I. ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱԿԻՐՃ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ 1. Լատինական Ամերիկայի տարածքի 30 երկրներից միայն հինգում են պատմականորեն ձևավորվել կազմակերպված հայ համայնքներ: Այդ երկրների թվում են Արգենտինան, Ուրուգվայը, Բրազիլիան, Վենեսուելան և Չիլին: Հայերն այդ երկրներում սկսել են հաստատվել դեռևս 20-րդ դարի սկզբներին, իսկ, որպես գաղթօջախներ, համայնքները հիմնականում ձևավորվել են 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից հետո: 2. Տարածաշրջանում հայ բնակչության թիվը ներկայումս շուրջ 170.000 է: Այստեղ հայ բնակչությունը տեղաբաշխված է շատ անհամաչափ: Բազմաթիվ հայկական համայնքներ սակավաթիվ են, սակայն իրենց հիմնախնդիրներով և զարգացման միտումներով շատ նման են իրար: 3. Ըստ երկրների` հայկական համայնքների հակիրճ նկարագիրը հետևյալն է` 1) Արգենտինայի Հանրապետություն Լատինական Ամերիկայի ամենամեծ հայկական գաղթօջախի` Արգենտինայի հայկական համայնքներում ապրում է շուրջ 70.000 հայ: Բուենոս-Այրեսում ապրում են շուրջ 60.000, Կորդովայում` 5.000 և Ռոսարիայում` 5.000 հայեր: Թեև համայնքը համեմատաբար մեծ է, սակայն այնտեղ գործում են սահմանափակ թվով վարժարաններ և եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցներ, այն էլ` միայն մայրաքաղաք Բուենոս-Այրեսում: Կրթօջախների ընդհանուր թիվն ութն է` մոտավորապես 1650 աշակերտներով: Դրանք են Արծրունի ազգային վարժարանը, Խրիմյան կրթական հիմնարկությունը, Գրիգոր Լուսավորիչ կրթական հաստատությունը, Մխիթարյան վարժարանը, Պահչեճյան ազգային վարժարանը, Վիսենտե Լոպեսի ազգային վարժարանը, Արմենիո-Արգենտինյան վարժարանը և Մարի Մանուկյան կրթական հաստատությունը: Այս կրթօջախների մեծ մասն ունի նաև մանկապարտեզ և նախակրթարան: Ուսուցումն իրականացվում է Արգենտինայի պետական կրթական ծրագրով, հայերենով դասավանդվում են մայրենի լեզուն և հայ կրոնի պատմությունը, այն էլ` որպես լրացուցիչ առարկաներ` չկանոնակարգված ձևով: Արգենտինայի հայ համայնքի կրթական, մշակութային, հասարակական և քաղաքական զարգացումների կենտրոնը եղել և մնում է երկրի մայրաքաղաքը` Բուենոս-Այրեսը: Մշակութային և կրթական գործունեությունը կառավարվում է Հայ կենտրոնի միջոցով, որը Հայ առաքելական եկեղեցու գործերը վարող մարմինն է: Հրատարակվում են «Արմենիա», «Սարտարապատ», «Նոր Հաճն», «Նոր Սևան», «Ջեներեյշըն 3», «Արարատ» և «Դիբեթ» պարբերականները: Գաղթօջախի մշակութային կյանքը ներկայացնում են Արգենտինահայ մշակութային միությունը, Համազգային Թեքեյան և Նոր սերունդ մշակութային միությունները, «Ժորժ Սարգիսյան» և «Մհեր Մկրտչյան» թատերախմբերը, «Մասիս», « Գայանե», «Նաիրի» պարախմբերը, «Արաքս», «Կոմիտաս», «Շնորհալի», «Արևագալ», «Ալագյազ», «Ս. Գրիգոր Լուսավորիչ» և «Մաշտոց» երգչախմբերը, զանազան նվագախմբեր: Գործում են նաև որոշ հայրենակցական միություններ. 2) Բրազիլիայի Հանրապետություն Բրազիլիայի Հանրապետությունում հայերի թիվը շուրջ 20.000 է: Հիմնական հայկական համայնքները ձևավորված են Սան Պաուլոյում և Ռիո դե Ժանեյրոյում: Բրազիլահայ համայնքների ազգային, մշակութային և կրթական կյանքը կազմակերպող մարմիններն են Հայ գաղութային միությունը, Հայկական առաքելական եկեղեցին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և Ռամկավար ազատական կուսակցությունները: Բրազիլիայում գործող հինգ կրթօջախներն ամենօրյա վարժարաններ և մեկօրյա դպրոցներ են, այդ թվում` «Դուրյան» ազգային վարժարանը` շուրջ 120 աշակերտներով: «Դուրյան» ու «Փառեն և Ռեգինա Պազարյան» հաստատություններն ունեն նաև մանկապարտեզ և նախակրթարան: Դպրոցներում ուսուցումն իրականացվում է արևմտահայերենով և պորտուգալերենով: Աշակերտները գրեթե չեն խոսում հայերեն: Սան Պաուլոյի համալսարանում գործում է հայագիտական ուսումնասիրությունների ամբիոնը: Բրազիլահայերի մշակութային կյանքն սկսել է ձևավորվել 1930-ական թվականներից: Այն հիմնականում ներկայացվում է երգչախմբերի, թատերախմբերի և պարախմբերի գործունեությամբ: Ստեղծվել են «Արմենիա» և « Գուսան» երգչախմբերը, ինչպես նաև պարախմբեր և թատերախմբեր: Ներկայումս գործում են «Սայաթ-Նովա» և «Էրեբունի» երգչախմբերը: Գործող մշակութային խմբերը Հայաստանի համապատասխան կառույցների կողմից մասնագիտական աջակցության կարիք ունեն: Բրազիլահայ համայնքի ազգային կյանքը կազմակերպող գլխավոր մարմինը Կենտրոնական վարչական խորհուրդն է: Գործում են Հայ հեղափոխական դաշնակցության հայկական ակումբը, «Արմենիա» երիտասարդական միությունը, Հայ օգնության միության, Հայ մարմնակրթական միության, Հայ մարմնակրթական ընդհանուր միության, Հայ բարեգործական ընդհանուր միության Սան Պաուլոյի մասնաճյուղերը: Ակտիվ է Հայ երիտասարդական ընկերակցությունը (ՀԵԸ)` իր մարզադաշտերով և մարզական խմբերով, որոնք մասնակցում են հարավ-ամերիկյան օլիմպիական խաղերին, ինչպես նաև Արգենտինայում պարբերաբար անցկացվող համահայկական նավասարդյան տոներին, Բրազիլահայ մշակութային միությունը, «Բրազիլիա-Արմենիա» ընկերակցությունը, Հայ դատի հանձնախումբը, Մարաշի և Հաճնի հայրենակցական միությունները: 1994 թվականից Սան Պաուլոյում գործում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բրազիլական մասնաճյուղը: 1996 թվականին ստեղծվել է «Բրազիլիա-Հայաստան» առևտրաարդյունաբերական պալատը: Հայ օգնության միության հովանավորությամբ գործում է հայկական ծերանոցը. 3) Ուրուգվայի Հանրապետություն Ուրուգվայում ապրում է շուրջ 19.000 հայ, որոնք ունեն երկու հայկական կրթօջախ Մոնտեվիդեոյում` Նուբարյան-Ալեք Մանուկյան ամենօրյա վարժարանը` շուրջ 300 աշակերտով և Ներսիսյան վարժարանը` շուրջ 30 աշակերտով: Դպրոցում և վարժարանում գործում են ոչ լիարժեք հայկական ծրագրեր: Անընդհատ նվազում է աշակերտների թիվը` հիմնականում հայոց լեզվի ուսուցման ոչ բավարար մակարդակի պատճառով: Ուրուգվայի Հանրապետությունում գործում են սիրողական երգչախմբեր, թատերախմբեր, որոնք նույնպես մասնագիտական աջակցության խիստ կարիք ունեն. 4) Չիլիի Հանրապետություն Չիլիում ապրում է շուրջ 1.500 հայ, հիմնականում` Սանտյագոյում: Հայերի միակ հավաքատեղին Սանտյագոյի Հայ տունն է, որտեղ գործում է կիրակնօրյա դպրոց: Դպրոցն ունի ընդամենը տասնհինգ աշակերտ: Հայոց լեզուն դասավանդվում է ինքնուսույցով, որը, մեղմ ասած, բավարար որակ չի ապահովում և կարիք ունի վերափոխման: Դասավանդվում է նաև հայ կրոնի պատմություն: Չիլիում գործում է մեկ սիրողական դերասանական խումբ, որը Հայաստանի մշակութային կյանքի հետ, ըստ էության, ոչ մի առնչություն չունի: Ազգային կյանքը կազմակերպում է Հայ գաղութային վարչությունը, որին կից գործում է Տիկնանց միությունը. 5) Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն Վենեսուելայում ապրում է շուրջ 3.000 հայ, հիմնականում` Կարակասում: Վենեսուելայում, որպես հայկական կառույցներ, գործում են Գաղութային գործադիր վարչությունը, Հայկական կենտրոնը, Հոգևոր հովվության կենտրոնը և Կարակասի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Կարակասում, «Արարատ» հայկական ընկերակցության հովանու ներքո, գործում է 30 աշակերտով մեկ շաբաթօրյա վարժարան, այն էլ` սոսկ հայերեն տառաճանաչություն ապահովելու մակարդակով: Մշակութային կյանքը խիստ բարձիթողի վիճակում է:
|