Суббота, 27.04.2024, 13:53Приветствую Вас Гость

Պատանի Պատմագետների Ակումբ

Блог

Главная » 2013 » Апрель » 9 » Խրիմյան հայրիկ
22:19
Խրիմյան հայրիկ

Խրիմյան հայրիկ



Հայ հասարակական, քաղաքական, հոգևոր-մշակութային կարկառուն գործիչներից է ամենայն հայոց 125-րդ կաթողիկոս Մկրտիչ Ա Խրիմյանը, որ իր անբասիր գործունեության համար հայ ժողովրդի կողմից «հայրիկ» պատվանունով մեծարվեց:

Մկրտիչ Խրիմյանը ծնվել է 1820 թ., Վանում: Դեռ պատանի Մկրտիչի ծնողները նրան որոշում են հոգևոր կրթության տալ, և նա սովորում է նախ Լիմ, ապա Կտուց կղզում  գտնվող վանական համալիրներում գործող հոգևոր դպրոցներում: Այնուհետև տեղափոխվում է Կ. Պոլիս և ուսուցչություն անում տեղի դպրոցներում: Ավելի քան 10 տարի Մկրտիչ Խրիմյանն իրեն նվիրում է կրթության գործին և դասավանդում է Կ. Պոլսի, Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայոց դպրոցներում:

1856 թ. արդեն վարդապետ Մկրտիչ Խրիմյանը վերադառնում է Վասպուրական և Պոլսո պատրիարքի կոնդակով նշանակվում Վարագավանքի վանահայր: Շուտով Խրիմյանը նշանակվում է Տարոն գավառի հոգևոր առաջնորդ և ստանձնում է Մշո Ս. Կարապետ վանքի վանահոր պաշտոնը:

Մանկավարժական գործունեության հետ մեկտեղ Հայրիկը զբաղվում է գիտությամբ, ստեղծում է հոգևոր-կրոնական, գրականագիտական երկեր, հրատարակում է «Արծիվ Վասպուրականի», «Արծվիկ Տարոնի» պարբերականները:

1878-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հայ ժողովրդի համակրանքը ռուսների կողմն էր և ռուսական բանակի հաջողությունները ուրախությամբ ու ցնծությամբ են ընդունվում Հայաստանում:

1878 թ. կնքվում է Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը, որով Ռուսաստանը Թուրքիային պարտադրում է Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ անցկացնել: Սակայն այդ հայանպաստ պայմանագիրը կյանքի չկոչվեց: Արևմտյան երկրների ճնշմամբ շուտով Բեռլինում նոր վեհաժողով է գումարվում, և Արևմտյան Հայաստանի բարեփոխումների հարցը փակուղի է մտնում:

Բեռլինի վեհաժողովում հայ ժողովրդի շահերը ներկայացնում է Մկրտիչ Խրիմյանը: Նա վեհաժողովին գնաց Մինաս Չերազի և Խորեն Նարբեյի հետ: Մինչև Բեռլին հասնելը հայկական պատվիրակությունը եղավ եվրոպական մայրաքաղաքներում, ուր հանդիպումներ ունեցավ մի շարք դիվանագետների հետ և փորձեց ներկայացնել հայության շահերը:

Մեծ հույսերով Խրիմյանի գլխավորած պատվիրակությունը ներկայացավ Բեռլին` վեհաժողովին: Սակայն նրանց մեծ հիասթափություն էր սպասվում: Եվրոպական դիվանագիտությունն իր հաշիվներն ուներ Հայկական հարցի վերաբերյալ: Գերմանական կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը, որի նախաձեռնությամբ էլ հրավիրվել էր Բեռլինի վեհաժողովը, իր առջև խնդիր էր դրել չեզոքացնել Ռուսաստանի աճող հզորությունը և պաշտպանել իր դաշնակից Թուրքիայի շահերը: Վեհաժողովում ոչ միայն Խրիմյանի պատվիրակության առաջ քաշած խնդիրները հաշվի չառան, այլև  նույնիսկ թույլ չտվեցին մտնել վեհաժողովի վայր: Եվրոպական գերտերությունները Հայկական հարցը օգտագործում էին միայն Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար: Եվ տեղին էր Բիսմարկի դիտողությունը Խրիմյանին. «Որևէ քաղաքական իրավունք պահանջելու համար պետք է ներկայանալ վեհաժողովին ոչ թե խոնարհ աղերսանքով, այլ Չեռնոգորիայի ներկայացուցչի պես սրին կռթնած»:

Հետագայում Կոստանդնուպոլսում ելույթի ժամանակ Խրիմյանը պատմում է, որ վեհաժողովի ավարտից հետո իրեն հրավիրում են պաշտոնական ճաշի: Սկզբից Հայրիկը հրաժարվում է մասնակցել ճաշկերույթին, բայց դիվանագետների պնդմամբ մասնակցում է: Ճաշկերույթի մասին նա ասում է հետևյալը. «Բեռլինի մեջ հարիսա էին բաժանում բոլոր ազգերին: Ինձ ղրկեցին, որ հայերի մասը առնեմ, բերեմ: Վերցրի պուտուկն ու վազեցի: Բայց բոլորը երկաթե շերեփներով տարան իրենց բաժինը, ինձ շերեփի տեղ թուղթ տվին, այդ թղթի կտորը որքան էլ խրեցի հարիսայի մեջ, թղթի կտորը թուլացավ,  լխկվեցավ, մեջն ընկավ, ես էլ պարապ թողի, ետ եկա: Մոռացա առաջուց մի քանի զեյթունցի տանել հետս, նրանք շերեփ ունեն, կարող է, ամանի տակը քերելով, մի բան թռցնեին»:

Բեռլինի վեհաժողովը Խրիմյանին հիասթափեցրեց եվրոպական դիվանագիտությունից, և նրա մեջ ամրապնդվեց այն համոզմունքը, որ հայության հարցը լուծելու համար միակ ճանապարհը ազգային ազատագրական պայքարն է: 1879 թ. նա, ընտրվելով Վասպուրականի հոգևոր առաջնորդ, գործի է լծվում: Նրա անմիջական աջակցությամբ ու հովանավորությամբ Վանում ստեղծվում է «Սև խաչ» ընդհատակյա կազմակերպությունը, որ Վասպուրականի հայության շրջանում գործունեություն է ծավալում ազգային-ազատագրական պայքարի հող նախապատրաստելու համար:

Շուտով արքունիքի հրահանգով Մկրտիչ Խրիմյանը ստիպված է լինում թողնել Վանն ու մեկնել Ստամբուլ: Այստեղ նույնպես ակտիվ հասարակական աշխատանք է վարում հայության շրջանում: Մասնակցում է հնչակյանների կազմակերպած Գում-Գուփուի ցույցին, որից հետո աքսորվում է Երուսաղեմ:

Մկրտիչ Խրիմյանի հարաճուն հեղինակությունը եղավ պատճառը, որ հայ քաղաքական, մշակութային և հոգևոր գործիչները հենց նրան տվեցին նախապատվությունը, և 1892 թ. նա ընտրվեց Ամենայն հայոց կաթողիկոս: Սակայն Խրիմյան Հայրիկը չէր կարողանում գրավել իր հովվապետական աթոռը: Թուրքական իշխանությունները, վտանգ տեսնելով Հայրիկի աթոռակալման մեջ, ամեն կերպ խոչընդոտում էին ու չէին ազատում թուրքահպատակությունից: 1893 թ. ամռանը` ռուսաց կայսեր միջամտությունից հետո միայն, Խրիմյան Հայրիկը ժամանեց Էջմիածին:

Խրիմյանի հովվապետության ժամանակը խառնակ ու դժգույն տարիներ էին հայության համար: 1895-1896 թթ. սուլթան Աբդուլ Համիդ Բ Արևմտյան Հայաստանում հայկական կոտորածներ նախաձեռնեց, որին զոհ գնաց շուրջ 300000 հայ: Հայրիկը շարժման մեջ էր: Արևելյան Հայաստանում աջակցում էր Երկիր ուղևորվող հայկական հայդուկային խմբերին, տենդագին օգնում և համագործակցում  էր հայության ինքնապաշտպանությունը կազմակերպող քաղաքական կուսակցությունների հետ…

Խրիմյան Հայրիկը հատկապես ակտիվ էր, երբ 1903 թ. հունիսի 12-ին կայսր Նիկոլայ Բ հրաման արձակեց բռնագրավել հայ եկեղեցական կալվածքները և փակել հայկական դպրոցները: Հայրիկը բացեիբաց հայտարարեց, որ չի ենթարկվում ռուսաց կայսեր հրամանին, և հայությանը ըմբոստության կոչ արեց: Ի վերջո, այս պայքարը հաջողությամբ ավարտվեց:

Իր ողջ կյանքում Խրիմյան Հայրիկը հայ ազգային ազատագրական պայքարի ակունքներում էր և իր գործունեությամբ ապացուցեց, որ իր ժողովրդի արժանի զավակն է:

Խրիմյան Հայրիկը նաև հարուստ գրական ժառանգություն է թողել: Նրա առավել աչքի ընկած ստեղծագործություններն են` «Սիրաք և Սամվել», «Պապիկ և թոռնիկ», «Հրավիրակ երկրին ավետյաց»:

Լուսավորիչ լինելուց  զատ նա նաև հմուտ բարենորոգիչ էր: Իր հովված վայրերում նա օրինակելի կարգուկանոն էր սահմանում, կայուն տնտեսություն հիմնում, վերանորոգում և վերակառուցում շինությունները: Մասնավորապես, նրա հովվապետության տարիներին Էջմիածնում նրա բարեկամ և ընկեր Ալեքսանդր Մանթաշյանցի միջոցներով վերանորոգվեցին նոր վեհարանը, մատենադարանը, Սինոդի շենքը, հյուրանոցը:

Հայրիկն իր մահկանացուն կնքեց 1907 թ. հոկտեմբերի 29-ին:

Просмотров: 2091 | Добавил: Արայ | Теги: Խրիմյան հայրիկ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Архив записей
Наш опрос
Գնահատեք Մեր Աշխատանքները
Всего ответов: 172
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz