառավարողների հակահայկական բռնությունների հետևանքով։ Ժամանակակից հայ համայնքը Լիբանանում ձևավորվել է ու ստվարացել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և հետո՝ 1920– 1930-ական թթ.։ 1970-ական թթ. Լիբանանում բնակվում էր շուրջ 250 հզ. հայ։ Սակայն հետագա տարիներին Լիբանանում ծավալված քաղաքացիական պատերազմների և իսրայելական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցավ հայերի արտագաղթ դեպի ԱՄՆ, Կանադա և այլ երկրներ։ Լիբանանահայերը հիմնականում բնակվում են Բեյրութում, նաև՝ Տրիպոլիում, Զահլեում, Այնճարում, Անթիլիասում։

Լիբանանահայերի սոցիալական կազմը խիստ խայտաբղետ է.մեծ թիվ են կազմում արհեստավորները, մանր և միջին առևտրականները, կան սպասարկման ոլորտի աշխատողներ, պետական հիմնարկությունների ծառայողներ, զգալի թիվ են կազմում խոշոր գործարանատերերն ու առևտրականները, բժիշկները, երաժիշտները, իրավաբանները ևն։

Լիբանանում գործում են բազմաթիվ մշակութային, հայրենակցական, բարեգործական, մարզական, երիտասարդական միություններ ու կազմակերպություններ. ՀԲԸՄ մասնաճյուղը (1910-ից), «Նոր սերունդ», Թեքեյան մշակութային միություն, Համազգային մշակութային միություն, «Լիբանանահայ գրական շրջանակ», Հայ երիտասարդաց ընկերության (ՀԵԸ), «Էրեբունի», «Արարատ», «Սարգիս Տխրունի», ՀՄՄ, ՀՄԸՄ, «Մասիս», «Ալեք Մանուկյան», «Կյուլպենկյան» ևն։ Բեյրութում են գտնվում հաճընցիների, մուսալեռցիների, մարաշցիների, ուրֆացիների, յոզղաթցիների, ադանացիների, քիլիսցիների (և այլոց, թվով շուրջ 45) հայրենակցական միությունների կենտրոններն ու մասնաճյուղերը։

Բեյրութում են գտնվում նաև հայ ազգային քաղաքական կուսակցությունների (հնչակյանների, ռամկավարների, դաշնակցականների) կենտրոնական մարմինները։ Լիբանանի հայ կոմունիստները անդամակցում են Լիբանանի կոմունիստական կուսակցությանը։

Լիբանանում գործում է շուրջ 55 հայկական դպրոց, որոնցից 16-ը լրիվ երկրորդական, 7-ը միջնակարգ, մնացածը՝ 6-ամյա, ինչպես նաև հայկազյան կոլեջը, Սիմոնյան ու Միսակ Վարժապետյան առևտրական ուսումնարանները։ Անթիլիասում է գտնվում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ իր թեմերով և հոգևոր դպրոցով, կան ավետարանական և կաթոլիկ հայերի հոգևոր կենտրոններ՝ իրենց եկեղեցիներով։ 25 հայկական եկեղեցիներից 15-ը առաքելական են, 5-ը՝ կաթոլիկ, 5-ը՝ ավետարանական, կա 4 հայկ. վանք (2 առաքելական, 2 կաթոլիկ)։

Մինչև 1970-ական թթ. Լիբանանում լույս են տեսել շուրջ 160 հայերեն, պարբերականներ, այժմ՝ շուրջ 30 անուն թերթեր, շաբաթաթերթեր, ամսագրեր, հանդեսներ։ Բեյրութում գործում են հայկական ռադիոկայաններ։

Հնդկաստան։ Հայ-հնդկական առնչությունների մասին տեղեկություններ կան մ. թ. ա. V–IV դդ-ից։ Սակայն Հնդկաստանում առաջին հայ համայնքները կազմավորվել են XVI դ. և ստվարացել XVII-XVIII դդ.։ Հայերը բնակվում էին Ագրա, Կալկաթա, Չինսուրահ, Սեիդաբադ, Սուրաթ, Բոմբեյ, Մադրաս, Հայդարաբադ, Գվալիոր, Դաքա, Լահոր, Դելի, Կոչին ևն քաղաքներում։ Հիմնականում վաճառականներ էին, արհեստավորներ, կային պետական պաշտոնյաներ ու մտավորականներ։ Հնդկահայեր Հովսեփ Էմինը, Մովսես Բաղրամյանը, Շահամիր Շահամիրյանը, Հարություն Շմավոնյանը մեծ դեր կատարեցին հայ ժողովրդի ազատագրական գաղափարախոսության ձևավորման գործում, կողմնորոշվելով դեպի Ռուսաստան։

XVIII դ. վերջին և XIX դ. դպրոցներ կային հնդկահայ գրեթե բոլոր համայնքներում։ 1821-ին բացվել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը (գործում է ցայսօր), Կալկաթայում, Մադրասում հիմնվել են տպարաններ։ 1794-ին Մադրասում լույս տեսավ հայ մամուլի առաջնեկը՝ «Ազդարարը»։

1986-ին Հնդկաստանում կար շուրջ 500 հայ՝ կենտրոնացած Կալկաթայում և Բոմբեյում։ Հիմնականում արհեստավորներ և առևտրականներ են։ Գործում են հայկական եկեղեցիներ Կալկաթայում (Ս. Նազարեթ և Ս. Գրիգոր), Մադրասում (Ս. Աստվածածին), Բոմբեյում (Ս. Պետրոս), «Հայկական գեղարվեստասիրաց միությունը», «Հայկական ընկերությունը», մարզական միություն, ակումբ ևն։

Սիրիա։ Ժամանակակից Սիրիայի տարածքում հայերի բնակվելը ունի հազարամյակների պատմություն։ Հայերի թիվը Սիրիայում մեծացել է IX–XIV դդ.՝ բյուզանդական կայսրերի կողմից Հս. Սիրիա զգալի թվով հայեր գաղթեցնելու, Բագրատունիների թագավորության անկման, սելջուկյան թուրքերի ասպատակությունների, Կիլիկիայի հայկական պետության անկման հետևանքով։

Ժամանակակից սիրիահայ համայնքը ձևավորվել է 1920-ական թթ. սկզբին, երբ 1915-ի եղեռնից հետո այստեղ մեծ թվով գաղթական հայեր հաստատվեցին։ Սիրիայում ապրում է (1986) շուրջ 120 հզ. հայ, որոնք տեղաբաշխված են հիմնականում Հալեպում (մոտ 70 հզ.), ինչպես նաև Դամասկոսում, Քեսաբում, Լաթաքիայում, Կամըշլիում և այլուր։ Ճնշող մասը արդյունաբերության մեջ զբաղված աշխատավորներ են, մեծ է արհեստավորների, սպասարկման և առևտրի ոլորտի աշխատողների, գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը։ Զգալի թիվ են կազմում մտավորականները (ուսուցիչներ, բժիշկներ, երաժիշտներ, ճարտարապետներ), կան նաև գործարանատերեր, պետական հիմնարկների պաշտոնյաներ։

Սիրիայում գործում են բազմաթիվ ազգային կազմակերպություններ՝ ՀԲԸՄ Հալեպի և Դամասկոսի մասնաճյուղերը, Հայ երիտասարդաց ընկերությունը, «Նոր սերունդ», Թեքեյան, Համազգային մշակութային միությունները, Հայ համալսարանականների միությունը, ՀՄՄ, ՀՄԸՄ ևն։ Մեծ դեր են կատարում հայրենակցական միությունները (Այնթապի, Մարաշի, Ուրֆայի, Արաբկիրի, Խարբերդի, Սեբաստիայի, Տիգրանակերտի, Վասպուրականի ևն) իրենց մշակութային և այլ կազմակերպություններով։

Մշակութային կենտրոններից են Մարտիրոս Սարյան ակադեմիան, «Պետրոս Ադամյան թատերախումբը», «Հայ քնար» և «Զվարթնոց» երգչախմբային ընկերությունները։

1980-ական թթ. հայկական դպրոցներ կային Հալեպում (15 միջնակարգ և տարրական դպրոց), Դամասկոսում, Կամըշլիում, Ջեզիրեում, Լաթաքիայում, Քեսաբում և այլուր։ Հալեպում և Դամասկոսում գործում է հայկական տպարան, հրատարակվում է «Գեղարդ» տարեգիրքը։

Սիրիայում հռչակ են վայելում հայերի հիմնած հիվանդանոցները, հատկապես՝ Ճեպեճյան ակնաբուժարանը և Ալթունյանի անվան հիվանդանոցը։

Ավստրալիական միություն։ Հայերի գաղթը Ավստրալիա սկսվել է XIX դ. կեսին՝ Կ. Պոլսից, Հնդկաստանից և Հվ-Արլ. Ասիայի երկրներից։ Ավստրալիահայ համայնքը զգալիորեն աճել ու ձևավորվել է միայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ այստեղ են եկել մեծ թվով հայեր Միջին և Մերձավոր Արևելքի երկրներից։ 1986-ին ավստրալիահայերի թիվը շուրջ 25 հզ. էր։ Նրանք բնակվում են Սիդնեյում, Մելբուռնում, Բրիզբենում, Կանբեռայում, Պերտում, Ադելաիդայում։

Հայերի շուրջ 40%-ը աշխատում է գործարաններում, 30%-ը՝ գրասենյակներում, մոտ 5%-ը զբաղվում է արհեստներով (ոսկերիչներ, լուսանկարիչներ ևն), մնացածը՝ բիզնեսով և առևտրով։ Համայնքի ազգային, կրթական գործը ղեկավարում է թեմական խորհուրդը։ Կան հայկական եկեղեցիներ Սիդնեյում (Ս. Հարության), Մելբ առնում (Ս. Աստվածածին)՝ առաքելական, և մեկ կաթոլիկ, որոնց կից՝ մեկօրյա դպրոցներ։ 1985-ին բացվել է ավստրալիահայ առաջին ամենօրյա դպրոցը Սիդնեյում։ Գործում են ՀԲԸՄ, ՀՄԸՄ, ՀՕՄ մասնաճյուղերը, Տիկնանց միությունը, Երիտասարդական միությանը, Հայ պատմական ընկերությանը, Ավստրալիահայ ընկերությանը։ 1966-ին կազմակերպվել է «Կոմիտաս» երգչախումբը։ Հրատարակվում են պարբերականներ։ Գործում է երկու հայկ. ռադիոժամ՝ Սիգնեյում և Մելբուռնում։

Հայեր բնակվում են նաև Նոր Զելանդիայում։ Աֆրիկա մայրցամաքում հայեր բնակվում են շատ երկրներում՝ Ալժիր, Գանա, Եգիպտոս, Եթովպիա, Թունիս, Լիբիա, Կոնգո, Մադագասկար, Մարոկկո, Նիգերիա, Սուդան, Քենիա ևն, սակայն հնագույններն են և երբևէ ստվար՝ եգիպտահայ և եթովպահայ գաղութները։

Եգիպտոս։ Եգիպտոսի հայ համայնքն ունի դարերի պատմություն և համարվում է ամենահին գաղթավայրերից մեկը։ VII դ. պետական և զինվորական բարձր պաշտոններ են վարել հայազգի գործիչներ, իսկ ֆաթիմյանների ժամանակ եղել են (XI— XII դդ.) հայազգի վեզիրներ։ Այս ժամանակ մեծ թվով հայեր են հաստատվել Եգիպտոսում։ Եգիպտահայ գաղութի կյանքն աշխուժացել է XVIII—XIX դդ.։ Առավել ստվարացել է Մեծ եղեռնից հետո, սակայն 1950-ական թթ., երկրում տեղի ունեցած սոցիայ-տնտեսական և քաղաքական փոփոխությունների հետևանքով, սկսվեց եգիպտահայերի արտագաղթ Ավստրալիա, Կանադա, Անգլիա, ԱՄՆ և այլ երկրներ։

1986-ին Եգիպտոսում բնակվում էր շուրջ 10—12 հզ. հայ՝ Կահիրեում և Ալեքսանդրիայում։ Հիմնականում մանր և խոշոր առևտրականներ են, արհեստավորներ, կան նաև մտավորականներ, պետական ծառայողներ ևն։ Գործում են 2 առաքելական՝ Կահիրեում (Ս. Գրիգոր Լուսավորիչ) և Ալեքսանդրիայում (Ս. Պողոս Պետրոս) և 2 կաթոլիկ՝ Կահիրեում (Ս. Գրիգոր Լուսավորիչ և Ս. Թերեզա) եկեղեցիներ (կաթոլիկ հայերի թիվը կազմում է համայնքի մոտ 5%-ը)։

Եգիպտահայ առաջին դպրոցը հիմնվել է Կահիրեում 1828-ին։ Կահիրեում գործում են Գալուստյան ազգային վարժարանը (1865-ից) և Նուբարյան ազգային վարժարանը (1925-ից), Ալեքսանդրիայում՝ Պողոսյան ազգային վարժարանը (1890-ից)։ Եգիպտահայ գաղութում գործել են բազմաթիվ բարեգործական, մշակութային ևն կազմակերպություններ։ Այժմ գործում են ՀԲԸՄ, «Տիգրան Երկաթ» մշակութային միությունը, «Հայ գեղարվեստասիրաց միությունը», «Հայ մշակույթի բարեկամների ընկերությունը», «Հայ ազգային հիմնադրամը», «Կոկանյան ակամբը» ևն, ինչպես նաև «Կռունկ», «Եգիպտահայ երգչախումբ», «Շնորհալի» երգչախմբերը։ Եգիպտահայ պարբերական մամուլը սկզբնավորվել է 1865-ին, այժմ լույս են տեսնում «Արև», «Հուսաբեր» օրաթերթերը և «Ջահակիր» շաբաթաթերթը։ Կահիրեում գործում է հայկական ռադիոժամ։

Եթովպիա։ Հայ-եթովպական առնչությունները գալիս են հնագույն ժամանակներից։ Եթովպիայի հայ համայնքը կազմավորվել է VII դ., երբ արաբները, նվաճելով Ասորիքը, Պաղեստինն ու Եգիպտոսը, սկսել են հալածել տեղի քրիստոնյաներին, և մեծ թվով հայեր գաղթել են մերձակա քրիստոնյա երկիրը` Եթովպիա։ Եթովպահայ համայնքը ստվարացել է XIX դ. վերջին–XX դ. սկզբին։ 1930—50-ական թթ. հայերի թիվը հասել է 1500-ի։

1970-ական թթ. սկզբին Եթովպիայում բնակվում էր շուրջ 1000 հայ, որոնք հիմնականում կենտրոնացած էին Ադիս Աբեբայում։ Զբաղվում են արհեստներով, առևտրով, մտավորականներ են և ծառայողներ։ Համայնքում գործում են Ս. Գևորգ հայկական եկեղեցին, Ազգային Գևորգով վարժարանը, ՀԲԸՄ Եթովպիայի մասնաճյուղը (1908-ից). Եկեղեցասեր տիկնանց միությունը (1965-ից), Բարեսեր տիկնանց միությունը, «Արարատ» մարզական միությունը (1943-ից), «Արարատ» երգի-պարի խումբը, «Մուրադյան» երգչախումբը, «Հայ բեմ» թատերախումբը։ 1974–ի հեղափոխությունից հետո մեծ թվով հայեր գաղթեցին ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, և համայնքը խիստ նվազեց։

Եվրոպա մայրցամաքում հայեր բնակվում են շատ երկրներում. Անգլիա, Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, ԳՖՀ, Դանիա, Իտալիա, Իսպանիա, Հունաստան, Հունգարիա, Նիդերլանդներ, Շվեդիա, Շվեյցարիա, Ֆրանսիա ևն։

Անգլիա (Մեծ Բրիտանիա)։ Անգլիայում առաջին հայ համայնքները ստեղծվել են XIX դ. 30-ական թթ., երբ Լոնդոնում և Մանչեստրում բնակություն են հաստատել պոլսեցի հայ վաճառականներ։ Հայերի թիվը ավելացել է առաջին համաշխարհային պատերազմից հետո, ինչպես նաև 1960—70-ական թթ., երբ Մեծ Բրիտանիայում հաստատվել են Կիպրոսից, Լիբանանից, Սիրիայից, Հնդկաստանից, Իրաքից, Իրանից եկած հայեր։ 1986-ին Անգլիայում բնակվում էր շուրջ 12 հզ. հայ, որոնց գերակշիռ մասը, շուրջ 10 հզ-ը՝ Լոնդոնում, մնացածը՝ Մանչեստրում, Լիվերպուլում և այլուր։ Հայերը հիմնականում ծառայողներ են, բանվորներ, արհեստավորներ ու մանր առևտրականներ, կան մեծահարուստներ և խոշոր արդյունաբերողներ, ինչպես նաև մտավորականներ (գիտնականներ, բժիշկներ, արվեստագետներ ևն)։ Գործում են Մանչեստրի Ս. Երրորդություն (առաջին հայկական եկեղեցին Անգլիայում, 1870-ից), Լոնդոնի Ս. Սարգիս և Մ. Պետրոս եկեղեցիները, որոնց կից՝ դպրոցներ, Լոնդոնահայ համայնքային եկեղեցական խորհուրդը, ՀԲԸՄ մասնաճյուղը (1907-ից), «Նոր սերունդ», Թեքեյան, Համազգային մշակութային միությունները, ՀՕՄ և ՀՄԸՄ մասնաճյուղերը, Տիկնանց «Անահիտ» միությունը, «Արարատ» երգչախումբը ևն։ Գործում է «Էրեբունի» տպարանը (որտեղ լույս է տեսնում նույնանուն ամսաթերթը)։ Օքսֆորդի համալսարանում կա հայագիտական բաժին։

Բուլղարիա։ Բուլղարիայի հայ համայնքը առաջացել է դեռևս V դ. կեսին։ Տարբեր դարերում զանազան պատճառներով այստեղ են գաղթել զգալի թվով հայեր, վերջին զանգվածային գաղթը տեղի է ունեցել 1922-ին, երբ հույն-թուրքական պատերազմի հետևանքով Արմ. Հայաստանից շուրջ 22 հզ. մարդ անցավ Բուլղարիա։ Այժմ Բուլղարիայում ապրում է շուրջ 25 հզ. հայ՝ Սոֆիա, Պլովդիվ, Վառնա, Ռուսե, Բուրգաս, Խասկովո, Ստարա Զագորա, Ցամբոլ և այլ քաղաքներում։ 1944-ից գործում է «Երևան» մշակութային միությունը, որը ստեղծել են բուլդարահայ հակաֆաշիստները և առաջադիմական ուժերը։ Այն փոխարինեց համայնքում մինչ այդ գործող բազմատեսակ միություններին և կազմակերպություններին։

1944-ից Սոֆիայում լույս է տեսնում միության «Երևան» թերթը։ Հայաշատ քաղաքներում հայոց լեզվի, գրականության և պատմության ուսուցումը իրականացվում է հայաշատ թաղամասերում բուլղարական դպրոցներին կից հայազգի աշակերտների համար գործող հատուկ դասընթացներում։

Իտալիա։ Հայերն Իտալիայի տարածքում հիշատակվում են (իբրև փոխարքաներ, զորավարներ են) VI—VII դդ.։ Իտալիայում հայերի համեմատաբար կայուն համայնքներ կազմավորվել են XII դ. կեսին, երբ 9 տարբեր քաղաքներում գործել են 10-ից ավելի հայկական եկեղեցիներ։ 1512-ին Վենետիկում Հակոբ Մեղապարտը հրատարակել է առաջին հայերեն տպագիր գիրքը։ 1717-ից Վենետիկի Ս. Ղազար կղզուս՝ հաստատվել է Մխիթարյան միաբանությունը, որն առ այսօր ծավալում է գիտական, գրական ու կրթական լայն գործունեություն։

1843-ից անընդմեջ հրատարակվում է «Բազմավեպ» գիտական ամսագիրը։ 1836-ից Վենետիկում գործում է Մուրատ-Ռափայելյան վարժարանը, 1883-ից՝ Հռոմի Լևոնյան վարժարանը (կաթոլիկ.)։ 1986-ին Իտալիայում բնակվում էր շուրջ 2000 հայ, հիմնականում՝ Միլանում, Հռոմում, Վենետիկում, Ջենովայում, Բոլոնիայում, Թուրինում։ Գործում են Միլանի «Իտալիայի հայոց միությունը» և «Իտալիայի հայ մշակութային միությունը», Վենետիկի մշակութային կենտրոնը, Հայ մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնը (նախագահ՝ Ա. Ալպագո Նովելլո)։ 1968-ին Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտում հիմնվել է Հայկական միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրության կենտրոն, հրատարակվում է «Հայ ճարտարապետության վավերագրեր» մատենաշարը։

Հայկական ճարտարապետություն են ուսումնասիրում Հռոմի համալսարանի գրականության և ժամանակակից արվեստի ինստիտուտում, Բոլոնիայի և Վենետիկի համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ։ Հրատարակվում են «Հայ ընտանիք» և «Զեյթուն> ամսագրերը։

Կիպրոս։ Կիպրոսում առանձին հայ պաշտոնյաներ, առևտրականներ, զինվորականներ բնակություն են հաստատել դեռևս IV–V դդ.։ VI դ. Կիպրոս են աքսորվել մեծ թվով հայ ապստամբներ։ IX– X դդ. Կիպրոսում եղել են հայ կառավարիչներ։ Հայերի թիվը մեծացել է XII դ. Կիլիկիայի հայկական պետության և Կիպրոսի թագավորության միջև սերտ հարաբերությունների պայմաններում։ ժամանակակից համայնքը ձևավորվել է 1920-ական թթ.։ 1960-ական թթ. տեղի է ունեցել արտագաղթ դեպի Կանադա, Անգլիա, Ավստրալիա, ԱՄՆ, որի պատճառով կիպրոսահայերի թիվը նվազել է։

1986-ին Կիպրոսում բնակվում էր շուրջ 2 հզ. հայ (Նիկոզիայում, Լառնակայում, Լիմասոլում)։ Հիմնականում արհեստավորներ են, մանր և խոշոր առևտրականներ, բժիշկներ, ուսուցիչներ, պետական ծառայողներ։ Գործում են ՀԲԸՄ, Թեքեյան մշակութային միության, ՀՕՄ-ի, Համազգային մշակութային միության մասնաճյուղերը, Հայ երիտասարդաց ընկերակցությունը ևն։ Գործում են երեք հայ առաքելական եկեղեցի. Նիկոզիայում (Ս. Աստվածածին), Լառնակայում (Ս. Ստեփանոս), Լիմասոլում (Ս. Գևորգ), դրանց կից՝ «Նարեկ» անունով նախակրթական դպրոցներ, 1924-ից՝ Մելգոնյան (Մելքոնյան) կրթական հաստատությունը։

1955-ից Նիկոզիայում գործում է հայկական ռադիոժամ։ 1974-ին թուրքական զորքերի ներխուժումից և Կիպրոսի մի մասի բռնագրավումից հետո, այդ շրջանի հայերը տեղափոխվեցին հունական գոտի, իսկ որոշ մասը արտագաղթեց երկրից։

Հունաստան։ Հայերը Հունաստանում ապրում են հին ժամանակներից, սակայն զանգվածային ներգաղթը սկսվել է XIX դ. վերջից, շարունակվել է առաջին համաշխարհային պատերազմի և հատկապես 1919—22-ի հույն-թուրքական պատերազմների ժամանակ։ Այդ տարիներին Հունաստանում բնակվում էր շուրջ 70— 75 հզ. հայ։ Հետագա տարիներին արտագաղթի և հատկապես հայրենադարձության հետևանքով նրանց թիվը նվազեց։ 1986-ին հայերի թիվը Հունաստանում կազմում էր շուրջ 10 հզ., որոնց մի մասը (շուրջ 5 հզ.) բնակվում է Աթենքի և Պիրեայի շրջաններում, մյուս մասը Մակեդոնիայում, Թրակիայում և այլուր։ Համայնքում գործում են 2 եկեղեցի, 4 դպրոց (Գալփաքյան վարժարան և ուր.), ՀԲԸՄ, հայ ազգային կուսակցությունների մասնաճյուղերը, «Արարատ» մշակութային-մարզական միությունը, Հայ մարմնամարզական ընդհանուր կենտրոն և երիտասարդաց միությունը, «Արաքս» մշակութային միությունը, գեղարվեստական տարբեր խմբեր և մշակութային տներ, հրատարակվում են պարբերականներ («Նոր աշխարհ», «Ազատ օր», «Դրոշակ»)։

Հունգարիա։ Հունգարական սկզբնաղբյուրների համաձայն հայերը Հունգարիայում սկսել են բնակություն հաստատել X–XI դդ.։ XV–XVI դդ. շուրջ 1 հզ. հայ ընտանիք ներգաղթել է Տրանսիլվանիա (մտնում էր Հունգարիայի կազմի մեջ)։ Հայերը հիմնել են Գեռլա, Եղիսաբեթուպոլիս հայաքաղաքները (իրենց ներքին ինքնավարությամբ), կառուցել են եկեղեցիներ, հիմնել դպրոցներ ևն։ XIX դ. 2-րդ կեսից հայերին սպառնում էր ձուլման վտանգը։ Սակայն մի խումբ հայ մտավորականների ջանքերով գաղութն ապրեց մտավոր և հոգևոր զարթոնք, և ձուլման ընթացքը դանդաղեց։

1986-ին Հունգարիայում բնակվում էր հայկական ծագումով շուրջ 1000 մարդ (աշխատավորներ, գիտնականներ, բժիշկներ, ճարտարապետներ, արվեստագետներ ևն)։

Ռումինիա։ Ենթադրվում է, որ արդեն V– XII դդ. հայերի հոծ զանգվածներ են բնակեցվել Ռումինիայի տարածքում։ Ռումինիայում հայերի վաղեմի և ստվար բնակության վկայությանն են հայկական բազմաթիվ տեղանունները, երբեմնի հայաշատ գրեթե բոլոր քաղաքներում հայկական թաղամասերի ու փողոցների առկայությունը։ Մոտավոր հաշիվներով հայերի թիվը միջնադարյան Ռումինիայում հասել է շուրջ 30 հզ-ի։ Դարեր շարունակ հայերը Ռումինիայի լիիրավ քաղաքացիներն են եղել, մասնակցել քաղաքների շենացմանը, առևտրի, արհեստների զարգացմանը, վայելել առանձնաշնորհումներ, ունեցել իրենց քաղաքապետարանները, դատարանները, վաճառականական, հոգևոր և կտրիճվորաց (պատանիների) եղբայրություններ, առաջնորդվել հայկական օրենքներով։

Հայ համայնքներում կառուցվել են եկեղեցիներ ու վանքեր, դրանց կից՝ դպրոցներ։ Հայկական դպրոցներ են գործել Յասսիում, Սուչավայում, Բոտոշանում, Ֆոկշանում, Ռոմանում, Բուխարեստում, Գալացում, Կոնստանցայում և այլուր։ Յասսի, Գալաց, Բրըիլա, Տալչա, Բախարեստ քաղաքներում գործել են հայկական տպարաններ, որտեղ լույս են տեսել հայերեն պարբերականներ ու գրականություն։

1986-ին Ռումինիայում բնակվում էր շուրջ 5 հզ. հայ, որոնք որպես իրավազոր քաղաքացիներ մասնակցում են երկրռւմ նոր հասարակարգի կառուցմանը։

Շվեդիա։ Շվեդիայում հայերը սկսել են հիմնական բնակություն հաստատել 1920-ական թթ.–ից։ 1960-ական թթ. Մերձավոր Արևելքից, Թուրքիայից, Իրանից զգալի թվով հայեր հաստատվեցին այստեղ։ 1986-ին Շվեդիայի քաղաքներում, հիմնականում՝ Ստոկհոլմում (նաև Ուպսալայում, Գյոթեբորգում, Մալմյոյում են), բնակվում էր շուրջ 1800 հայ։ 1974-ին Ստոկհոլմում հիմնադրվել է Մշակութային միություն, 1980-ին՝ Ուպսալայի Հայ մշակութային միությունը, 1984-ին՝ Հայ–շվեդական մշակութային կենտրոնը՝ իր «Մեր կռունկ» ամսաթերթով (Ստոկհոլմում)։ 1970-ական թթ-ից, Շվեդիայում գործող օրենքի համաձայն, հայ (ինչպես և այլ փոքրամասնությունների) երեխաները հնարավորություն են ստացել պետական դպրոցներում սովորել իրենց մայրենի լեզուն (Ստոկհոլմի մի շարք դպրոցների հայ աշակերտներին շաբաթական 1—2 ժամ դասավանդվում է հայոց լեզու)։ 1979-ին հիմնվել է Շվեդիայի հայ համայնքի եկեղեց. (առաքելական) խորհուրդը։

Շվեյցարիա։ Առաջին հայերը Շվեյցարիա են եկել XVII–XVIII դդ.։ XIX դ. կեսից այստեղ են եկել հայ երիտասարդներ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով։ Սակայն հայ համայնք ձևավորվել է XX դ. սկզբին, այնուհետև Շվեյցարիա են գաղթել հայեր Թուրքիայից, Մերձավոր Արևելքի և այլ երկրներից։ 1986-ին Շվեյցարիայի հայ համայնքը հաշվվում է շուրջ 5 հզ. մարդ, որոնք բնակվում են Ժնևում, Բեռնում, Ցյուրիխում։ Հիմնականում առևտրականներ են, բարձրորակ մասնագետներ, ձեռնարկատերեր, մեծ թիվ են կազմում ուսանողները։

Համայնքում գործում են մի շարք ազգային կազմակերպություններ՝ «Շվեյցարահայոց միությունը», Շվեյցարիայի հայ երիտասարդական միությունը (իր պարախմբով և բասկետբոլի թիմով), ՀԲԸՄ մասնաճյուղը, Հայկական մշակութային միությունը, «Արարատ» միությունը, Ս. Հակոբ հայկական եկեղեցին (ժնևում)։ Ժնևի համալսարանում կա հայագիտական ամբիոն։

Ֆրանսիա։ Անհատ հայեր Ֆրանսիա են եկել դեռ վաղ միջնադարում (VII դ.)։ Հայերի և ֆրանսիացիների միջև սերտ կապեր հաստատվել են խաչակրաց արշավանքների և Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանում։ XV— XVI դդ. հայկական խիստ փոքրաթիվ գաղութներ են հիմնվել Մարսելում, Փարիզում, Բուրժում։ 1633-ին Փարիզում տպագրվել է «Բառգիրք հայոց» հայերեն-լատիներեն բառարանը, 1672-ին Մարսելում Ոսկան Երևանցին հիմնել է տպարան։

1798-ին Փարիզի Արևելյան կենդանի լեզուների դպրոցում բացվել են հայերենի դասընթացներ, 1846-ին՝ Սամուել Մուրադ վարժարանը (գործում է ցայսօր) ևն։ 1902-ին Փարիզում կառուցվել է առաջին հայկական եկեղեցին։ Ֆրանսահայ համայնքը ստվարացել է առաջին համաշխարհային պատերազմից հետո, այնուհետև հայերի զանգվածային ներգաղթ է սկսվել 1960-ական թթ., երբ մեծ թվով հայեր այստեղ եկան Մերձավոր Արևելքից, Իրանից ևն։ 1986-ին ֆրանսահայ համայնքում հաշվվում է շուրջ 350 հզ. մարդ, որոնց հիմնական մասը բնակվում է Փարիզում, Մարսելում, Լիոնում, ինչպես նաև Վիենում, Վալանսում, Բանիոյում, Սենտ Էտիենում, Գրենոբլում և այլուր։

Ֆրանսահայերի մեծ մասը բարձր որակավորում ունեցող բանվորներ են, արհեստավորներ, կան ձեռնարկատերեր, պետական պաշտոնյաներ, զգալի թիվ են կազմում մտավորականությունն ու ուսանողությունը։ Համայնքի ձևավորումից ի վեր ստեղծվել են բարեգործական, հասարակական, մշակութային ևն կազմակերպություններ։ Համայնքում գործում են ՀԲԸՄ, «Նոր սերունդ», Թեքեյան, Համազգային մշակութային միությունները, «Կարմիր խաչ», «Կապույտ խաչ», «Հայ աղքատախնամ ընկերությունը», «Հայ նախկին ռազմիկների միությունը», ֆրանսահայ երիտասարդ առևտրականների միությունը, «Արամ Խաչատուրյան» երաժշտական հիմնարկությունը, ֆրանսահայ բժիշկների միությունը և այլ կազմակերպություններ, ինչպես նաև հայ ազգային-քաղաքական կուսակցությունների տեղական կազմակերպությունները, Ֆրանսիայի կոմկուսի կազմում՝ հայկական հատվածը։ Կարևոր դեր ունեն ֆրանսահայ մշակութային միությունը և ֆրանսահայ երիտասարդական միությունը։ Գործում են նաև հայագիտական հիմնարկություններ՝ «Նուպարյան մատենադարանը», «Հայ սփյուռքի ուսումնասիրման կենտրոնը», «Հայկական վավերագրերի կենտրոնը»։

Ֆրանսիայի հայաշատ քաղաքներում գործում են հայկական առաքելական, կաթոլիկ, ավետարանական եկեղեցիներ, դրանց կից՝ մեկօրյա դպրոցներ։ Մինչև 1980-ական թթ. Ֆրանսիայում գործում էր երկու ամենօրյա հայկական դպրոց, բացի Սամուել Մուրադից (Սևրում), նաև՝ Դպրոցասեր տիկնանց վարժարանը (Ռենսինում), այնուհետև հիմնվել են նորերը՝ «Համազգայինի» ճեմարանը՝ Մարսելում, «Ս. Մեսրոպ» վարժարանը՝ Ալֆորվիլում։ Տարբեր քաղաքներում կազմակերպվել են պարախմբեր («Նավասարդ», «Ախթամար», «Արաքս» ևն), երգչախմբեր («Սիփան–Կոմիտաս», «Սահակ-Մեսրոպ» ևն) և գեղարվեստական այլ միություններ։

Ֆրանսիայում հրատարակվում են հայերեն պարբերականներ։ Գործում են հայկական ռադիոծրագրեր։ Սորբոնի համալսարանում կա հայագիտական ամբիոն։

Просмотров: 1138 | Добавил: Արայ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Архив записей
Наш опрос
Գնահատեք Մեր Աշխատանքները
Всего ответов: 172
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz